Վրաստանում պատրաստվում են խստացնել պայթուցիկ նյութերի վերաբերյալ կեղծ հեռախոսազանգերի համար տուգանքը
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանում ահաբեկչության մասին կեղծ հաղորդումը պատժվելու է տուգանքով, ուղղիչ աշխատանքներով, մինչև երկու տարի ազատազրկմամբ կամ էլ 2-5 տարի բանտարկությամբ: Եթե տվյալ գործողությունը կիրականացվի ծանրացուցիչ հանգամանքներում, ապա պատժամիջոցը կկազմի 5-7 տարվա ազատազրկում:
Պլանավորված է այս փոփոխությունները մտցնել Քրեական օրենսգրքում: Դրանց նախաձեռնման պատճառը վերջին օրերին Վրաստանում` տարբեր հիմնարկներում, պայթուցիկ սարքերի առկայության մասին կեղծ հաղորդումների համաճարակն է:
Բացի այդ, վարչական պատասխանատվություն է սահմանվում 112 համարից ոչ նպատակային օգտվելու համար: Խոսքը գնում է նախազգուշացման կամ 300 լարի տուգանքի մասին: Մեկ տարվա ընթացքում տվյալ գործողությունը կրկնելու դեպքում տուգանքի չափը կազմելու է 400 լարի:
Խորհրդարանը պատրաստվում է արագացված կարգով դիտարկել այդ օրինագիծը: