Բաժիններ՝

Սամվել Հովհաննիսյանն ու մեղադրանքի կողմը դժգոհ էին կառավարչից

2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի դեմ գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց «Սամոշ» ՍՊ ընկերության սնանկացման գործընթացի կառավարիչ, գործով վկա Արսեն Չիչյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ գործի նյութերի, «Սամոշ» ՍՊ ընկերության կողմից կառուցվող շենքը պատկանում էր Սամվել Հովհաննիսյանին: Վկան հայտնեց, որ կիսակառույց շենքում նույն տարածքի կրկնակի վաճառքի դեպք արձանագրելով՝ այդ մասին դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազին: Ընդ որում, վկան մինչև վերջ չէր ընկալում, որ «դիմումն» իրավաբանական լեզվով կոչվում է «հաղորդում հանցագործության մասին»: Այն հարցին, թե արդյո՞ք այդ մասին չի հայտնել սեփականատիրոջը, վկան պատասխանեց, որ Սամվել Հովհաննիսյանն իրեն «անհասկանալի բաներ է ասել», սակայն կոնկրետ ինչ՝ չի հիշում:
Դատավարության կողմերը տարակուսանք հայտնեցին, թե ինչու մի դեպքում արձանագրվել է նույն բնակարանի եռակի վաճառքի փաստը, մյուս դեպքում չի արձանագրվել: Ավելին՝ ավելի ուշ բնակարանի նախնական առուվաճառքի պայմանագիր կնքած քաղաքացու իրավունքները դատարանի որոշմամբ վերականգնվել են, իսկ առաջինը բնակարանի առուվաճառքի պայմանագիր կնքած անձը մնացել է ձեռնունայն:

Եվ սնանկության կառավարիչն այդ մասին դատարանում չի բարձրաձայնել, չի խոչընդոտել վիճելի տարածքի վաճառքին: Ընդ որում, թեև կառավարչի տրամադրության տակ են եղել նախնական առուվաճառքի պայմանագրերը, սակայն նա հիմնվել է ««Սամոշ» ՍՊԸ լիազոր անձ Սամվել Հովհաննիսյան» ստորագրությամբ բնակարանների ցուցակով (որին լիազորագիր կցված չի եղել):

Վկայի պատասխանները չէին բավարարում մեղադրանքի ու պաշտպանության կողմերին հավասարապես՝ պատասխաններ չէին հնչում կամ հնչում էին ոչ հստակ պատասխաններ: Ի վերջո տուժողի ներկայացուցիչ Հովիկ Արսենյանի գնահատականն իրեն սպասել չտվեց՝ «աչքաչափով եկել եք դատարան»:

Այսօր դատարանում հարցաքննվեց նաև «Սամոշ» ՍՊԸ-ի հաշվապահ Նորիկ Դարչինյանն, ով ընկերությունում աշխատում էր համատեղության կարգով, աշխատանքի էր գալիս շաբաթական մեկ-երկու օր: Դատարանում նա հայտնեց, որ հաշվապահական հաշվետվությունները ներկայացնում էր Սամվել Հովհաննիսյանի հորը՝ Թելման Հովհաննիսյանին, նա էլ ստորագրում էր բոլոր փաստաթղթերը, եթե Սամվել Հովհաննիսյանն էլ էր այնտեղ լինում, նրան էլ էր ներկայացնում այդ հաշվետվությունները: Մինչդեռ, մասնավորապես, նախաքննության ընթացքում նրա տված վկայի լրացուցիչ ցուցմունքում նա նշել էր, որ ընկերությունը ղեկավարում էր Սամվել Հովհաննիսյանը, իսկ ընկերության տնօրենը՝ Թելման Հովհաննիսյանը, դեպքից դեպք էր լինում, հազվադեպ, և որ «գումարների հավաքագրումը կատարում էր Սամվել Հովհաննիսյանը»:

Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում ճանաչվեցին Ս.Հովհաննիսյանի երկրորդ պաշտպան Ինեսսա Պետրոսյանի լիազորությունները՝ նա ամբաստանյալի պաշտպանությունը կիրականացնի պաշտպան Մելսիկ Մանուկյանի հետ համատեղ:

Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և շահադիտական դրդումներով, պատվերով՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով զուգորդված սպանության նախապատրաստության կազմակերպում, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս