Ջիլիզայի միջնակարգ դպրոցում խնդիրները շատ են.
Լոռու մարզի հեռավոր Ջիլիզա համայնքը բազմաթիվ խնդիրներ ունի: Վրաստանին սահմանակից այս գյուղում, սակայն, ամենակարևոր խնդիրների շարքին է դասվում պարտադիր ուսուցը, այն է՝ դպրոցի դասապրոցեսը, որը տարբերվում է պարտադիր կրթություն ստանալու նորմերից ու նորմատիվներից:
Լոռու մարզի հեռավոր Ջիլիզա համայնքի Մուրադ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում է ընդամենը 15 աշակերտ: Դպրոցում արդեն երկու տարի է, ինչ չեն դասավանդվում անգլերեն և ռուսերեն առարկաները: Անգլերենի ուսուցչուհին արձակուրդում է, իսկ ռուսերենինը՝ նոր է վերադարձել: Մի քանի առարկաներ էլ դասավանդում են համապատասխան կրթություն չունեցող ուսուցիչները: Տնօրեն Սաթենիկ Թունյանի փոխանցմամբ` չկան նաև ֆիզիկայի, քիմիայի ու աշխարհագարություն դասավանդող մասնագետ-ուսուցիչներ: Մարզպետարանում ևս տեղյակ են դպրոցի խնդիրներից, ասում են` բազմիցս են մրցույթ հայտարարել թափուր աշխատատեղերի համար, սակայն դիմողներ չեն եղել, պատճառը՝աշխարհագրական դիրքն է: Գյուղը հեռու է թե մարզկենտրոն Վանաձորից և թե շրջկենտրոն Ալավերդի քաղաքից: Բացի ուսուցիչներ չունենալու խնդրից, դպրոցն արդեն երկու տարի է` առաջին դասարանցիներ չի ընդունել: