Ինչո՞ւ Գյումրիի քաղաքապետարանը չի ցանկանում համագործակցել քաղաքացիական ակտիվիստների հետ
Ո՞վ չի ցանկանա տեսնել իր քաղաքը նորանոր գույներով` լցված նոր շնչով, որտեղ լավատեսորեն տրամադրված երիտասարդներն ամեն ինչ կանեն իրենց քաղաքի բարօրության համար: Գյումրիի քաղաքապետարանը, սակայն, կարծես համառորեն չի համագործակցում քաղաքի ակտիվ երիտասարդների հետ վերջիններիս հետաքրքիր և քաղաքանպաստ նախաձեռնություններն իրականացնելու գործում:
168.am-ն անդրադարձել էր Գյումրիում ձևավորված քաղաքացիական նախաձեռնությանը, որը կրում էր «Իմ գունավոր քաղաքը» անվանումը: Անդրադարձել էինք այն փաստին, որ նախաձեռնության անդամները, նախապես քննարկելով քաղաքապետարանի հետ, որոշել էին մարզկենտրոնի նախանշված տարածքներում իրականացնել «գունավոր հեղափոխություն»` փոփոխելով քաղաքի տեսքն ու փոխարինելով գորշությունը նոր գույներով: Աշխատանքներն իրականացվելու էին «street art» և «urban art» ոճերով:
Ծրագրի առաջնային կետերից էր Գյումրիի 50-ամյակի կամրջի երկաթյա պատնեշի գունային ձևավորումը: Կարծես թե բոլոր կողմերը համաձայն էին իրականացնել նախաձեռնությունը, սակայն, ի զարմանս երիտասարդների, վերոնշյալ կամուրջն օրերս գունավորվել է անհասկանալի գույնով` առանց տեղյակ պահելու «Իմ գունավոր քաղաքը» նախաձեռնության անդամներին:
Իրավիճակը բուռն քննարկումների առիթ դարձավ և սուր կերպով քննադատվեց սոցիալական կայքերում: Նախաձեռնության անդամներ Նարինե Աստոյանը նշում է. «Ե՛վ գաղափարը, և՛ մոդելը շատ գեղեցիկ են, սակայն քաղաքապետարանն առայժմ ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի տրամադրի կամուրջը ներկելու համար, պետք է մի փոքր սպասեք: Հենց որ քաղաքապետարանի ֆինանսական վիճակը մի քիչ կարգավորվի, մենք ձեզ հետ կկապնվենք»,- ահա այսպես պատասխանեցին քաղաքապետարանից, երբ մեր խումբը դիմեց քաղաքապետարան դեռևս ապրիլ ամսին: Անցավ «մի փոքր», նորից դիմեցինք, նորից նույն պատասխանը: Որոշեցինք ինքներս հովանավոր գտնել ու իրականացնել կամուրջը ներկելու գաղափարը: Դիմեցինք մի շարք կառույցների, մասնավորապես՝ սրճարանների օգնությանը: Նրանք շատ հավանեցին գաղափարը, որոշներն էլ պատրաստակամություն հայտնեցին օգնել: Անցնում եմ կամրջով ու ի՞նչ եմ տեսնում. ֆինանսական միջոցներ ՉՈՒՆԵՑՈՂ այդ նույն քաղաքապետարանը վերցրել ու կամուրջը ներկել է անորոշ դեղին գույնով: Ներկո՞ւմ եք, լավ եք անում, բա էլ ինչի՞ եք մարդկանց խաբում… Բա ո՞ւր մնացին փող չունենալը, մեզ հետ «կապնվելը»… Դե արի ու այսքան բանից հետո մի բան մտածի, որ այս «խորտակվող նավում» մի բան փոխես…»:
Իրավիճակը նաև նախաձեռնության անդամ Հայկ Խառատյանի վրդովմունքն էր առաջացրել. «Գնացել ու 3-4 հասուն մարդկանցով ներկայացրել ենք գաղափար, որի արդյունքում մենք մեր ձեռքերով կբարեկարգեինք ու կներկեինք մեր քաղաքի 50-ամյակի կամուրջը, որի համար միայն ու միայն հարկավոր էր մի քիչ օգնություն քաղաքապետարանից: Կարծես թե գաղափարը հավանեցին, ու էս մարդիկ կեղծ ժպիտները դեմքերին ասացին` «մի ամսից ձայն կհանենք»:
Ու ի՞նչ ենք իմանում: Քաղաքապետարանը ներկել է կամուրջը: Ուրախ կլինեինք, եթե գոնե մեր գաղափարն իրականացրած լինեին, բայց չէ: Դրել, անորոշ դեղին գույնով ներկել են ողջ կամուրջը՝ առանց մեզ տեղյակ պահելու»:
Անհասկանալի է, թե ինչու Գյումրիի քաղաքպետարանը համառորեն չի ցանկանում ընդառաջ գնալ երիտասարդների նորարարական նախաձեռնություններին:
Գյումրի