Բաժիններ՝

Ստորգետնյա թագավորության հեղինակը (լուսանկարներ)

Լևոն Առաքելյանի ստորգետնյա քարանձավը վաղուց հայտնի է շատերին:
Լուսավոր, բարի ժպիտով պապիկը, ձեռքին ունենալով ընդամենը մուրճ ու հատիչ, 23 տարի նախանձելի համառության շնորհիվ ստեղծեց ստորգետնյա հրաշք, որը 21 մետր խորություն ունի, 7 սենյակ և 2 մուտք, իսկ ողջ տարին այնտեղ +10 աստիճան է: Այս ամենը ոչ թե արտասովոր արկածախնդրության, այլ վերերկրային երազների արդյունք էին:
Վարպետ Լևոնը 5 տարի է, ինչ մահացել է, բայց ստորգետնյա հրաշքի տիրուհին՝ նրա կինը, հիշում է ստեղծման պատմությունը այնպես, ասես դա երեկ է եղել:

Վարպետ Լևոնը շինարար էր: Տարվա ընթացքում մի քանի ամսով մեկնում էր երկրից՝ շինարարությամբ գումար վաստակելու: Հերթական մեկնումը եղավ ճակատագրական.
«Ծովափին հանգստանալիս աչքին սպիտակ մառախուղ է երևում և մի ձայն ասում է. «Լևո՛ն, աշխարհով մի հրաշք կգործես, կհիվանդանաս, բայց հիվանդություններից չվախենաս, ինչ պատկերներ որ հայտնվեն աչքիդ՝ նույնությամբ կկատարես, բայց նախօրոք ոչ ոքի չասես:

Երբ վերադարձավ տուն, ես պնդեցի, որ կարտոֆիլի համար հոր փորի: Ամեն տարի խնդրում էի, իսկ նա հետաձգում էր»,- պատմում է տիկին Տոսյան:
Եվ ահա, 1985 թվականին վարպետ Լևոնը կարտոֆիլը պահելու համար սկսում է փորել տան բակի մի հատվածը: Երբ արդեն բավականին փորել էր, կինը խնդրում է դադարեցնել աշխատանքները, բայց ամուսինը համառում է: Մի քանի մետր փորելուց հետո ստիպված կանգ է առնում:

Labirint (21)«Սև բազալտե քարն ամուր էր և, Լևոնը չէր կարողանում շարունակել աշխատանքը: Խնդրում էի, որ դադարեցնի: Հինգ օր անընդմեջ նույն երազը տեսավ: Առավոտյան ասաց, որ պետք է խաչ քանդակի ու հետո շարունակի գետնափորի աշխատանքը: Խաչը մի քանի ամսում պատրաստ էր, և իսկապես նրան հաջողվեց շարունակել»,- պատմում է կինը:
Սկզբում փորում է առաջին սենյակը, հետո՝ երկրորդը, երրորդը, ի վերջո, ստացվում է 7 սենյակ, որը 2 մուտք ունի: Բարեկամները, հետաքրքրասերները, երբ գալիս էին այցի՝ ասում էին, որ հրաշք է: Վարպետ Լևոնը վերհիշում էր երազն ու համոզվում, որ իր հետ խոսող ձայնը հենց հրաշքից էր խոսում:

Կարդացեք նաև

«Լևոնի ու շատերի համար սա սրբավայր է: Մարդիկ գալիս են այստեղ տիրամոր պատկերի, խաչի առջև մոմ են վառում, երազանք են պահում»,- ասում է Տոսյա Ղարիբյանը:
Եվ իսկապես, տասնյակ մատյանների գրառումներից պարզ է դառնում, որ ստոգետնյա քարանձավն երազանքներ է իրականացնում: Հատկանշական է, որ մատյանում կային գրառումներ, թե ինչպես է մայրն այցելել այստեղ, երազանք պահել և 25 տարվա կորցրած որդուն գտել, իսկ երիտասարդ կինը 6 տարի չհղիանալուց հետո այցելել է և մեկ ամիս անց իմացել, որ մայրանալու է:

Տիկին Տոսյան 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մարդիկ եկել ու չափել են «Երազանքի վայր» կոչվող հատվածը, որի մագնիսական դաշտը չափազանց դրական է ազդեցությամբ:

«Հերթական քանդակը երբ վերջացնում էր, հարցնում էի՝ Լյովա, բա հաջորդն ի՞նչ ես անելու, ասում էր՝ «Չգիտե՛մ, կասեն»: Մի անգամ էլեկտրականությունը անջատվել էր, սարսափած հասա տուն, տեսա՝ բարձրացել է: Զարմացա, թե ինչպե՞ս է կարողացել ճանապարհը գտնել: Ասաց՝ «Տոսյա, ես երբ փակում եմ աչքերս, քարտեզն աչքիս առջև է գալիս: Ես հետևեցի մի լույսի, որն ինձ օգնեց վեր բարձրանալ»:

Ամուսնու անհագիստ քնին ծանոթ էր, թեև օրվա ընթացքում 4 ժամ էր վարպետ Լևոնը քնում: Տիկին Տոսյային միշտ զգուշացնում էր, որ գետնափոս իջնելիս անպայման բարձրաձայն բարևի, իսկ դուրս գալիս՝ հրաժեշտ տա: Կինը զարմանում էր, հարցեր տալիս, բայց վարպետ Լևոնը ուզում էր, որ կինն իր սրտով անի: Աստվածավախ վարպետին երբ հարցնում էին, թե ե՞րբ է հավատացյալ դարձել, պնդում էր, որ խաչն իր ճակատին է ծնվել: Մահից առաջ էլ խնդրել էր, որ թաղելիս գործիքներից իր հետ դնեն: Կատակելով, թե՝ «վերևում» էլ գործ կա անելու:

Տուրիստներից մեկն էլ վարպետի գործիքի համար 20 000 դոլար է ցանկացել վճարել, բայց տիկին Տոսյան մերժել է: Ամուսնու ամեն մի իր պահում է աչքի լույսի պես:
Տիկին Տոսյան ամուսնու մահը ծանր է տանում: Ապրում է միայնակ՝ իր երկու կատուների հետ, բայց 4 դուստրերն ու 12 թոռները հաճախ են տատին այցելում, անգամ զբոսաշրջիկներին իրենք են ուղեկցում:

Կինն ասում է, որ երազին այցի չի գալիս, բայց շատ է ուզում, որ ամուսինը գա, խորհրդով օգնի: Ամուսնու մասին խոսելիս տիկին Տոսյայի աչքերը փայլում են, ապա արցունքները չեն թողնում, որ երկար խոսի. «Նրա մահից հետո ասես թևերս կտրեին… Այնքան էի լացել, որ եկել էր աղջկաս երազին ու ասել, որ դադարեմ լացել իր համար, որ նրա տեղը լավ է: Այս տունը միասին ենք կառուցել, 40 տարի միասին ենք ապրել, ընտանիք ստեղծել, լավ ու վատ օրեր տեսել և հիմա կարոտում եմ առանց նրա…»,-ասում է նա:
2005թ. ՀՀ անձավագիտության կողմից վարպետ Լևոնն արժանացավ «Վաստակավոր քարանձավախույզ» կոչմանը: Վարպետի մասին գրել ու տեսագրել են տասնյակ լրատվամիջոցներ, իսկ փաստագրական ֆիլմ պատրաստեցին ռուսները, որը կոչվեց «Լաբիրինթ»:

Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն էլ իր «Քրմուհի» ֆիլմի որոշ կադրեր այստեղ է տեսագրել: Ստորգետնյա թագավորությունը տեսնելու համար Հայաստանից և աշխարհի տարբեր ծայրերից հայտնի ու անհայտ մարդիկ են գալիս. հետաքրքրասերների պակաս թանգարանը երբեք չի ունենում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս