Մեզ հավելյալ ջանքեր են հարկավոր հայ-հնդկական տնտեսական կապերը խթանելու համար. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը
– Տեղյակ ենք, որ առաջիկայում Դելիում կայանալու է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 6-րդ նիստը: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք հայ-հնդկական հարաբերությունների ներկա մակարդակը:
– Հայ-հնդկական հարաբերությունները բնութագրելիս անհրաժեշտ է առաջին հերթին նշել, որ դրանք ունեն հարուստ պատմական անցյալ: Մեր երկու ժողովուրդների պատմական և մշակութային առնչությունների մասին շատ է խոսվել և գրվել ու, կարծում եմ, այս թեմաները դեռ ուսումնասիրության կարիք ունեն: Մի բան ակնհայտ է, սակայն. այս բարենպաստ հիմքի վրա են կառուցվել հարաբերությունները նորանկախ Հայաստանի և Հնդկաստանի Հանրապետության միջև:
Անցած ժամանակահատվածում տեղի են ունեցել բարձր մակարդակի մի շարք փոխայցեր և հանդիպումներ, սերտ համագործակցություն է ծավալվել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև, ակտիվ գործում են Հայաստանի և Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Դելիում և Երևանում: Ի դեպ, միջկառավարական հանձնաժողովի նիստին զուգահեռ Դելիում կանցկացվեն նաև քաղաքական խորհրդակցություններ մեր երկրների ԱԳՆ-ների միջև, որոնք կոչված են ամփոփելու քաղաքական շփումների արդյունքներն անցած ժամանակահատվածում և նախանշելու ապագա համատեղ քայլերը: Նշեմ, որ արդեն ծրագրված են ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ կրթության նախարարի այցերը Հնդկաստան այս տարվա ընթացքում:
Ինչպես հայտնի է, ՀՀ մի շարք առաջատար բուհերում սովորում են Հնդկաստանից ժամանած ուսանողներ և կրթության ոլորտի ղեկավարների պաշտոնական շփումները մեծապես նպաստում են փոխանակումների արդյունավետության բարձրացմանը: Նշեմ, որ Հնդկաստանի Միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրերի (ITEC) շրջանակներում այս տարիների ընթացքում Հնդկաստանում վերապատրաստում են անցել ՀՀ տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների պետական պաշտոնյաներ ու մասնագետներ:
– Ո՞ր բնագավառների զարգացմանն են ուղղվում Հնդկաստանի տեխնիկական օգնության միջոցները: Հայտնի է, որ 2011 թվականին հնդկական կողմի օժանդակությամբ Երևանում բացվեց Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության հայ-հնդկական կենտրոնը:
– Անցած տարիների ընթացքում Հնդկաստանը մեր երկրին զանազան տեսակների մարդասիրական և տեխնիկական օգնություն է տրամադրել, որոնց շարքում հարկավոր է հատուկ նշել ՀՀ գյուղատնտեսության բնագավառին 2005-2006 թվականներին տրամադրված մեծաքանակ գյուղատնտեսական տեխնիկան, ինչպես նաև վերջին տարիներին Երևանում Հնդկաստանի դեսպանության ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ջանքերով իրականացվող` ՀՀ մարզերում համակարգչային սրահների ստեղծման ծրագիրը: 2012թ.-ի վերջի դրությամբ` այսպիսի սրահներ են բացվել Տավուշի մարզի 72 դպրոցներում: Ներկայումս նախապատրաստվում է նմանատիպ ծրագիր իրականացումը Լոռու մարզում: Եվ, իհարկե, այս ծրագրերի իրականացմանը մեծապես նպաստում է հայ-հնդկական Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազարցության կենտրոնը, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2011թ.-ի նոյեմբերին, Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պայլոտի ՀՀ այցի շրջանակներում:
Պետք է գոհունակությունս հայտնեմ այս կարճ ժամանակահատվածում Կենտրոնի կողմից կատարված աշխատանքների կապակցությամբ: Կենտրոնի գործառույթների թվում են գերարագ համակարգչային տեխնոլոգիաների զարգացումը, համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումը, կրթական դասընթացների կազմակերպումն ու փորձագետների փոխանակումը, գործարար հանդիպումները, սեմինարները և մրցույթները: Այն տարածաշրջանում միակն է, որն ունի Հնդկաստանում արտադրված «Պարամ» մակնիշի գերհզոր համակարգիչ (Param Super-Computer): 2013թ.-ի մարտի դրությամբ` «Պարամ» համակարգչի օգնությամբ իրականացվում է 15 գիտահետազոտական ծրագիր, կենտրոնում դասավանդում են Հնդկաստանում վերապատրաստված 8 հայ մասնագետներ, իսկ դասընթացներից օգտվել է 1000-ից ավելի ուսանող, կազմակերպվել է շուրջ 300 սեմինար: Հնդկական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել Հնդկաստան հայ մասնագետների այցերը կազմակերպել ու վերաբերյալ` ներկայումս արդեն Գյումրու տեխնոպարկի ստեղծման գործում փորձի փոխանակման համար: Ավելորդ է թվում արձանագրելը, որ հնդկական կողմից տրամադրվող օգնությունը մեծ նպաստ է բերում նշված ոլորտների զարգացմանը, ինչի համար մենք երախտապարտ ենք մեր հնդիկ բարեկամներին:
– Ի՞նչ հեռանկարներ ունի հայ-հնդկական համագործակցությունը այլ գործնական բնագավառներում:
– Նախքան գործնական բնագավառներին անդրադառնալը, կուզենայի նշել, որ մեր երկրների միջև սերտ փոխանակումներ և շփումներ են իրականացվում հումանիտար բնագավառներում: Բոլորովին վերջերս Մումբայից կամ, ինչպես հաճախ ոչ պաշտոնապես անվանում են Մումբայի կինոարտադրության բնագավառը՝ Բոլիվուդից ժամանած «Շուգր էնդ սփայս» պարային համույթը ելույթներ ունեցավ Հայաստանում: Մշակութային միջոցառումներն առավել ընկալելի են դարձնում մեր ժողովուրդները միմյանց համար՝ ինչպես ժամանակակից ազգային արվեստը ներկայացնելու, այնպես էլ՝ մեր երիտասարդության միջև բարեկամության կապեր ստեղծելու միջոցով: Կուզենայի անդրադառնալ ևս մի դրվագի. ընթացիկ տարվա օգոստոսին ՀՀ առողջապահության նախարարությունը դիմեց Երևանում Հնդկաստանի դեսպանությանը` թալասեմիայով հիվանդ երեխաների համար այդ երկրում արտադրվող դեղամիջոցի շտապ հայթայթման խնդրանքով, և դեսպանության ակտիվ աջակցության շնորհիվ դեղամիջոցը կարճ ժամանակամիջոցում հասցվեց Հայաստան:
Խոսելով առևտրատնտեսական համագործակցության հեռանկարների մասին՝ պետք նշեմ, որ այստեղ դեռևս շատ անելիքներ կան: Վերջին տարիներին առևտրաշրջանառության ծավալները Հայաստանի և Հնդկաստանի միջև կազմել են շուրջ 70 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ Հնդկաստանից Հայաստան ապրանքների ներմուծման ծավալները դրա գերակշիռ մասն են: Մեզ հավելյալ ջանքեր են հարկավոր Հնդկաստանից Հայաստան ներդրումների ներգրավվման և հայաստանյան ապրանքների Հնդկաստան արտահանումը խթանելու համար: Ներկայումս, ՀՀ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ, ակտիվ աշխատանքներ են ընթանում միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստն առավել գործական և արդյունավետ դարձնելու համար: