«Ինչի՞ համար ճնշել մի մարդու, ով ինքն իրեն համարում է Ռուսաստանի մարդ». Երջանիկ Աբգարյան

«Անձնական հարցերը լուծելու կարիքը նրան ստիպեց փոխել ուղղվածությունը և հայտարարել, որ Հայաստանը մտադիր է մասնակից դառնալ ռուսական Մաքսային միությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց նախկին ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանը` խոսելով սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության մասին: Երջանիկ Աբգարյանն այս կտրուկ շրջադարձը բացատրում է այն հանգամանքով, որ գործող իշխանությունը խնդիր ուներ պահպանելու սեփական դիրքերը և կոծկելու նախկինում կատարած իր անօրինական գործողությունները:

«Բոլորին է հայտնի, Հայաստանում մի շարք քրեական հարցեր կան, որոնց վերաբերյալ հասարակության մեջ մնում են անփարատելի կասկածներ… Դրանց մեջ մտնում է նաև Մարտի մեկը և ոչ միայն…»,- նշեց նա:

Երջանիկ Աբգարյանը հիշեցրեց, որ վերջին շրջանում իշխանությունն անընդհատ հայտարարում էր, թե գնալու է ստորագրելու Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը, սակայն նշեց, որ անձամբ ինքը երբեք չի հավատացել դրան:

«Ես չեմ հավատում, այսպես ասած, ճնշումներին: Ինչի՞ համար ճնշել մի մարդու, ով ինքն իրեն համարում է Ռուսաստանի մարդ: Նա հաճույքով ընդունում է Ռուսաստանի հատուկ ծառայության մեդալը: Ինչի՞ ճնշել այդ մարդուն, երբ կարելի է ասել` գնա, այսպես արա: Այնպես որ, Սարգսյանը միանգամայն չի ստում, երբ ասում է, որ ոչ մի ճնշում չի եղել»,- նշեց Երջանիկ Աբգարյանը:

Նա գտնում է, թե դժվար է հավասարության նշան դնել Մաքսային միության (ՄՄ) և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի միջև մի քանի պատճառներով. մասնավորապես, ՄՄ-ում դեռևս չի ձևավորվել փաստաթղթային բազա, իսկ Ռուսաստանը և´ քաղաքական, և´ տնտեսական իմաստով ոչ բարենպաստ վիճակում է գտնվում:

«Եթե նկատի ունենանք, թե ինչ իրադրության մեջ է գտնվում Ռուսաստանը և քաղաքական, և´ տնտեսական առումներով, ապա մենք կարող ենք ասել` չափազանց կանխագուշակելի է, որ այդ Մաքսային միությունն իրականում չի ստեղծվելու: Դրա համար ես վստահ եմ, որ գործ ունենք բացարձակապես քաղաքական գործոնի հետ, այսինքն`արագորեն Հայաստանն ամբողջովին ենթակայեցնել Ռուսաստանին` բոլոր ուղղություններով: Մաքսային միությունը, կարծես, օգտագործվում է Ռուսաստանի կողմից Հայաստանին իր ենթակայության տակ դնելու համար` սկսած հեռուստատեսությունից, տնտեսությունից մինչև տարբեր ոլորտներ»,- ասաց նա:

Մեր խնդրանքով Ե. Աբգրայանն անդրադարձավ նաև երեկ Ստրասբուրգում` ԵԽԽՎ նստաշրջանին, Սերժ Սարգսյանի` Ասոցացման համաձայնագրի հեռանկարի վերաբերյալ տված բացատրություններին, մասնավորապես այն մտքին, որ իշխանություններն այժմ էլ պատրաստ են ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, սակայն առանց տնտեսական մասի` Եվրոպայի ազատ առևտրի գոտու համաձայնագրի վերաբերյալ: Երջանիկ Աբգարյանի կարծիքով` Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասի ընդունումը` առանց տնտեսական մասի, կունենա ոչ թե բովանդակային, այլ հռչակագրային ու ձևական բնույթ:

«Քաղաքական բարեփոխումները տվյալ համաձայնագրում երկրորդական բաղադրիչն են, իսկ գլխավորը, որը կանոններ է սահմանում` մաքսային քաղաքականության և այլնի վերաբերայլ, կենտրոնացված է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրում: Այսինքն` մենք ուզում ենք վերցնել գաղափարը, իսկ այն իրականը, գործնականը, թե ինչին է այդ համաձայնագիրը ծառայելու, չվերցնենք: Դա անհասկանալի… Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն իրեն գցում հատկապես Ասոցացման համաձայնագրի վրա…, որովհետև Սերժ Սարգսյանը, նրա նախորդ սիամական եղբայրը` Ռոբերտ Քոչարյանը, ոչ մի դեպքում օրենքներից չեն վախենում: Նրանք ուղղակի չեն կատարում օրենքները, ասում են` լավ էլ օրենք ա, բերեք ընդունենք, բայց չենք կատարելու, տղերք: Հիմա նույն պատկերն էլ էս դեպքում է»,- ասաց Երջանիկ Աբգարյանը՝ բացառելով, որ Վիլնյուսում Հայաստանի իշխանությունները կարող են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, քանի որ իշխանությունները «չորս տարի մատի վրա խաղացրել են եվրոպացիներին»:

Տեսանյութեր

Լրահոս