«Ռուսաստանը հիմար ձևով է ճնշում բանեցնում»
Վաշինգտոնում չորեքշաբթի օրը տեղի է ունեցել խորհրդաժողով, որի օրակարգում Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի հեռանկարն էր։
Հայերը ենթադրեցին, որ ելք չունեն, Ուկրաինայում այլ վիճակ է
Խորհրդաժողովի մասնակից, Միացյալ Նահանգներում տեղակայված Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Դեյվիդ Կրամերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է գործընկերության մասնակից երկրների վրա Ռուսաստանի բանեցրած ակնհայտ ճնշումներին։
«Այդ ճնշումները բնավ անակնկալ չեն։ Ռուսները դա անում են բավական հիմար ձևով, նրանք այլևս դիվանագիտություն էլ չեն գործադրում և նպատակն իրականացնում են սպառնալիքներ հնչեցնելով։ Եվ արդյունքում, գրավելու փոխարեն՝ վանում են այդ երկրներին», – ասել է Կրամերը։
Նա, մասնավորապես, առանձնացրել է Հայաստանի թեման։
«Կարծում եմ, Հայաստանի պարագայում ճնշումը հասել էր մի աստիճանի, որ հայերը ենթադրեցին, թե այլ ելք արդեն չունեն։ Մինչդեռ Ուկրաինայի դեպքում ուրիշ վիճակ է, ռուսներն ուկրաինացիներին իրենց գործողություններով մղում են դեպի Եվրոպա։ Նույնը կարելի է ասել Մոլդովայի մասին։
Դա ռուսների ուժի բիրտ գործիքն է, որը շատ հաճախ անարդյունավետ է լինում։ Դա բնորոշ է նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա այդպես է վարում արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ հարևանների նկատմամբ», – ասել է Freedom House-ի ղեկավար Դեյվիդ Կրամերը «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիչարդ Սոլաշին։
Հայաստանը՝ անցանկալի զարգացումների օրինակ
Վաշինգտոնում տեղի ունեցած խորհրդաժողովի մասնակիցներից Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ Պետրաս Աուստրևիչյուսը և Մոլդովայի փոխվարչապետ, արտգործնախարար Նատալիա Գերմանը նույնպես խոսել են Մոսկվայի բանեցրած ճնշումների մասին։
«Ես եվրոպական պետություններին, ինչպես նաև Եվրոպայի հաստատություններին կհորդորեի զգոն լինել և ըստ ամենայնի սատարել Մոլդովային, թույլ չտալ, որ այդ երկիրը մեն-մենակ պայքարի ռուսական սադրանքների դեմ։ Այլապես կլինեն զարգացումներ, որոնք ցանկալի չեն՝ դրա օրինակը Հայաստանն է», – ասել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակը։
«Արևելյան գործընկերության երկրները շատ տարբեր են տարածքի, աշխարհագրական դիրքի, բնակչության առումով, սակայն ամենամեծ տարբերությունը դեմոկրատական բարեփոխումներին հավատարիմ լինելու աստիճանն է։
Մեր հանդեպ միանման մոտեցումը ոչ արդյունավետ է։ Ի դեպ, Հայաստանի վերջին իրադարձությունները վկայում են, որ Արևելյան գործընկերության հարցում Եվրամիության տարածաշրջանային մոտեցումը ակնհայտ ձախողվել է», – ասել է Մոլդովայի փոխվարչապետ, արտգործնախարար Նատալիա Գերմանը։
Պետրաս Աուստրևիչյուսն էլ, դիմելով Գերմանին, ասել է. – «Մոլդովան Եվրամիությանը ձգտելու խնդրում չձախողվելու պատասխանատվություն է կրում։ Եթե ձախողվեք, դա Արևելյան Եվրոպայի ոչ դեմոկրատական ուժերին կտա հնարավորություն ասելու, թե «տեսեք, նրանք եվրոպացի չեն, նրանք մեզ հետ են»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: