Բաժիններ՝

Ռուսական 500 մլն դոլար վարկից 26 մլն դոլարն «անհետացել» է

2009 թվականին, երբ Հայաստանի կառավարությունը «շախով-շուխով» Ռուսաստանից վերցրեց 500 մլն դոլար վարկը, դա ներկայացվեց որպես ֆինասնատնտեսական ճգնաժամից հետո ռազմավարական գործընկերոջ կողմից եղբայրական ձեռքմեկնում, և գործարքին տրվեց քաղաքական աստառ, քանի որ ՌԴ-ն աչքերը փակ հատկացրեց այդ գումարը՝ առանց հետաքրքրվելու, թե ինչի վրա է Հայաստանն այն ծախսելու: Այս «արտոնյալ» կոչված վարկը ՀՀ արտաքին պարտքի մեջ ամենածանրն է՝ 15 տարի մարման ժամկետով, Libor +3% տոկոսադրույքով և 4 տարի արտոնյալ ժամկետով:

 Այս տարի ավարտվել է ռուսական վարկի մարման 4 տարի արտոնյալ ժամկետը և ՀՀ-ն սկսել է վճարումները: 168.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ այս տարվա հունիսի 17-ին կատարվել է ռուսական 500 մլն ԱՄՆ դոլար վարկի մայր գումարի մարման գծով առաջին վճարումը` 21.74 մլն դոլարի չափով, և համաձայն գործող ժամանակացույցի` մինչև տարեվերջ (16.12.2013թ.) պետք է կատարվի ևս մեկ վճարում` միևնույն գումարի չափով: Վարկի ստորագրման պահից առ այսօր որպես տոկոսավճար Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել 74.46 մլն դոլար, իսկ մինչև տարեվերջ պետք է կատարվի ևս մեկ վճարում` 8.29 մլն դոլարի չափով:

 Առայժմ Հայաստանը պարտաճանաչ կերպով կատարել է իր պարտավորությունները ռուսական վարկի գծով և տույժ ու տուգանքի հարց չի առաջացել: Թե հետագա տարիներին ի՞նչ ժամանակացույցով պետք է իրականացվեն մարումները (մայր գումարի և տոկոսավճարի) և ըստ ծանրության դա ի՞նչ բեռ կլինի ՀՀ պետ.բյուջեի համար, հստակ է միայն 3 տարվա կտրվածքով, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2014-2016թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով այդ 3 տարիներին մայր գումարի մարման համար վճարելու ենք տարեկան շուրջ 43.5 մլն դոլար (17.3 մլրդ դրամ), իսկ տոսկոսավճարի գումարը հաջորդ տարի կկազմի 18.5 մլն դոլար (7.4 մլրդ դրամ), որը հետագա 2 տարիներին նվազելու է՝ համապատասխանաբար կազմելով 16.8 մլն դոլար (6.7 մլրդ դրամ) և 15 մլն դոլար (6 մլրդ դրամ): Ֆինանսների նախարարության մասնագետների հաշվարկով՝ այս պարտավորության բեռը ՀՀ բյուջեի վրա 2014-ին կլինի 2%, իսկ հաջորդ 2 տարում նվազելու է՝ հասնելով 1.8%-ի և 1.5%-ի: Իհարկե, այստեղ հաշվի են առել մեր ՀՆԱ-ի 7% աճը, ինչպես կարգադրել էր Սերժ Սարգսյանը, և պետբյուջեի մուտքերի ավելացումը, բայց արդեն այս տարի երկրի տնտեսությունն այն վիճակում է հայտնվել, որ այդ «կարգադրված» աճը Ազգային վիճակագրական ծառայությունը չի կարողանում «ապահովել»: Այսինքն՝ տնտեսական ակտիվության անկման պարագայում բյուջեի վրա ռուսական պարտքի բեռը հաջորդ տարիներին ոչ թե կնվազի, այլ, ըստ ամենայնի, կավելանա: Իսկ որ տնտեսությունը կշարունակի պասիվանալ, այդ մասին վկայում են ներդրումների կրկնակի անկումը, ՓՄՁ-ների կրճատումը, արտագաղթի չպակասող ծավալները և սպառման նվազումը:

 Ընդ որում՝ տոկոսավճարների կանխատեսումները կատարվել են՝ հիմք ընդունելով, որ այդ ժամանակահատվածում 6-ամսյա ԱՄՆ դոլարի Libor-ի դրույքաչափը կկազմի 1%: Ռուսական վարկը, հիշեցնենք, տրամադրվել է Libor + 3% մարժա տոկոսադրույքով: Այսինքն՝ ընդհանուր տոկոսադրույքը 4% է: Սա այն դեպքում, երբ էքսցեսներ չեն լինի և Libor-ի տատանումները չեն գերազանցի 1%-ը: Մինչդեռ՝ աշխարհի երկրների տնտեսությունները, մեղմ ասած, այնքան էլ լավ վիճակում չեն, և շատերը չեն բացառում մոտալուտ երկրորդ ճգնաժամի հնարավորությունը: Հայաստանյան իրողությունն այն է, որ դոլար-եվրո, դոլար-դրամ փոխարժեքների տատանումների արդյունքում անցած տարի ՀՀ արտաքին պարտքը զգալիորեն աճել է:

 Եթե նույնիսկ ինչ-որ հաջողությամբ ՀՀ կառավարությունը 2014-2016 թթ-ին կատարի մայր գումարի վճարումները, ապա 500 մլն դոլար վարկից կմարվի միայն շուրջ 300 մլն դոլարը: Եվս 200 մլն դոլար պարտք կմնանք: Վարկային պայմանագրով մայր գումարի մարումները պետք է ավարտվեն 2024 թ. հունիսին (23 կիսամյակային հավասարաչափ վճարումներով):

 Թե ինչպես կամ ինչպիսի արդյունավետությամբ է օգտագործվել այդ գումարը՝ պետական կառույցների հրապարակած տեղեկությունները կցկտուր են և միայն ընդհանուր դրական կարծիքներ են հնչեցվում դրա վերաբերյալ: Վարկը վերցնելու ժամանակ վարչապետ ՏիգրանՍարգսյանը հայտարարում էր, թե այն ուղղվելու է բիզնեսի վարկավորմանը և փաստացի հենց բիզնեսն է այն վերադարձնելու: Մեր հարցմանն ի պատասխան, թե «ռուսական վարկից որքա՞նն է մինչ օրս տեղաբաշխվել տնտեսության իրական հատվածում, եթե կա դեռևս չտեղաբաշխված գումար, ապա ի՞նչ է եղել դա և ի՞նչն է խնդիրը, որ այդ գումարը «չի գտել իր հասցեատիրոջը», գնահատվե՞լ է արդյոք, թե որքան վնաս է կրել պետությունը այդ գումարի չտեղաբաշխումից», ֆիննախարարությունից տրամադրել են մի տեղեկանք, որից երևում է, որ վարկի կեսից քիչը՝ ընդամենը շուրջ 235 մլն դոլարն (86,682.8 մլն դրամ) է հատկացվել զուտ վարկավորմանը: Այն էլ վիճելի է, թե այս բաժնում ներառված տողերն ինչքանով անմիջական կապ ունեն բիզնեսի հետ: Չէ՞ որ վարկը վերցնելու հիմնական նպատակը հենց բիզնեսին աջակցելն էր:

 500milion

Հավանաբար նկատեցիք, որ «չտեղաբաշխված գումարի» մասին ֆինանսների նախարարությունը լռել է: Եթե չքննարկենք, թե որքանով կարելի է այս տեղաբաշխումը արդյունավետ համարել, որ ձեռնարկություններն են օգտվել այդ գումարից, կամ ինչքանով էին նրանք առաջնահերթ ճգնաժամից հետո աջակցության կարիք ունեցողների շարքում, այնուամենայնիվ այս տեղեկանքը մի մեծ «ճեղքվածք» ունի. դրանից «կորել» է 9 մլրդ 734.7 մլն դրամ կամ 26 մլն դոլարից ավելի գումար: Ինչպե՞ս, ո՞ւր՝ ոչ մի բացատրություն չկա: Գուցե սա «ատկատների՞» նպատակով է ծախսվել, կամ ուղիղ կերպով մտել ինչ-որ մեկի գրպա՞նը:

 Այս ամենի հետ մեկտեղ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ պարտատոմսերի թողարկումից ստացված փողը կուղղվի ռուսական վարկի մարմանը: Այսինքն՝ բիզնեսի վարկավորումը չի տվել սպասված արդյունքը և Տ.Սարգսյանն ընդունում է այդքան գովերգված ու մեր տնտեսությանը «խիստ անհրաժեշտ» որակված ռուսական վարկի հետ կապված իր թիմի «կրախը»:

 ՀՀ իշխանավորները գաղտնի հույսեր էին փայփայում նաև, որ երկիրը մտցնելով Մաքսային միության կազմ, իրենց կհաջողվի թոթափել ռուսական պարտքի բեռը: Բայց ավաղ, մեր երկրի հանդեպ Ռուսաստանը շատ «անսիրտ» գործընկեր դուրս եկավ ու չի համաձայնել ներել պարտքը, թեև այլ պետությունների դեպքում ներել է ու շարունակում է ներել նրանց տրված միլիոնավոր պարտքերը: Ֆիննախարարությունից հերքեցին շրջանառվող լուրերը, որ ռուսական վարկի վերաձևակերպման կամ զիջման ուղղությամբ հայկական կողմը փորձել է բանակցել ռուսների հետ. «Ռուսական վարկի վերաձևակերպման կամ զիջման ուղղությամբ որևէ բանակցություններ չեն ընթացել և ներկայումս չեն ընթանում»,- նշեցին նախարարությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս