Հովհաննես Թամամյանը և Մարգար Օհանյանը կհամաներվեն
«Հայկական ժամանակը» գրում է. Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան Ազգային ժողով է ուղարկել Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկը։ Առաջարկի նախագիծը խիստ գաղտնի էր պահվում և ընդամենը մի քանի պատգամավորների ձեռքին է եղել, ովքեր իրենց կոլեգաներին թույլ են տվել միայն աչքի պոչով այն անցկացնել։ Սակայն «ՀԺ»-ի թղթակցին հաջողվել է հայթայթել այդ նախագիծը, որը «ՀԺ»-ն ամբողջությամբ հրապարակել է իր այսօրվա համարում,- գրում է թերթը և շարունակում.
Փաստաթուղթն այսօր քննարկվելու է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում, այնուհետև ԱԺ լիագումար նիստում, որից հետո նոր միայն կհրապարակվի պաշտոնապես։ Նշենք, որ դրա ընդունումից հետո այն անմիջապես մտնում է գործողության մեջ, որի արդյունքում շատ կարճ ժամկետում ազատ են արձակվելու քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը։ Վերջին տարիներին աղմկոտ գործերով անցնող որոշ անձանց վրա ևս այն կտարածվի։ Ազատ կարձակվեն մասնավորապես` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը և ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը։ Իսկ մյուս աղմկոտ գործերով` կախված պատճաչափից և մի քանի այլ հանգամանքներից, կարող են այլ անձինք ևս ազատ արձակվել կամ էլ կկրճատվի նրանց պատժի կրման ժամկետը։
Այս մասին ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։