Բաժիններ՝

Քարեր նետելը հեշտ է, հավաքելն է դժվար…

Տխուր ու ցավալի բան կա քննադատության մեջ: Կրկնակի ցավալի է, երբ քննադատության թիրախը վաստակաշատ ու ճանաչված անուն է և սիրված կոմպոզիտոր… Սակայն առավել ցավալի է, երբ որևէ անձի հանդեպ ունեցած հարգանքը վերածվում է կույր պաշտամունքի, ինչը կարծես թե սովորություն է դառնում մեր հինգհազարամյա մշակույթով պատեհ-անպատեհ հպարտացող ժողովրդի մոտ:

Հավատացնում եմ, այս հոդվածը երբեք չէր գրվի, եթե ժողովրդի կողմից հարգված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը չանցներ մտավորականի ու արվեստագետի այն սահմանը, որից այն կողմ բացահայտ գռեհկություն է ու վիրավորանք… Ուրիշ ոչինչ:

Նախապես ասեմ, որ Կոմպոզիտորների միության անդամ չեմ եղել և չեմ, սակայն դա ինձ չի խանգարում իմ մտորումներով ու մտահոգություններով կիսվել` որպես ազատ ստեղծագործող կոմպոզիտոր, ով ոչ մի «շահ» չի հետապնդում…

Ես սա շեշտում եմ, որովհետև Ռոբերտ Ամիրխանյանը վերջերս հրապարակած իր որոշ հոդվածներում ու հարցազրույցներում բոլոր նրանց, ովքեր դեմ են արտահայտվում իրեն ու իր ղեկավարման ընթացքին, կա՛մ «մոլորյալներ» է անվանում, կա՛մ «հրոսակներ», կա՛մ «աթոռի համար կռիվ տվողներ», և այլն… Մի բան, որը պատիվ չի բերում մշակույթի զարգացմամբ իրապե՛ս մտահոգ միության նախագահին…

Կարդացեք նաև

Մի պահ թողնենք ՀԿԵՄ-ում տեղի ունեցած կանոնադրական լրջագույն խախտումներն ու ֆինանսական հաշվետվությունների բացակայությունը, որը միության բազմաթիվ անդամների մոտ բողոքի ցասում ու ալիք է բարձրացրել… Թողնենք մի կողմ այն ամենը, ինչ միության «ներքին խոհանոցին» է պատկանում, ու փորձենք պարզապես մտաբերել անցած քսաներկու տարիները, որի ընթացքում Ռոբերտ Ամիրխանյանը մեր հանրապետության կարևորագույն մշակութային օղակներից մեկի` ՀԿԵՄ ղեկավարն է եղել:
Խոսքը գնում է ամբողջ քսաներկու տարիների գործունեության մասին… Քսաներկու տարվա մեջ պետություններ են քանդվում ու կառուցվում…

Քսաներկու տարվա մեջ մարդկությունը նոր գաղափարախոսությունների է ծնունդ տալիս, քսաներկու տարվա մեջ ժողովուրդներն անկում կամ զարթոնք են ապրում, իսկ Ռոբերտ Ամիրխանյանն` ի պաշտպանություն իր գործունեության, հայտարարում է, որ նա այս տարիների ընթացքին չի թողել, որ անգամ մի ծառ պակասի Կոմպոզիտորների միությանը պատկանող Դիլիջանի հանգստյան տնից… Այսինքն` ի՞նչ… Ռոբերտ Ամիրխանյանը նշանակվել էր Կոմպոզիտորների միության ղեկավա՞ր, թե՞ կանաչ տարածքի պաշտպանության «պահակ» կամ «անտառապահ»… Եվ արդյո՞ք քսաներկու տարվա խոշորագույն ձեռքբերումը ծառերի պահպանումը պետք է լիներ, եթե անգամ դա անհրաժեշտ իրողություն համարենք…

Իսկ ո՞վ պիտի պահպաներ Հայ Երգարվեստը անցած ամբողջ քսաներկու տարիների ընթացքին, երբ մեր երգարվեստի սյուները փուլ էին գալիս ռաբիսի, արաբաթուրքական կամ ամերիկյան, հունական կամ մեքսիկական ազդեցություններից, և ցածրաճաշակ ռեստորանային երգերի ամենօրյա սիստեմատիկ հեռուստասփռմամբ անհարիր որակ ու ճաշակ էր պարտադրվում մեր ժողովրդին… Ո՞վ պիտի պահպաներ հայ կոմպոզիտորի կոչումը, երբ երիտասարդ, անգամ նոտա կարդալ չիմացող որոշ «աստղեր» բացահայտ գռեհկությամբ իրենք իրենց կոմպոզիտոր էին հորջորջում…

Արդյո՞ք այդ ամենի դեմ միայն մի քանի հեռուստաելույթով կամ համերգով էր պետք պայքարել… Թե՞ ՀԿԵՄ նախագահը` որպես տվյալ ոլորտի գեներալ, պետք է լայնածավալ ճակատ ստեղծեր` անդամագրելով պրոֆեսիոնալ կոմպոզիտորներին և երաժշտագետներին, որոնք կարող էին միության ղեկավարի առաջնորդությամբ իրական հոգևոր պատերազմ հայտարարել վերոնշյալ արհավիրքի դեմ: Չէ՞ որ բոլորս ենք քաջ գիտակցում, որ երգն ու երաժշտությունը որևէ քաղաքակիրթ երկրի ազգային անվտանգության հայեցակարգի բաղկացուցիչ մասն են կազմում:

Ո՞վ պիտի անցած երկու տասնամյակից ավելի տարիների ընթացքում ծանոթանար հայ կոմպոզիտորների լուրջ աշխատանքներին ու ստեղծագործություններին և զբաղվեր այդ գործերի տարածմամբ Հայաստանում և արտերկրում, ո՞վ պիտի ապահովեր միջազգային մրցույթներին մեր երիտասարդ կոմպոզիտորների մասնակցությունը, միջազգային թատերաբեմում հայկական երաժշտության պրոպագանդումը և շատուշատ այլ խնդիրներ, որի համար էլ, ըստ էության, գոյություն ունեն մշակութային բոլոր միությունները:

Ցավոք, քսաներկու տարիները, փաստորեն, բավարար չեղան, որ Հայաստանի Կոմպոզիտորների և Երաժշտագետների միությունը դառնար կոմպոզիտորների համար սիրելի, կարևոր ու գործնականորեն գրավիչ անկյուն, որը ո՛չ միայն այսքան լճացած ու անգործունակ մնալու իրավունք չուներ, այլ որն իսկապե՛ս կարող էր և պարտավոր էր մշակութային միությունների միջազգային ընդունված կառուցվածքը որդեգրելով` առաջընթաց ապահովել` գիտակցելով, որ ֆինանսների բացակայությունը կամ սակավությունը չի կարելի անընդհատ պատրվակ բերել ու դրանով արդարացնել քսաներկու տարիների անարդյունավետությունը, երբ ժամանակակից տեխնոլոգիաներին ու շփման ձևերին տիրապետող կազմակերպիչը կարող էր և պարտավոր էր թե՛ ֆինանսավորման խնդիրներ լուծել, և թե՛ ապահովել Միության ու իր անդամների արժանապատիվ ներկայությունը հայաստանյան և համաշխարհային երաժշտության ասպարեզում:

Հեշտ է քսաներկու տարիների գործունեությունը քննադատող մարդկանց վարկաբեկելով` արդարանալ… Սակայն սա նույնպես խոսում է կազմակերպչի մի տեսակի մասին, ով ճկունությունն ու խոհեմությունը չի ունեցել հաշտ մթնոլորտ ստեղծելու, առկա հարցերին խելացի լուծումներ տալու և, վերջապես, իր շուրջ համախմբելու նույն ասպարեզի այն մասնագետներին, ովքեր կարող են նաև համաձայն չլինել ղեկավարի յուրաքանչյուր մտքի ու արարքի հետ, մանավանդ, երբ ամոթալի արարքներ բազմիցս են տեղի ունեցել միության ներսում, ու Կոմպոզիտորների միությունում տարիների ընթացքում ձևավորված «վախի մթնոլորտը» շատերի համբերության բաժակը լցրել է…

Իսկ վախի ու անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծել, մանավանդ` երիտասարդ կոմպոզիտորների շրջանում, առավել քան հեշտ է եղել Ռոբերտ Ամիրխանյանի համար, ով ոչ միայն այս տարիների ընթացքին ՀԿԵՄ նախագահն էր, այլև շուրջ 25 տարի ղեկավարել է նաև Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի տեսական ամբիոնը, մի բան, որ կարող էր մի քանի կողմից աքցանի մեջ պահել ու ճնշել Կոմպոզիտորների միության անդամներից շատերին: Այդ ամոթալի արարքներից մեկն, օրինակ, որևէ հավասարակշռված մարդու հունից կարող է հանել:

Ականատեսներն ասում են, որ տարիներ առաջ վաստակաշատ ու հայտնի մտավորականը` ՀԿԵՄ նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ավելացնեմ, ա՛յն Ռոբերտ Ամիրխանյանը, ով «ՈՒր եք, տղաներ» հրաշալի երգի հեղինակն է հանդիսանում, Կոմպոզիտորների միության շենքի ներսում երիտասարդ կոմպոզիտորներից մեկին հարվածել է իր «հավատարիմ համախոհների» օգնությամբ` ինչ-որ հարցի շուրջ ծառացած անհամաձայնության պատճառով, ու, թեպետ այդ ամենը տեղի է ունենում շատերի աչքի առաջ, սակայն միության ներսում արդեն վաղուց առկա վախի մթնոլորտի պատճառով այդ թեման «թաղվում» է և եզրափակվում 2010-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում այդ նյութի շուրջ լույս տեսած ակնարկով միայն: Տարիներ անց, ավելի ստույգ` ընդամենն օրեր առաջ, լույս է տեսնում մի հոդված` գրված «երիտասարդ կոմպոզիտորների անունից», և որի վերնագիրը, կարծում եմ, բավարար է շատ ու շատ անտեղյակ ընթերցողների զարմացնելու համար` «Երիտասարդ Կոմպոզիտորները այլևս չեն վախենում»: Կարծում եմ` որևէ մեկնաբանություն անելն արդեն ավելորդ է:

Փաստորեն, տաղանդավոր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ետևում թաքնված է, մեղմ ասած, անտաղանդ ղեկավարն ու կազմակերպիչը, և թեպետ պարտադիր չէ, որ տաղանդավոր արվետագետը նույնքան տաղանդավոր ղեկավար, կազմակերպիչ կամ հասարակական գործիչ լինի, սակայն, կարծում եմ` պարտադիր է հանձն առած պաշտոնի նկատմամբ պատասխանատվության զգացում ունենալ, ու, ինչպես մեծանուն արվեստագետներն են ուժ գտնում ճիշտ ժամանակին բեմը լքելու, այսպես կոչված ղեկավարները նույնպես պետք է ուժ գտնեն իրենց տրամադրված աթոռից հեռանալու, մանավանդ, երբ աթոռին նստած մնալով` ոչ միայն օգուտ չեն տալիս, այլև վնաս են բերում եղած-չեղածին: Մինչդեռ Ռոբերտ Ամիրխանյանը պաշտոնապես հայտարարում է, թե` «սադրանքներին չեմ ենթարկվելու և չեմ հեռանալու»… Այս հայտարարությունը նույնպես ինձ չի զարմացնում, որովհետև մեր երկրում աթոռապաշտությունը, ցավոք, երբեմն այնպիսի՛ աստիճանի կարող է հասնել, որ մարդ ոչ միայն «ուրանա» ու կորցնի սեփական սխալները տեսնելու ունակությունը, այլև հավատա ու հավատացնի, որ միակն է ու անկրկնելին, և, որ «իրենից հետո` ջրհեղեղ…»:

Կարծում եմ, որ մեր մեծանուն կոմպոզիտորը կգնահատի պահի ու ժամանակի հրամայականը և ժողովրդի պատկառանքն ու սերը չի փոխի մի քանի տարի ևս պաշտոնի երկարաձգմամբ…

ԱՎԵՏԻՍ ԲԵՐԲԵՐՅԱՆ
Կոմպոզիտոր
Հ.Գ. Այո՛, «Կա քարեր նետելու և քարեր հավաքելու ժամանակը…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս