Վարդուհի Վարդերեսյանը և Վլադիլեն Բալյանը՝ Գյումրիի պատվավոր քաղաքացիներ
Սեպտեմբերի 23-ին Գյումրիի ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերի թիվը թեև մեծ էր, սակայն իր ուրույն ու կարևոր տեղերն էին զբաղեցրել Վլադիլեն Բալյանին եւ Վարդուհի Վարդերեսյանին «Գյումրիի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու մասին քննարկումները, ինչպես նաև Գյումրիի քաղաքի օրհներգի ընտրության հարցը: Օրակարգային հարցերից առանձնացվեց օրհներգին վերաբերող քննարկումները: Ինչպես հայտնի է՝ Գյումրիում վերջերս տեղի ունեցած հանրային քննարկումների ժամանակ հիմնական հարցերից մեկը նաև Գյումրիի օրհներգի ընտության հարցն էր: Քննարկվում էր երկու տարբերակ, մեկը՝ Հովհաննես Շիրազի խոսքերով Վլադիլեն Բալյանի կողմից գրված «Գյումրի- Լենինական» երգը, որը հայտնի է, որպես քաղաքին նվիրված և քաղաքը գովերգող երգ, մյուսը՝ Ռուզաննա Կարապետյանի հեղինակած օրհներգի տարբերակ էր:
Հանրային քննարկումների արդյունքները ներկայացնելով ավագանիներին՝ Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պատասխանատու Արտաշես Կարապետյանը նշեց, որ հանրային քննարկումների ժամանակ օրհներգի ընտրության մասին արտահայտված 17 մասնակիցներից 15-ն ընդունել է «Գյումրի-Լենինական» երգը՝ որպես Գյումրի քաղաքի օրհներգ ընդունելու գաղափարը, մնացած երկուսն էլ դեմ չեն արտահայտվել տվյալ մտքին: Ա. Կարապետյանն իր խոսքում ներկայացրեց «Գյումրի-Լենինական» երգի ստեղծման մասին մանրամասներ, ինչպես նաև խոսք տրվեց Հովհաննես Շիրազի քրոջ թոռնուհուն, բանաստեղծի՝ Գյումրիում գտնվող թանգարանի աշխատակից Նարինե Խաչատրյանին, ով իր խոսքում մանրամասներ ներկայացրեց «Գյումրի-Լենինական» երգի ստեղծման մասին.
«Սկզբնապես բանաստեղծությունն ունեցել է ոչ թե ՝«Դու իմ Գյումրի, Լենինական դու իմ նոր» տեսքը, այլ՝ «Դու իմ Գյումրի, վաղնջական դու իմ նոր»»,- նշեց Ն. Կարապետյանը: Ուստի հարկ է, որ երգը օրհներգ հռչակելուց առաջ ենթարկվի որոշակի փոփոխությունների. վերախմբագրվեն խոսքերը՝ հիմնվելով Շիրազի անձնական արխիվում պահված տարբերակների վրա, ինչպես նաև կատարվեն փոփոխություններ երաժշտության հետ կապված: Օրհներգը կրելու է «Դու իմ Գյումրի» անվանումը:
Շիրազի խոսքերով գրված երգը միաձայն ընդունվեց, որպես քաղաքի օրհներգ: Այդուհետ քննարկվեց անվանի դերասանուհի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանին և կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին «Գյումրիի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու հարցը՝ հաշվի առնելով վերջիններիս՝ քաղաքի համար կատարած մեծ ներդրումները: Որոշվեց Գյումրիի պատվավոր քաղաքացիների կոչումը հաստատող միաձայն ընդունված որոշումն ի կատար ածել հոկտեմբերի 13-ին՝ Գյումրիի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ:
Գյումրի