Ռուբեն Թովմասյան. «Սերժ Սարգսյանը սրանով հավերժ կմնա մեր պատմության մեջ, այնպես, ինչպես Իսրայել Օրին, Խաչատուր Աբովյանը…»

Հարցազրույց Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հետ

– Պարոն Թովմասյան, Կոմկուսն ակտիվորեն քարոզում էր Մաքսային միությանն անդամագրվելու գաղափարը նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրմանն էր պատրաստվում: ՀԿԿ-ն  բավարարվա՞ծ է նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությամբ:

– Այո, մեր կուսակցությունը միակն է, ով մշտապես հանդես է եկել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության օգտին. մեր կարգախոսն է՝ «Հայ ժողովուրդը պետք է հավերժ լինի Ռուսաստանի հետ», ինչն ամրագրվեց նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ստորագրված փաստաթղթով: Մենք գտնում ենք, որ դա պատմական և տաղանդավոր փաստաթուղթ է: Սերժ Սարգսյանը սրանով հավերժ կմնա մեր պատմության մեջ, այնպես, ինչպես մնացել են Իսրայել Օրին, Խաչատուր Աբովյանը և մյուս այն հայ մեծերը, ովքեր իրենց ավանդն են ներդրել հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդման գործում: Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը գովերգել են հայ բոլոր մեծ բանաստեղծներն ու մտավորականները: Մասնավորապես, Հովհաննես Թումանյանը ժամանակին գրել է. «Ու ամպերում բարձր ուսից Մասիսի,Սլանում է մեծ արծիվը Հյուսիսի, Շիտակ դեպի բարձունքները Հայկական, իր հետևից հայի բախտն ու ապագան»: Այնպես որ, մեր ժողովրդի ընտրությունը նոր չի կայացվել, և մենք պետք է հետևողական լինենք մեր պապերի ընտրության հարցում:

– Հայաստանի իշխանությունները գրեթե չորս տարի բանակցում էին ԵՄ պաշտոնյաների հետ՝ Ասոցացման պայմանագրի շուրջ, ինչո՞ւ այն ժամանակ չէիք խոսում, որ իշխանությունները սխալ ուղղությամբ են գնում:

Կարդացեք նաև

– Երբ մեզ հարցնում են, թե՝ մի՞թե այդ չորս տարիներն իզուր անցան, ես էլ ուզում եմ ասել, իսկ ի՞նչ եղան հայ-ռուսական բարեկամության չորս հարյուր տարիները: Այնպես չի, որ մենք չենք գնահատում եվրոպական արժեքները, մի՞թե մենք չենք լսում Վերդի. Բախ կամ Բեթհովեն, մի՞թե Խորհրդային Հայաստանում չէին գնահատվում եվրոպական մշակույթի ձեռքբերումները, բայց մյուս կողմից՝ մենք չենք ուզում կրկնօրինակել այն հիվանդագին երևույթները, որ մեզ պարտադրում են եվրոպացիները`արվամոլության և մյուս այլանդակությունների տեսքով:

– Դուք «Հավերժ Ռուսաստանի հետ» գաղափարի կողմնակից եք, բայց Ռուսաստանում հիմա կապիտալի իշխանության կրողներն են, ովքեր անխնա շահագործում են աշխատավոր ժողովրդին, այդ թվում՝ Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցներին: Ինչո՞ւ Հայաստանի Կոմկուսը չի քարոզում դաշնակցային հարաբերություններ, ասենք՝ կոմունիստական Չինաստանի հետ, շարունակելով շեշտը դնել Ռուսաստանի հետ բարեկամության վրա:

– Մենք բարձր ենք գնահատում կոմունիստական Չինաստանի դերը համաշխարհային կոմունիստական շարժման մեջ: Չինաստանը ցույց է տալիս, թե ինչ բան է սոցիալիստական կառուցվածքը, և ինչպես կարելի է սոցիալիզմը ծառայեցնել ժողովրդին: Իսկ անկախ նրանից՝ Ռուսաստանը կապիտալիստակա՞ն է, թե՞ իմպերիալիստական, միևնույն է, մենք պետք է հավերժ Ռուսաստանի հետ լինենք: Թե ով է ղեկավարում Ռուսաստանում՝ մեզ համար ոչ մի նշանակություն չունի, մենք մեր դաշինքը կնքել ենք Ռուսաստանի և ոչ թե այդ երկրի ղեկավարության հետ: Այնպես որ, իզուր թող հակառուսական հիստերիաներ չբարձրացնեն, հայ ժողովրդի կարծիքը չեն կարող փոխել: Ուզում են՝ թող հանրաքվե էլ անեն և տեսնեն, որ հայ ժողովրդի 90 տոկոսից ավելին Ռուսաստանի հետ լինելու տարբերակի կողմնակիցն է:

– Մաքսային և Եվրասիական միության հակառակորդները պնդում են, որ այդ միություններին անդամակցելով՝ վտանգվում է Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը: Արդյո՞ք Հայաստանի կոմունիստների համար  պետության ինքնիշխանությունը և անկախությունը  որևէ արժեք են ներկայացնում, և դրանց կորուստը չի՞ մտահոգում Ձեզ:

– Նախ՝ բոլորը գիտեն իմ վերաբերմունքն անկախության մասին. ես բազմիցս եմ ասել, որ սովետական ոչ մի ժողովրդի ձեռնտու չէր ԽՍՀՄ-ի լուծարումը: Շատերն ասում են, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է, ես ասում եմ՝ ոչ, ԽՍՀՄ-ը լուծարվել է որոշ մարդկանց դավաճանական գործունեության արդյունքում` Գորբաչով, Ելցին, Շուշկևիչ, Շևարդնաձե: Դեռևս 1918թ. Ստեփան Շահումյանը գրել է, որ Կովկասը՝ կտրվելով Ռուսաստանից, կդանդաղի իր տնտեսական և կուլտուրական զարգացման մեջ, որի արդյունքում կստեղծվի մի այնպիսի դժոխք, որ դժվար է անգամ երևակայել: Այնպես որ, Կոմունիստական կուսակցությունը եղել է և կմնա Եվրասիական միության կողմնակիցն ու ջատագովը և ամեն ինչ կանի դրա կայացման համար:

– Հայաստանում ականատեսն ենք դասակարգային ամենաանողոք շահագործմանը, երբ աշխատավոր ժողովրդի հարստահարումն ու կեղեքումը հասել է անտանելի չափերի, բայց Կոմկուսը ոչ մի իրական գործունեություն չի ձեռնարկում աշխատավորների շահերը պաշտպանելու ուղությամբ: Ինչպե՞ս կբացատրեք Ձեր ղեկավարած կուսակցության պասիվ պահվածքը:

– Մենք միշտ էլ պաշտպանել ենք աշխատավորների շահերը: Նախընտրական շրջանում բոլորն օգտագործում են մեր կարգախոսները, մեր լոզունգները`պայքար կաշառակերության դեմ, հանուն արդարության, և նման բաներ: Բայց երկրի տնտեսական վիճակը թույլ չի տալիս, որ այդ հարցերը դրվեն բարձր հարթության վրա: Իսկ Կոմունիստական կուսակցությունը երբեք պասիվ չի եղել, մեր միայն մայիսմեկյան շքերթները խոսուն են ինքնին: Ես բազմիցս դիմել եմ երկրի ղեկավարությանը՝ նոյեմբերի 29-ը որպես Երկրորդ Հանրապետության օր նշելու համար: Դիմել եմ պատգամավորներին, դիմել եմ ԱԺ նախագահին, բայց քար լռություն է տիրում: Բայց շնորհակալ եմ նախագահ Սերժ Սարգսյանից, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի օրը, նա իր իր ելույթում հստակ ընդգծեց Սովետական Հայաստանի ավանդը: Չի կարելի արևն ափով փակել և չտեսնել այն, ինչ կատարվել է Սովետական Հայաստանում, և Սերժ Սարգսյանը հստակ ցույց տվեց, որ դա չի մոռացվելու:

– Դուք անընդհատ խոսում եք անցյալից, բայց չի երևում այն հստակ պայքարը, որ Կոմկուսը կիրականացներ հանուն աշխատավորների իրավունքների պաշտպանության, հանուն արդար վարձատրության, հանգստի իրավունքի և առողջապահական սպասարկման ապահովման:

– Ցավում եմ, որ այսօր պայքար ասելով՝ հասկանում են հանրահավաքային պայքարն Ազատության հրապարակում. Տեսանք, թե ինչի հասցրեցին երկիրն այդ հստակ պայքար տանողները: Երդվեցին, կնքվեցին, չգիտեմ, թե էլ ինչ արեցին և ոչինչ էլ չարեցին: Այս ամենը գալիս է ասելու, որ ամենակարևորը ժամանակի խնդիրն է. ժամանակն է գլխավոր դատավորը, ժամանակն է որոշելու ամեն ինչ: Անունը դրել են՝ շուկայական հարաբերություններ, և ինչ ուզում, այնպես էլ անում են. ուզում եմ՝ այս գնով եմ ծախում, ուզում եմ՝ այսքան եմ վճարում, չես ուզում՝ կարող ես թողնել-գնալ, ուրիշին կընդունեմ աշխատանքի:

– Դուք ասում եք՝ երկրի վիճակը թույլ չի տալիս սոցիալական հարցեր բարձրացնել, բայց երկրի այս վիճակում օլիգարխներն անընդհատ հարստանում են, իսկ աշխատավորներն ավելի են աղքատանում, սակայն Կոմկուսը որևէ իրական քայլ չի ձեռնարկում աղքատների, աշխատավորների շահերը պաշտպանելու ուղղությամբ:

– Համաձայն եմ, որ հարուստներն անընդհատ հարստանում են: Բազմիցս ենք հայտարարություններ արել, բարձրաձայնել, որ աղքատության մակարդակը հասել է շատ բարձր մակարդակի, թոշակները չեն բավարարում նվազագույն սոցիալական կարիքները հոգալու համար, բայց մեր հայտարարությունները մնում են ձայն բարբառո հանապատի:

– Եթե խոսքը չի օգնում, գուցե գործի՞ անցնեք: Կոմկուսը հեղափոխական կուսակցություն է, ինչո՞ւ Հայաստանում սոցիալիստական հեղափոխություն չանել, չվերականգնել Հայաստանի Սոցիալիստական Հանրապետությունը, ամբողջ իշխանությունը չտալ սովետներին:

– Հիանալի գաղափար է, մենք իսկապես հեղափոխական տրադիցիաներ ունեցող կուսակցություն ենք: Բայց ես հիշում եմ, երբ Կամոն մի կոմունիստի անտառներով բերում էր Թբիլիսի և ճանապարհին Կամոն մի փաստաթուղթ ստորագրեց և տակը գրեց՝ Կամո, ու սկսեց ծիծաղել: Կոմունիստը, որի ազգանունը կարծեմ Սմիռնով էր, հարցրեց, թե՝ ինչո՞ւ ես ծիծաղում, Կամոն էլ ասաց, որ կարող են իմանալ, որ այստեղով անցել է ցարական ախրանկայի կողմից հետախուզվող Կամոն: Գիտե՞ք, թե ինչ ասաց ռուս բոլշևիկը. «Կամո, հեղափոխությունը մանկական խաղ չի»: Ես էլ եմ ասում՝ հեղափոխությունը մանկական խաղ չի, և այն էլ՝ մեր երկրում, որտեղ «Մարտի 1» և «Հոկտեմբերի 27» է եղել: Երիտասարդությունն ապատիայի մեջ է, արտագաղթի չափերը մեծանում են: Ես մի առիթով ասել եմ, որ մեր երկրի ամենամեծ խնդիրն արտագաղթն է: Այնպես որ, այս պայմաններում խոսել հեղափոխության մասին, իմ կարծիքով, դեռևս վաղ է:

Տեսանյութեր

Լրահոս