
Եգիպտոսի իսլամականները բնակչությանը կոչ են արել որպես բողոքի նշան անջատել իրենց բջջային հեռախոսները

BBC-ի փոխանցմամբ` Եգիպտոսի նախագահի պաշտոնից հեռացված Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցները Եգիպտոսի բնակիչներին կոչ են արել անջատել բջջային հեռախոսները: Իսլամականները կարծում են, որ դրանով իսկ իրենց կհաջողվի վնաս պատճառել բջջային օպերատորներին, որոնց նրանք մեղավոր են համարում Մուրսիին իշխանության ղեկից հեռացնելու հարցում:
Դրա հետ մեկտեղ իսլամականներն իրենց կողմնակիցներին կոչ են արել նաև չվճարել հարկեր և հրաժարվել մի շարք հեռուստաալիքներ դիտելուց, որոնք աջակցել են երկրում անցկացված ռազմական հեղաշրջմանը: Մոհամմեդ Մուրսին պաշտոնանկ է արվել հուլիսի սկզբին: