Արկադի Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչում
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել Արկադի Վարդանյանի գործով առաջին դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատավական համակարգից, գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի: «Արսեն Ավետյանին և Արկադի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծրագրել են ապօրինաբար կյանքից զրկել Ռոբերտ Ավետյանին:
Վարուժան Սաֆտալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա իրացնելու նպատակով զգալի չափով հոգեմետ նյութ է ձեռք բերել և տրամադրել Արսեն Ավետյանին, բացի այդ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր հանցագործության մասին չի հայտնել»,- ասված է մեղադրական եզրակացության մեջ: Նախկինում չդատված Արսեն Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով: Արկադի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Վարուժան Սաֆտալյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Գործով նախագահող դատավորը Արշակ Վարդանյանն է, մեղադրանքը դատարանում պաշտպանում է դատախազ Արամ Ամիրզադյանը:
«Առաջին լրատվականի» փոխանցմամբ` Արկադի Վարդանյանն իրեն մեղավոր չճանաչեց:
Նրա շահերի պաշտպան Գայանե Գալոյանը նշել է, որ իր պաշտպանյալի գործողությունները որևէ իրավական հետևանք չեն առաջացրել: Նա Ռոբերտ Ավետյանի սպանությանն օժանդակելու մտադրություն չի ունեցել:
Գայանե Գալոյանը նշել է նաև, որ նախաքննական մարմինը որպես սպանության շարժառիթ է ընդունել այն, որ Արսեն Ավետյանի հայրը, իբր, ցանկացել է վաճառել իր առանձնատունը և մեկնել արտերկիր՝ ժառանգությունից զրկելով իր որդուն՝ Արսենին ու թոռին, մինչդեռ Ռոբերտ Ավետյանն առանձնատան միակ սեփականատերը չէր, կար նաև համասեփականատեր՝ Ժաննա Ավետյանը, այնպես որ՝ Ռոբերտ Ավետյանին սպանելով՝ Արսեն Ավետյանը տան սեփականատեր չէր դառնում և այդ ճանապարհով շահադիտական նպատակների չէր հասնում:
Արկադի Վարդանյանն ասել է, թե ծանրագույն պատիժ նախատեսող ծանրագույն հանցագործության համար մեղադրելուց առաջ պետք է խորությամբ քննություն կատարվեր, սակայն նախաքննական մարմինը գործը քննել է մակերեսորեն, ընդամենը մի գաղտնալսման հիման վրա, այն էլ կիսատ են ձայնագրել կամ դիտավորյալ խոսակցության ավարտի ձայնագրությունը գործին չեն կցել, որով կապացուցվեր, որ սպանության նախապատրաստում չի կատարվել:
Արսեն Ավետյանի հայրը՝ տուժող ճանաչված Ռոբերտ Ավետյանը նիստի սկզբում հայտարարել է. «Գործը վարվում է ոչ այն ձևով, որ պետք է լինի: Ես նամակով դիմել եմ, որ տեղ հասնի քննիչին…»:
Տուժողը այս գործով ցուցմունք կտա առաջիկա նիստում, բայց նրա դիրքորոշումն այն էր, որ որդուն մեղավոր չի համարում, նրան առաջադրված մեղադրանքները հիմնավոր չի համարում:
Դատարանը որոշել է հարցաքննել գործով դատակոչված վկաներին, տուժողին, հետազոտել գործում առկա փաստաթղթերն ու փորձագիտական եզրակացությունները, ապա հարցաքննել ամբաստանյալներ Սաֆտալյանին, Ավետյանին, Վարդանյանին:
Այսօր հարցաքննվեցին երեք վկաներ: Դատաքիմիական փորձագետ Անահիտ Այվազյանը եզրակացություն է տվել «Ազալեպտին» դեղի մասին:
Նա հայտնել է, որ այդ դեղը հակահոգեգարային դեղ է, նշանակվում է շիզոֆրենիայով և այլ հոգեկան հիվանդություններով տառապող անձանց:
Դեղի մեծ չափաբաժինը կարող է վնասել հատկապես ծեր կամ սրտային հիվանդություններ ունեցող անձանց, բայց թե որ չափաբաժինը կարող է մահ առաջացնել, փորձագետը չկարողացավ հստակ ասել, ըստ նրա՝ դա կախված է տարբեր օրգանիզմների առանձնահատկություններից: Երեք դեղահաբը մահացու դժվար թե լինի:
«Ազալեպտինը» արտադրվում է Հայաստանում, վաճառվում է միայն դեղատոմսով, համարվում է հոգեմետ դեղ: Մեծ, վտանգավոր չափաբաժին կարող է համարվել, ասենք, երկու շաբաթվա մեջ 900 միլիգրամ ընդունելը:
Ամբաստանյալ Ավետյանը նշել է, որ ինքը քիմիայից հասկանում է, «Ազալեպտինը» ջրի մեջ լուծվող դեղ չէ: Փորձագետը նշել է, որ հնարավոր է՝ ջրի մեջ լուծելիս այն նստվածք առաջացնի, բայց ինքը չի լուծել ու միանշանակ պատասխանել չի կարող. «Ով լուծի, նա էլ կտեսնի: Նստվածքը տեսնելն էլ խմողից է կախված. կարող է տեսնել, կարող է և չտեսնել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: