Ասաց ու գնաց անմահություն….Սոս Սարգսյանի վերջին չհրապարակված հարցազրույցը
«+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր, կինոլրագրող, Հայաստանի եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանն «Արմենպրես»-ին է տրամադրել ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, հայ անվանի դերասան Սոս Սարգսյանի հետ մեծ վարպետի կենդանության վերջին օրերին արված հարցազրույցը:
«Սոս Սարգսյանին ես միշտ անվանել եմ մեր ժամանակների Հովհաննես Թումանյան, և սա գերագնահատանք չէ: Ինձ համար հայի նրա տեսակը 21-րդ դարի մեր ժողովրդի էտալոնն է` պահված լեռներում: Հիվանդ ժամանակ ավելի մտերմացանք: Զանգում, կանչում էր, 10-15 րոպեի չափով զրուցում էինք, ասածները գրառում ու ձայնագրում էի, իսկ հաջորդ օրը կարդում նրա համար: Նույն կերպ վարվեց նաև մահվանից ընդամենը մեկ օր առաջ: Զանգեց, հևիհև շնչառությամբ ասաց. «Հավելվածի վերջին մասը կարդա»: Կարդացի: Ասաց` հետևյալ պարբերությունից առաջ այս միտքն ավելացրու: Ավելացրի ու կարդացի: Ասաց. «Լավ է, սա իմ վերջին խնդրանքն է քեզ»: Քար կտրեցի: Հուզմունքը խեղդեց կոկորդս: Հիմա ցնցված եմ, իմ «Սոս ջան»-ը (ես նրան այդպես էի դիմում) իր վերջին ասելիքը ասաց սթափ բանականությամբ, 84-ամյա բարձունքից` իրեն հատուկ իմաստնությամբ: Ասաց մեր վերջին մոհիկանը ու գնաց անմահություն…
Այդ խոսքն ամբողջապես կտպագրվի գրքույկում , իսկ հիմա հարցազրույցը ներկայացնում եմ կրճատում ներով:
– Գիտես, 1915 թվականը հայ ժողովրդի մեջ բուն դրած վախից նաև սկսվեց: Թուրքերը կարողացան մեր աչքի պեծը կոտրել: Սկզբում մեր մեջ վախ ներարկեցին, հետո սկսեցին սրի քաշել: Գերմանացի նշանավոր արևելագետ, հայկական հարցի գիտակ Յոհաննես Լեփսիուսն ասում է, որ եթե մի երեք Մուսա լեռ լիներ, գործն այլ ընթացք կունենար: Բայց որովհետև համատարած վախ էր մտել մեր ժողովրդի մեջ` մեծից փոքր ուժեղից թույլ վախվորած էին, էդ վախը ամբողջ ազգը կոլոլեց, վախը փաթաթվեց վզին, ու միլիոնավոր մարդիկ մոլորվեցին ու մորթվեցին: Հարցնում ես` ի՞նչը կցանկանայի, որ չկրկնվեր: Ես կուզեմ, որ հայ ազգը այլևս այդ վախի զգացողությունը չունենա: Երբ ինձ հարցնում են մեր հոգսը, գործը, էսօր որն է, ասում եմ` արիություն ու խիզախություն սերմանելը, հերոսություն ու համարձակություն ներարկելը: Պետք չէ մտածել, որ թուրքերը մեզանից շատ են: Մենք, երբեք, չպիտի վախենանք, և պիտի իրենց նման նախահարձակ լինենք, ամեն տեղ, ամեն րոպե: Սա է պաշտպանության լավագույն ձևը:
– Մեծ Եղեռնի սգո 100-ամյակին ընդառաջ մենք պետք է Արարատի նշանաբանով գնանք: Ի՞նչ ասել է դա… Այնտեղ որտեղ հնարավոր է Սուրբ Լեռան քանդակը պիտի տեղադրել: Ամենուր Արարատի նկարները կախել. փողոցների պատշգամբից, դրոշների վրա Արարատ լեռան պատկերը պիտի ծածանվի, որովհետև աշխարհին մենք ոչինչ չունենք ասելու, եթե Արարատի նկարն իմ դոշին կպցրած է, իմ տան դրոշին ծածանվում է, դրանով, առանց բարձրաձայնելու, լռելայն ես աշխարհին ասում եմ՝ էս իմ երկիրն է, էս իմ հողն է… Ես կոչ եմ անում հայ ազգին, սփյուրքից սկսած՝ ամեն տեղ, ամեն քայլափոխի առաջնորդվել Սուրբ Լեռան նշանաբանով: Արարատը նաև մեր պահանջատիրության խորհրդանիշն է: Նույնիսկ Եղեռնի 100-ամյակի նախաշեմին այնքան ենք մենք անհամարձակ, որ զլանում ենք մի հարց տալ՝ Էս Սևրի դաշնագիրն ու՞ր է… Չէ որ որևէ մեկը չեղյալ չի համարել, ինչո՞ւ այս հարցերը չենք պարզաբանում, ինչո՞ւ համարձակ չենք բարձրաձայնում…
Թուրքերը մեկուկես միլիոն հայ չէ որ կոտորել են: Հինգ հարյուր տարի շարունակ նրանք ձեռի հետ հա կոտորել են էլի, իսկ ինչ եղավ այդ 1.5 միլիոն ժողովրդի ինչքը, նրա տունը, նրա ունեցվածքը, նրա հարստությունը, նրա մատներից ու ականջներից ճպռպորած ոսկեղենը, մեջքերին կապած արծաթե գոտիները, մանրամասն պիտի հաշվարկել, բոլորը պիտի իմի բերել և ասել՝ բացի հողերից, որը դուք պարտավոր եք տալ, մեզ պիտի վերադարձնեք նաև թալանած հարստությունը: Եթե 100 տարի լռել ենք, ապա սովետը չի թողել խոսենք, հիմա հատուցման պահ է:
Հատուցում բառը պետք է անդադրում կրկնենք: Վանքերում ու մարագներում հրկիզվածներին, Տեր Զորի անապատներում սրախողխող արվածներին մենք վերադարձնել չենք կարող: Ես իմ աչքի տեսածն եմ ասում: Անապատներում մինչև հիմա հայ մարդկանց անթաղ ոսկորներ կան: Դա ի՞նչ է նշանակում, որ նրանց հոգիները երկրից դեռ երկինք չեն հեռացել: Դրանք պտտվում են թուրքերի գլխին էլ մեր գլխին էլ… թուրքերին անիծում են… Իսկ մեզ հուշում, որ մեզ տեր կանգնեք… Անթաղ կմաղքի հոգին ոչ մի տեղ չի հեռանում: Եվ երբեք չի հանգստանա մինչև չլինի հատուցում… Ասել է Սասնա Ծուռ Դավիթը եկել է և Կոզբադինին ասում է, հլա մի կոտդ բեր, էս մեզանից ինչքան հարստություն ես խլել: Հտուցում և նորից հատուցում:
Հրեաները 2000 տարի իրար հանդիպելիս ասում էին՝ հաջորդ տարի Երուսաղեմում հանդիպենք: Երկու հազարամյակ հեո, մենք տեսանք, թե նրանք ուր հասան… Հիմա ամեն մի հայ բաժանվելիս, պիտի հաջողություն մաղթի և ասի՝ եկող տարի Վանում հանդիպենք: Ասել է պետք, դա կարող է լինել 50 տարի, 100 տարի հետո: Պիտի անընդհատ ասենք, ինչպես հրեաները, որպեսզի լինի:
Վանում հանդիպման ու հատուցման գաղափարը մեր մշտական ուղեկիցը պիտի լինի:
Այո՛, վատ է, որ մենք փոքրաթիվ ազգ ենք, իսկ փոքրաթիվ ազգերից ավելի շատ կազմակերպվածություն է պահանջվում: Ավելի շատ տղամարդկություն է պահանջվում, քան ասենք իտալացիներից ու իսպանացիներից: Նրանց դա պետք չէ: Մեր փրկությունը բռունցքվելու և անվախության մեջ է:
Երկրորդ: Պետություն ենք, սակայն դեռ ապրում ենք թայֆաներով, մտածում ենք թայֆայավարի` առաջնայինը անձնական շահը համարելով: Սա է մեզանից շատերի հոգեբանությունն ու փիլիսոփայությունը: Ինձ համար հարցերի հարցը պետականությունն է: Իշխանությունները գալիս ու գնում են: Հետո մեզ բնորոշ մի վատ հատկանիշ, փաստ: Չնայած ղեկավարի մի տեղ ունենք, բոլորս ուզում ենք ղեկավար դառնալ: Էդպես երկիր չենք դառնա: Խստապահանջ լինելը այլ խնդիր է, որ ասենք դու ես այս երկրի տերը, հերիք եղավ, բոլ եղավ…:
– Մեր ամենամեծ թշնամին այսօր չիմացությունն է: Աշխարհը էնպիսի մի թափով է առաջ գնում, որ մենք իրավունք չունենք ամենատարրական բաները չիմանանք: Մեր թշնամին տգիտությունն է: Տգիտությունն ահավոր մի բան է, համայն մարդկության չարիքների պատճառը: Եթե մենք տգետ լինենք, մեզանից դուրս եկած ղեկավարն էլ կարող է տգետ լինել: Տգետ մարդը անհաղթահարելի է: Եթե տգետին պաշտոն ես տալիս, դա սոսկալի մի երևույթ է:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: