Մոսկվայում հրճվում են, որ Հայաստանը չի նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպվել էր Երևան-Մոսկվա տեսակամուրջ` «Եվրասիական նախագիծ` Հայաստանի համար. տնտեսական առավելություններն ու հանրային երկխոսությունը» թեմայով:

Անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության տնտեսական կողմին, Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը կարծիք հայտնեց, թե Մաքսային միություն մտնելու դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 4-4,5 տոկոսով՝ մի քանի գործոնների հաշվին: Ըստ նրա, Ռուսաստանը կհրաժարվի Հայաստան ներմուծվող գազի արտահանման տուրքերից, ինչից Հայաստանը շուրջ 140 մլն ԱՄՆ դոլլար տնտեսական օգուտ կստանա: Հետո նա խոսեց Հայաստանից թանկարժեք քարերի և հումքի արտահանումից ակնկալվող շահույթների մասին, ինչպես նաև նշեց, թե Ռուսաստանում ապրող հայ ներգաղթյալների` Հայաստան ուղարկվող գումարները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 15 տոկոսը տոկոսը: Անդրադարձ կատարվեց նաև Հյուսիս-Հարավ ճանապարհին, ինչպես նաև Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան փակված երկաթուղուն: Հեռուստակամուրջի մասնակիցները նշեցին, թե դրա բացվելու դեպքում գործնականում կլուծվի Հայաստանի և Մաքսային միության անդամ երկրների միջև ընդհանուր սահման չլինելու հարցը, սակայն այդպես էլ չնշեցին, թե, ի վերջո, երբ է բացվելու աբխազական երկաթուղին:

«Ռուսաստանը շահագրգրված է Հայաստանի միջոցով դեպի Մերձավոր Արևելք և Հարավային Ասիա միջանցիկ ճանապարհ ունենալու մեջ»,- նշեց Վինոկուրովը:

Սակայն ավելի ուշագրավ էր այն, թե ինչպես էին ռուսաստանցի տնտեսագետներն ու քաղաքագետները գնահատում հարցի հասարակական և քաղաքական կողմը, թեև, օրինակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին ընգծեց, որ խոսքը գնում է Եվրասիական տնտեսական միության մասին, և «ոչ մի քաղաքականություն չկա»:

Մասնավորապես, նույն Եվգենի Վինոկուրովն իր ելույթում մատնանշեց Զարգացման եվրասիական բանկի անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնց համաձայն` շուրջ 1200 հարցվածների 67 տոկոսը կողմ է արտահայտվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, և միայն 5 տոկոսն է դեմ եղել այդ հեռանկարին: «Սա շատ շատ լուրջ աջակցություն է` լուրջ քաղաքական որոշումներ կայացնելու համար»,- նշեց Վինոկուրովը:

Այս հարցման հավաստիությունն ավելի ուշ վիճարկեց հայ լրագրողներից մեկը` «Հ-2» հեռուստաընկերությունից: Նա կարծիք հայտնեց, որ եթե այդ հարցումը համապատասխանում է իրականությանը, ապա դա չի նշանակում, թե այդ 67 տոկոսն իրականում ցանկանում են, որպեսզի Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ: «Դրանք այն մարդիկ են, որոնց կեսը մտածում է, թե Մաքսային միություն մտնելու դեպքում կէժանանա ամեն ինչ, բայց մյուսները հասկանում են, որ այդպես չի լինելու` թանկանալու է ամեն ինչ…Երկրորդը` այդ 67 տոկոսի մեծամասնությունը մտածում է, թե Մաքսային միության անդամակցությունը կլուծի ղարաբաղյան հարցը: Հիմա ես անցնում եմ իմ հարցին` ի վերջո, որտե՞ղ են լինելու մաքսակետերը, Հայաստանի ու ԼՂՀ-ի՞, թե՞ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Եթե դուք մաքսակետեր դնեք Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, այդ դեպքում Հայաստանը չի մտնի ՄՄ, որովհետև դրանով դուք Ղարաբաղը պաշտոնապես կճանաչեք Ադրբեջանի մաս: Եթե դուք մաքսակետերը դնեք Ղարաբաղի և Ադրբեջանի հետ սահմանին, դա մեծ խնդիր կառաջացնի. պարզ է, որ Ղազախստանը թույլ չի տա նման բան, Ռուսաստանը` նույնպես, որովհետև, ինչպես տեսնում ենք, վերջին շրջանում դուք շատ սերտորեն համագործակցում եք Ադրբեջանի հետ»,- ասաց հայ լրագրողը:

Հարցադրմանը պատասխանեց ԵվրաԱզԷՍ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը, ով նշեց, թե Ռուսաստանը չի տեղադրելու մաքսակետեր: «Եթե գտնում եք, որ Մաքսային միության սահմանը պետք է անցնի Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, ապա դա, բնականաբար, հայկական կողմի պայմանն է, և Ռուսաստանը պետք է այդ պայմանների վրա խաղա Հայաստանի հետ: Այդ պատճառով` պետք չէ Մաքսային միությունը և Ռուսաստանն ընդունել որպես սուբյեկտներ, որոնք քաղաքական պայմաններ են պարտադրում Հայաստանին»,- ասաց Լեպեխինը:

Իսկ երևանյան կողմից` տնտեսագետ Աշոտ Թավադյանը, ում վերջերս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անվանել էր «նախկին տնտեսագետ», շատ ոգևորված լինելով հետխորհրդային տարածքում նոր միավորման ստեղծման հեռանկարով և հավանաբար խորհրդային կարոտախտից դրդված` կատարեց մի շարք տնտեսագիտական դատողություններ և դրա հետ մեկտեղ սկսեց իր ռուս գործընկերներին դիմել «ընկերներ» (товарищи) կոչումով:

Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Սմիրնովն էլ առաջին հերթին հարկ համարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման մասին» մոսկովյան հայտարարությունն «ականավոր» անվանել: Հետո խոսեց այն մասին, թե ինչպես են ընդունում հայկական լրատվամիջոցները Մաքսային միություն մտնելու Հայաստանի հեռանկարը: «Երբ մենք միջոցառումներ էինք անցկացնում Հայաստանում, մենք հստակ զգում էինք, որ Հայաստանի բուն հասարակությունը ձգտում ունի դեպի Եվրասիական ինտեգրացիա, և երբ երեկ հայտնի դարձան Եվրասիական զարգացման բանկի հարցման արդյունքները, հպարտություն զգացինք, որ մեր ներքին զգացումներն ամբողջովին համընկան այն թվերի հետ, որոնք հրապարակվեցին. երկրի բնակչության 67 տոկոսը աջակցում է եվրասիական նախաձեռնությանը…և ընդամենը 5 տոկոսն է վատ վերաբերվում ՄՄ մտնելու որոշմանը: Սակայն միաժամանակ մատների վրա կարելի է հաշվել Հայաստանի քաղաքացիական հասարակությունում գործող այն հասարակական կազմակերպություններին, որոնք կողմ են եվրասիական ինտեգրացիային, իսկ ահա ոչ կառավարական արևմտյան կազմակերպությունները, որոնք ծառայում են այդ 5 տոկոսի շահերին, նրանց թիվը կազմում է շուրջ 350»,- նշեց Սմիրնովը` այդպես էլ չպարզաբանելով, թե ո՞ր փաստերի հիման վրա է «ապացուցվում», որ ոչ կառավարական կազմակերպությունները կամ լրատվամիջոցները ծառայում են հասարակության միայն 5 տոկոսին:

Նույն Սմիրնովն իրեն իրավունք վերապահեց հայտարարելու, թե Հայաստանը չի մասնակցելու Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արևելան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովին, որտեղ, ինչպես հայտնի է, Եվրամիությունը նախատեսում էր Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի հետ նախաստորագրել, իսկ Ուկրաինայի հետ՝ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

«Բոլորդ գիտեք, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալու է  Արևելյան գործընկերության գագաթաժողովը, բայց այն, որ Հայաստանը չի մասնակցելու այդ գագաթաժողովին, դրանից գագաթաժողովը չեղյալ չի համարվի»,- իր հրճվանքը չթաքցնելով` նշեց Անդրեյ Սմիրնովը: Առավել հետաքրքրական էր նրա կարծիքը Հայաստանի նկատմամբ ճնշման վերաբերյալ հայտնի տեսակետի մասին: «Ասում են` իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց մտնել Մաքսային միություն: Բանն այն է, որ ոչ թե Ռուսաստանն է այս ընթացքում ճնշում գործադրել Հայաստանի վրա, այլ Եվրոպական միությունը»,- ասաց Սմիրնովը:

Տեսանյութեր

Լրահոս