Հերմինե Նաղդալյան. Շատ դեպքերում Մոցարտ ասելիս` կոնֆետ են հասկանում

Այսօր ԱԺ-ում «Հեռուսատատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2012թ. գործունեության մասին և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ. գործունեության վերաբերյալ» Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ Հերմինե Նաղդալյանը նշեց, թե «ուրախությամբ պետք է արձանագրել», որ որոշակի փոփոխություններ կատարվել և կատարվում են Հանրային հեռուստառադիոընկերության ծրագրային քաղաքականության մեջ: Մասնավորապես, նրա խոսքով, ավելացել են սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային, երիտասարդության համար հայրենասիրական դաստիարակչական ուղղվածություն ունեցող հաղորդումները, ինչպես նաև՝ հայրենական արտադրության և փաստավավերագրական ֆիլմերի հեռարձակման ծավալները:

«Այնուամենայնիվ, թե անցած տարիների քննարկումները և թե առօրյա կյանքում մեր տեսածները  առաջացնում են բազմաթիվ մտահոգություններ այն մասին, թե ներկայումս հեռուստաեթերով սփռվող հաղորդումներն ու ծրագրերը որքանո՞վ են ընդունելի հանրության լայն խավերի համար և արդյո՞ք լիարժեք բավարարում են նրանց պահանջմունքները: Այսօր չգիտես ինչո՞ւ` «Բայղուշ» ԹՎ անունով հասարակությանը հայտնի հեռարձակում կա: Ինչի՞ համար է սա: Ավտովթարներ, գողություններ… Ի՞նչ է փոխվում սրանից: Կամ ինչո՞ւ գռեհկության մասին եթերում այդքան շատ տեղ կա, բայց լուսավորչական-կրթական հաղորդումներին եթերի երկու տոկոսն է հասնում: Ի՞նչ քաղաքացի ենք ուզում ունենալ մեր երկրում, ի՞նչ արժեհամակարգ ենք ուզում սերմանել, արդյոք մեր ընտանքիները և՞ս պետք է գոռան իրար վրա, ինչպես սերիալներում, ի՞նչ բարքեր ենք մենք ներկայացնում: Շատ դեպքերում Մոցարտ ասելիս` կոնֆետ են հասկանում, որովհետև արժեհամակարգ չկա, ճաշակ չկա: Հիմա մենք պետք է հասկանանք, որ աղճատված ճաշակ կա: Մտահոգվո՞ւմ ենք իրավիճակը շտկելու ուղղությամբ, թե՞ պետք է թույլ տանք, որ մնացածի ճաշակն էլ փչանա»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Տեսանյութեր

Լրահոս