Բաժիններ՝

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է

168.am-ի` «Ռուսական 500 մլն դոլար վարկից 26 մլն դոլարն «անհետացել» է» հրապարակման մեջ ներկայացրել էինք նաև ՀՀ ֆինանսների նախարարությունից մեր կայքին տրամադրված տեղեկանքը, որտեղ առկա տվյալներից երևում էր, որ վարկի մայր գումարից պակասում է 9 մլրդ 734.7 մլն դրամ կամ 26 մլն դոլարից ավելի գումար:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հարկ համարեցին լրացուցիչ պարզաբանել, թե` «հոդվածը, չնայած ռուսական 500 մլն դոլար վարկի վերաբերյալ ֆինանսների նախարարության կողմից տրված մանրամասն ու ամբողջական պատասխանին, ընթերցողին փոխանցում է վարկային միջոցների օգտագործման վերաբերյալ սխալ տեղեկատվություն»:

«Տվյալների միջև տարբերությունը պայմանավորված է միայն այն հանգամանքով, որ աղյուսակում ներառված չէ դեպոզիտային հաշվի մնացորդը (ինչի վերաբերյալ հարցադրում չի արվել): Տրամադրված վարկերի վերադարձից ստացված գումարները մուտքագրվում են կայունացման դեպոզիտային հաշիվ, և այդ հաշվի վրա առկա միջոցներից տրամադրվում են նոր վարկեր: Այս գործընթացը կրում է անընդհատ բնույթ: Մասնավորապես ներկա պահին կայունացման դեպոզիտային հաշվի մնացորդը 4,157.8 մլն դրամ է»,- ասված է պարզաբանման մեջ:

Հավելենք միայն, որ Ֆիննախարարությանն ուղղված մեր հարցադրումներում վերավարկավորման խնդիրը չէր բարձրացվել, խոսքն ընդամենը վերաբերում էր ռուսական վարկի մայր գումարի ճակատագրին, այսինքն` «ռուսական վարկից որքա՞նն է մինչ օրս տեղաբաշխվել տնտեսության իրական հատվածում, եթե կա դեռևս չտեղաբաշխված գումար, ապա ի՞նչ է եղել դա և ի՞նչն է խնդիրը, որ այդ գումարը «չի գտել իր հասցեատիրոջը», և գնահատվե՞լ է արդյոք, թե որքան վնաս է կրել պետությունը այդ գումարի չտեղաբաշխումից»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս