Բաժիններ՝

Կադրերը կարևոր են առողջապահության ոլորտում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ կայացած հանդիպման ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների ծրագրի ղեկավար Գալինա Պերֆիլիևան ներկայացրեց, թե ինչու է առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսներով ապահովումն ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի գերակա ուղղություններից մեկը և ինչպիսի խնդիրների հետ են առընչվում ԱՀԿ անդամ պետություններն այս ոլորտում:

Նա նշեց, որ բոլոր երկրներում առողջապահության ոլորտում կադրերի պատրաստումը կարևորագույն ներդրում և գործոն է։ Միաժամանակ մարդկային ռեսուրսներն այս ոլորտում լուրջ դերակատարություն ունեն։ Բանախոսն ընդգծեց, որ տնտեսական համաշխարհային ճգնաժամի ընթացքում ավելի մեծ ծավալներով աշխատել է միայն առողջապահական համակարգը։ Ռազմավարական այս կապիտալը` բուժաշխատողները կազմում են ընդհանուր աշխատուժի շուրջ 10%-ը:

Միաժամանակ առողջապահական բյուջեի 62-80%-ը որպես աշխատավարձ տրամադրվում է հենց մարդկային ռեսուրսներին: Նշվեց նաև, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունն և արդյունավետությունը, ինչպես նաև առողջապահական համակարգի զարգացումն անմիջականորեն պայմանավորված են մարդկային ռեսուրսների առկայությամբ և արդյունավետ աշխատանքով:

Գալինա Պերֆիլիևան փաստեց, որ առողջապահության ոլորտի կադրերն աշխարհագրորեն խիստ անհամաչափ են բաշխված։ Ուսումնասիրությունները վկայում են, որ բուժաշխատողների պակասն ուղղակիորեն անդրադառնում է մարդկանց կյանքի որակի և առողջական վիճակի վրա։ Որպես դրա վկայություն բանախոսը հիշատակեց այն փաստը, որ մայրական մահացության ցուցանիշներն անմիջականորեն կապված են մարդկային ռեսուրսների կրիտիկական պակասի հետ։ Նա ընդգծեց, որ ամբողջ աշխարհի համար լրջագույն այս խնդիրը խոչընդոտում է հազարամյակի զարգացման նպատակների ցուցանիշներին հասնելու գործին։

Եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի համար ընդհանուր խնդիր է առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների վերաբերյալ պատշաճ վիճակագրության բացակայությունը և անհրաժեշտ կադրերով ոչ լիարժեք ապահովվածությունը: Այս ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միջին տեղերում հետևյալ ցուցանիշներով` 100,000 բնակչի հաշվով 251,1 բժիշկ, 48,5 առաջնային օղակի բժիշկ, 463,0 բուժքույր։ Այս առումով ամենաբարձր ցուցանիշները Հունաստանում են` 612,6 բժիշկ, 159,4 առաջնային օղակի բժիշկ, իսկ ամենացածրը` Ալբանիայում` 113,6 բժիշկ, 20,6 առաջնային օղակի բժիշկ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ԱՀԿ կողմից վերջին տարիներին ընդունված մի շարք ռազմավարական կարևոր փաստաթղթեր` ուղղված առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների բազմազան խնդիրների լուծմանը։ Միաժամանակ ներկայացվեցին մարդկային ռեսուրսների գնահատման, մշտադիտարկման պլանավորման և իրականացման, ինչպես նաև կանխատեսման ԱՀԿ տարբեր գործիքներ:

Նախարար Դումանյանը, կարևորելով ԱՀԿ-ի փորձագետի հետ հանդիպումը, նշեց, որ չափազանց ակտուալ հարցերի քննարկումն օգտակար կլինի նախարարության մասնագետների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս