Բաժիններ՝

Աբովյան քաղաքում բնակիչների խնդիրներն անտեսվում են

Էլարը Աբովյան քաղաքի նախկին անվանումն է: Այն երիտասարդ քաղաքի պատմական թաղամասն է: Այդ թաղամասն այսօր ունի խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում: Առ այսօր Էլար թաղամասում ջուրը ժամով է տրվում, և օրվա մեծ մասը մարդիկ ջուր չեն ունենում: Աղբահանությունը կատարվում է շաբաթը մեկ անգամ, այն էլ՝ բնակիչների տասնյակ զանգերից հետո միայն:

«Ամբողջ բլուրն աղտոտված է, խոլերայի բուն է: Շուն էր սատկել աղբանոցի մոտ, մի քանի անգամ քաղաքապետարան զանգելուց հետո՝ նոր մաքրեցին տարածքը: Սա էլ է թաղամաս, ինչպե՞ս կարելի է շաբաթական մեկ անգամ աղբահանություն կատարել»,- ասում են բնակիչները:

Հատկանշական է, որ ջրի խնդիրն առկա է ոչ միայն Էլար թաղամասում, այլև ամբողջ Աբովյանում: Քաղաքի ընդամենը մեկ կամ երկու թաղամաս ունի մշտական ջուր, և քաղաքապետարանն ամեն անգամ նշում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այդ մասին դեռևս 4 տարի առաջ խոսել էր նաև Աբովյանի քաղաքապետն իր սակավ հարցազրույցներից մեկում. «…Իրականացվում է կանաչապատում, վերանորոգվում են ոռոգման ցանցերը, կանաչ տարածությունները պահպանվում են: Շեշտը դրված է քաղաքի մաքրության, բարեկարգման վրա»:

Փաստորեն, այսքան տարիների ընթացքում Աբովյանում էական փոփոխություն տեղի չունեցավ, քանի որ առ այսօր ո՛չ ջրի խնդիրն է կարգավորվել, ո՛չ աղբահանության, ո՛չ էլ կանաչ տարածքների:

Կարդացեք նաև

«Ոռոգման ցանցերի վերանորոգումը մատի փաթաթան են սարքել ու չեն վերանորոգում ասֆալտը: Որպես վարորդ՝ կարող եմ ասել, որ սարսափելի վիճակում են Աբովյանի փողոցները: Նախկին քաղաքապետն ինչ հարամություններ էլ որ արել է՝ մեկ է, հետևում էր ասֆալտին, աղբահանությունը ժամանակին էր կատարվում, այսքան անիմաստ շինարարություններ տեղի չէին ունենում, ու հետո, ցանկացած քաղաքացուց հարցրեք, թե ներկայիս քաղաքապետին դեմքով ճանաչո՞ւմ են, թե՞ ոչ: Նախկին քաղաքապետը դուրս էր գալիս փողոց, շփվում էր քաղաքացիների հետ, լավ տեղյակ էր քաղաքի ու բնակիչների խնդիրներին: Իսկ հիմա քաղաքն անտերության է մատնված»,- ասում է բնակիչներից Արմեն Ներսիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս