Սահմանամերձ Վազաշենում խոզերի անկումը շարունակվում է
Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում խոզերի անկումը շարունակվում է: 168.am-ի հետ զրույցում Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ ինքը գերադաս մարմիններին ներկայացրել է 150 գլուխ անկված կենդանու մասին արձանագրություն, որից հետո գյուղում սատկել է ևս 30 խոզ: Կլինի՞ արդյոք փոխհատուցում, թե՞ ոչ, գյուղապետը չգիտի, ասում է` ինքը ներկայացրել է համապատասխան ակտը, սակայն պատասխան չի ստացել: Գյուղապետը պաշտոնապես չի ստացել նաև անկված կենդանիների լաբորատոր հետազոտությունների պատասխանները. «Ինձ օֆիցիալ չեն ասել, ես որ չեմ ստացել անալիզների պատասխանները, թե ինչի՞ են սատկել, ի՞նչ հիվանդություն ա»:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված լաբորատոր հետազոտություն իրականացնող կառույցի լռությունը, գյուղապետը պատասխան չունի. Ասում է` չգիտի: Հարցին` արդյոք գործ ունենք խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությա՞ն, թե՞ շարքային որևէ հիվանդության հետ, Բադիրյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, ափսոս ես էսօր շարքային վազաշենցի չեմ, թե չէ շատ բան կասեի, ես պարզապես գյուղապետ եմ, ինչն էլ արդեն տալիս է շատ հարցերի պատասխան»:
Կստանա՞ արդյոք համայնքը փոխհատուցում, թե՞ ոչ, դժվար է ասել, սակայն մի բան հստակ է. կամ Հայաստանում չկա որևէ լաբորատորիա, որը մի քանի ամսում կկարողանար պատշաճ փորձաքննություն իրականացնել ու պարզել հիվանդության իրական անունը, կամ էլ` ամեն ինչ պարզ է, սակայն իրականությունը ձեռնտու չէ հրապարակել` այդկերպ խուսափելով փոխհատուցում տրամադրել սահմանամերձ այս գյուղին:
Մինչդեռ վազաշենցիները վստահ են, որ հիվանդությունը խոզերի աֆրիկյան ժանտախտն է, ինչքան էլ որոշ կառույցներ փորձեն թաքցնել այդ փաստը: Սահման պահող այս գյուղի բնակիչը հերթական անգամ բախվում է պետության անուշադրությանը: Հավելենք, որ ընտանիքներ կան, որոնք վարկով են խոզ գնել, մինչդեռ այսօր խոզերը սատկել են, իսկ վարկերը՝ մնացել: