Հայաստանը չի մտնի Մաքսային միություն
«Առաջին լրատվականը» զրուցել է իրավական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հետ:
– Պարոն Ղազինյան, Դուք այսքան տարի եղել եք Հայաստանի և Եվրամիության խորը ինտեգրման կողմնակից, և Ձեր բոլոր հարցազրույցների առանցքում հենց դա էր: Ինչպե՞ս ընդունեցիք սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի շրջադարձային որոշումը: Ի՞նչ հետևանքներ կունենա Ասոցացումից հրաժարումն ու ՄՄ-ին Հայաստանի անդամակցումը:
– Բացի զարմանքից՝ ուրիշ ոչ մի զգացում չունեցա: Չեմ կարող ասել՝ հիասթափված կամ հուսահատված եմ, ավելի քան լի եմ հույսով: Այնուամենայնիվ, Հայաստանի ընտրությունը եվրոպական քաղաքակրթությունն է:
Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը, ապա այս հայտարարությամբ Հայաստանը դեռ չի մտնում Մաքսային միություն: Դրա համար կան օրենքով սահմանված ընթացակարգեր, որոնք պետք է հաղթահարել: Մասնավորապես՝ պետք է ստորագրվի պայմանագիրը, այնուհետև անցնի վավերացման գործընթաց: Իսկ վավերացման գործընթացում առաջ կգան բոլոր խնդիրները: Ուսումնասիրելով տնտեսական, քաղաքական և տարածաշրջանային անվտանգության ասպեկտները՝ համոզված կարող եմ ասել, որ Հայաստանը չի մտնի Մաքսային միություն:
– Կարո՞ղ եք նշել մեկ փաստ, որ կարող է շատերի համար համոզիչ լինել:
– Հայաստանը և ԼՂՀ-ն մեկ մաքսային տարածք են: Եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն ԼՂՀ-ի հետ միասին, կնշանակի, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ճանաչում են Ղարաբաղը որպես Հայաստանի մաս, որովհետև Ղարաբաղը Մաքսային միության հետ ինքնուրույն չի ստորագրում պայմանագիր, իսկ այս պահի դրությամբ մաքսային սահմանը Հայաստանի և Ղարաբաղի միջև բացառում եմ: Երկրորդ՝ Ղազախստանը դա երբևէ թույլ չի տա, երրորդ՝ Ռուսաստանը Ադրբեջանի դեմ նման քայլ երբեք չի անի: Հատկապես Պուտինի վերջին այցը Ադրբեջան ցույց տվեց, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները թևակոխում են նոր էներգետիկ, ռազմավարական համագործակցության փուլ: Մասնավորապես, «Ոոսնևտ»-ի մղումը դեպի Ջեյհան նավթատար, ինչպես նաև ռուսական գազային ընկերությունների՝ ադրբեջանական գազի արդյունահանման հնարավորությունը և դրանք Եվրոպա մատակարարելու կամ Ռուսաստան արտահանելու հարցը: Այս ամենը հաշվի առնելով՝ տեսնում ենք, որ այսօր Ռուսաստանը կպահի հավասարակշռությունը և թույլ չի տա, որ դա խախտվի:
Ադրբեջանի համար դժվար է այս պահին Մաքսային միություն մտնել, քանի որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ունի դիվերսիֆիկացված տնտեսություն, որտեղ կա արևմտյան խոշորագույն կապիտալի ներկայություն, որոնք ունեն իրենց սեփական տնտեսական շահերը: Հայաստանը, գտնվելով Մաքսային միության մեջ, չունենալով մաքսային սահման, ավելի շատ գլխացավանք և խնդիր կբերի Ռուսաստանին, քան հակառակ դեպքում:
– Լավ, այդ դեպքում ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արեց, ի՞նչ էր այս դեպքում ակնկալում Ռուսաստանը:
– Հայաստանի միջազգային վարկանիշը վերջին երեք-չորս տարիներին հասել էր վտանգավոր մաքսիմումի: Նախագահի վարած նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը և մեր գործընկերների կողմից Հայաստանը որպես սուվերեն պետության ընկալումը «արդարացիորեն» առաջացրին Ռուսաստանի վրդովմունքն ու անհանգստությունը, քանի որ եթե Հայաստանը սկսում է ինքնուրույն գործել և ունի միջազգային իրավասուբյեկտության իրացման լայն հնարավորություն, և նրա միջազգային վարկանիշը հասնում է առավելագույնի, ապա ցանկացած պահի կարող է լինել անկանխատեսելի: Բացի այդ, Եվրամիության հետ ստորագրելով Խորը և համապարփակ առևտրի գոտու համաձայնագիր՝ փաստացի կբացվեն դռները արևմտյան կապիտալի համար: Եթե Հայաստան մուտք գործի արևմտյան կապիտալ, դա կնշանակի ռուսական տնտեսական ազդեցության թուլացում: Արդյունքում քննարկումներ կսկսվեն ռազմական համագործակցության ոլորտում, որովհետև տնտեսականը պետք է պաշտպանվի, և արդեն վաղ թե ուշ առաջ էր գալու ՆԱՏՕ-ի հարցը, որը ընդամենը ժամանակի հարց էր: Այս ամբողջը հաշվի առնելով՝ Ռուսաստանը չէր կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Դա կանգնեցնելու համար պետք էր առաջին հերթին զրոյացնել Հայաստանի վարկանիշը (իսկ այս պահին Հայաստանի վարկանիշը զրոյացել է), Հայաստանը Եվրոպայի համար դարձել է անվստահելի գործընկեր:
– Ֆյուլեն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսում է ամենակարևորից՝ վստահության կորստից՝ ասելով, որ հիմա չկա հավատ և վստահություն, չկա ստեղծագործականություն, և գրեթե չկա ընդառաջ գնալու ցանկություն: Ինչպե՞ս պետք է վերականգնել կորցրած վստահությունը:
– Ի տարբերություն Վրաստանի, որտեղ կողմերի միջև կար լիակատար փոխըմբռնում և վստահություն՝ եվրոպական կողմը վստահում էր Վրաստանին, Վրաստանը՝ եվրոպական կողմին, Հայաստանի պարագայում դա չկար: Եվրոպացի գործընկերներն ամեն դեպքում որոշակի վերապահումով էին վերաբերվում Հայաստանին, քանի որ լավ տիրապետում էին իրավիճակին և գիտեին, որ Հայաստանում Ռուսաստանի տնտեսական և քաղաքական ազդեցությունը շատ մեծ է: Այսինքն՝ հզոր ճնշման պարագայում Հայաստանը կարող էր ինչ-որ պահի փոխել ուղղությունը, որը և տեղի ունեցավ:
Մյուս կողմից՝ Հայաստանը կասկածներ ուներ եվրոպական գործընկերների հարցում. առաջարկված ակնկալիքները, որ ուներ Հայաստանը Եվրամիությունից, միգուցե ինչ-որ պահի չիրականանային, ինչպես, օրինակ, մինչև հիմա չի իրականացել Դոնորների ժողովը, որը պետք է տեղի ունենար դեռ մեկ տարի առաջ: Երկրորդ՝ ԵՄ-ն չկարողացավ ապահովել և երաշխավորել առևտրի ազատ գոտու համաձայանգրի ստորագրման և վավերացման պարագայում Թուրքիայի հետ սահմանի բացումը: Ես որևէ տեղ չեմ լսել, որ եվրոպական գործընկերներն ասեն, թե իրենք կգործադրեն առավելագույն ջանքեր՝ Թուրքիային հարկադրելու բացել սահմանը: Երրորդ՝ չտվեցին կոնկրետ երաշխիքներ ԼՂՀ անվտանգության հարցում. չտվեցին երաշխիքներ, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիայի պարագայում կկիրառեն Կոսովայի նախադեպը և կճանաչեն Ղարաբաղի անկախությունը: Սրանք բաներ էին, որ պետք է հստակ և կոնկրետ ասվեին: Չորրորդ՝ չպատվիրեցին հետազոտություններ, թե ինչ տնտեսական ակնկալիք կարող է ունենալ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին եվրոպական ինտեգրացիայի և սահմանների՝ ավելի թափանցիկ դառնալու պարագայում:
Ինձ համար պարզ չեն՝ ինչ եմ ստանում դրա արդյունքում, ավելի քան պարզ չէ, թե ես ինչ եմ ստանում Մաքսային միության արդյունքում: Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնն իրականացրեց այսպիսի վերլուծություն, բայց իր ներքին ռեսուրսով, ինչը կարվեր առավել մասնագիտական ձևով և առավել խորքային՝ եվրոպական համապատասխան ֆինանսավորման պարագայում, բայց եվրոպացիները դժկամ էին այս հարցում և որպես գործընկեր՝ նախընտրում էին աշխատել միայն իշխանության հետ:
– Ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյանին ճնշե՞լ են, և եթե այո, ապա ինչո՞վ: Սերժ Սարգսյանը առայժմ չի հիմնավորել իր այս քայլը:
– Այո, նա դեռ չի խոսել, և ես դեռ չեմ լսել, թե որն էր այդ որոշման հիմքը: Չեմ լսել նաև համապատասխան նախարարությունների պաշտոնական մեկնաբանությունը: Ըստ երևույթին, իրենք էլ չգիտեն՝ ինչ է ակնկալվում, ինչ է սպասվում իրենց՝ գազի էժան գի՞ն, բայց գազը էժան չի լինելու. եթե չթանկանա, ապա իսկապես չի էժանանա: Փոխարենը միանշանակ կթանկանան եվրոպական ապրանքները, քանի որ մեր մաքսավորը կաշխատի Մոսկվայից թելադրվող կանոններով և դրույքաչափերով: Սա է իրականությունը:
Ինչ վերաբերում է ճնշումներին, թեև ներկա չեմ եղել, բայց Ռուսաստանին շատ բան չի պահանջվում Հայաստանին ճնշելու համար, որովհետև ուժերը բացարձակ համարժեք չեն: Ռուսաստանին չեմ մեղադրում՝ արել է այն, ինչ պահանջում է իրենց ազգային շահը: Հայաստանի դեպքում ճնշումների զինանոցը շատ մեծ է, և շատ մեծ ջանքեր պետք չէր գործադրել, հատկապես եվրոպական մեր գործընկերների նման վերաբերմունքի պարագայում, երբ հստակ երաշխիքներ չտրամադրվեցին, այլ ավելի շատ ամորֆ խոստումներ, մոտավոր գնահատականներ:
– Թեև նշեցիք, որ չի լինելու Հայաստանում Մաքսային միության անդամակցություն, բայց եթե մի պահ մտածենք, որ կլինի, ի՞նչ հետևանքներ կունենա այն Հայաստանի վրա:
– Պետականության, ինքնիշխանության կորուստ: Հիմա որոշում կայացնելու իրավասությունը Հայաստանի ձեռքում է, ուրիշ բան է, որ որոշման կայացման հետ կապված կան միջազգային պայմանագրեր, պայմանավորվածություններ, սակայն Մաքսային միության պարագայում մենք չունենք այդ իրավունքը: Մենք պատվիրակում ենք այդ լիազորությունը վերպետական մարմնին, որը պետք է Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի փոխարեն որոշի, թե ինչպիսի մաքսային տարիֆներ, մաքսային կանոնակարգումներ պետք է կիրառվեն սահմանի վրա: Այսինքն՝ սա իշխանության սահմանափակում է, որը ամենամեծ արգելքն է: Եթե Հայաստանը իրավական պետություն է, ապա Սահմանադրությամբ ուղղակի թույլ չի տրվում այսօր Հայաստանում դա անել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: