
Իրանում ձերբակալել են նախագահի ուղղությամբ կոշիկներ նետողներին (տեսանյութ)

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում սեպտեմերի 28-ին գրանցված միջադեպի գործով ձերբակալվել է երկու մարդ: Խոսքը գնում է ԱՄՆ-ից վերադարձած երկրի նախագահ Հասան Ռոուհանիի ուղղությամբ քարեր, ձվեր ու կոշիկներ նետելու մասին:
Ոստիկանության ներկայացուցիչ Սաիդ Մոտազեր օլ-Մեհդին հայտարարել է, որ կասկածյալներին ձերբակալելիս իրավապահ մարմիններն առաջին հերթին ուշադրություն են դարձրել նրան, թե ով կոշիկ չունի տվյալ պահին: Մհեդին ընդգծել է, որ ձերբակալությունը չի իրականացրել ոստիկանությունը, և որ դա արել է անվտանգության համար պատասխանատու մեկ այլ ծառայություն:
Ռոուհանիի դեմ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 70 երիտասարդ պահպանողական, որոնց նման արմատական արձագանքի պատճառը եղել է այն, որ Ռոուհանին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
15 րոպե տևած այդ հեռախոսազրույցը, որը որակվել է որպես «պատմական», եղել է Իրանի ու ԱՄՆ-ի նախագահների առաջին ուղիղ շփումը 1979 թվականից ի վեր, երբ Իրանում իրականացվեց իսլամական հեղափոխություն: