
Պուտինն Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահին ու բնակիչներին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Թիբիլովին և հանրապետության բոլոր բնակիչներին՝ կապված Անկախության օրվա հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Պուտինն ընդգծել է, որ այդ տոնը հանդիսանում է հարավօսական ժողովրդի քաջության ու ամրակուռության խորհրդանիշ: Պուտինի խոսքերով՝ Հարավային Օսիան լուծում է պետականաշինության, սոցիալ-տնտեսական զարգացման և իր միջազգային կապերի ընդլայնման մասշտաբային առաջադրանքներ:
Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը շարունակելու է այդ բոլոր ուղղություններով մեծ աջակցություն ցուցաբերել հանրապետությանը: Հարավային Օսիայում անկախության տոն է հռչակվել 1990 թվականի սեպտեմբերի 20-ը, երբ Հարավ-օսական ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը հռչակեց հանրապետության անկախությունը: