
Քենիայում հայտարարվել է եռօրյա ազգային սուգ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քենիայում հայտարարվել է եռօրյա ազգային սուգ՝ կապված մայրաքաղաք Նայրոբիի Westgate առևտրի կենտրոնի վրա իրականացված հարձակման հետևանքով 67 մարդու սպանվելու հետ: Վիրավորների քանակը կազմել է մոտ 175 մարդ: Համալիրի պաշարումը տևել է 4 օր:
Նախօրեին Քենիայի նախագահ Ուխուրու Կենիատան հեռուստաուղերձի ժամանակ հայտնել է, որ հարձակում գործած բոլոր անձինք վնասազերծվել են: Նրանցից 5-ը սպանվել են, ևս 11 իսլամական կալանավորվել է: Նախագահը հաստատել է, որ զոհվածներից 61-ը քաղաքացիական անձինք են, և որ 6 զինծառայող էլ զոհվել է համալիրի գրոհի ժամանակ:
Սակայն հարձակման պատասխանատվությունը ստանձնած «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալներն այսօր հայտարարել են, որ Քենիայի մայրաքաղաքի առևտրի կենտրոնում սպանել են 137 պատանդի: Այս տեղեկատվությունը հրապարակվել է խմբավորման Twitter-յան էջին: Կարմիր խաչի տվյալներով՝ անհետ կորածների քանակը կազմել է 63 մարդ: