«Ով չի ուզում ապրել մեր ամրոցի օրենքներով` կգնա, կապրի այլ ամրոցում՝ բերդի օրենքներով»

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Զինված ուժերում արգելել է կիրառել մի քանի արտահայտություններ: Այս մասին այսօր ԵՊՀ-ում ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Այսպիսով` առաջին արգելված արտահայտությունը ԶՈՒ-ում հետևյալն է՝ «մենք հասարակության հայելին ենք», իսկ երկրորդը՝ «բոլոր բանակներում էլ լինում է այդպես»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայաստանի բանակը միշտ էլ տարբերվող է եղել կռիվների, արցախյան գոյամարտի ժամանակ՝ մարտական ոգու, միասնականության, համախմբվածության, կոլեկտիվների բարոյահոգեբանական բարձր մակարդակով և այլն:

«Մարտական ոգու ամենակարևոր բաղադրիչը մարդկային հարաբերություններն են: Այն կոլեկտիվում, որտեղ չկա մարդկային հարաբերություն, չի կարող լինել ոգու բարձր մակարդակ: Դրա համար այսօր մենք շեշտը դնում ենք մարդկային հարաբերությունների ձևավորման վրա»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Սեյրան Օհանյանը հայտնեց նաև, որ որոշում է կայացրել. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ մեկնելով տարբեր երկրներ, դառնում են այդ երկրի օրինակելի քաղաքացի: Նույնիսկ, եթե գործարարներ են, բիզնեսի մեջ հասնում են արդյունքի: Բանակը պետության մեջ պետություն չի կարող լինել, բայց ես որոշում եմ ընդունել, որ բանակը մեր տունն է և մեր ամրոցը: Մեր ամրոցում պետք է ապրել մեր ամրոցի օրենքներով, իսկ ով չի ուզում ապրել մեր ամրոցի օրենքներով` կգնա, կապրի այլ ամրոցում՝ բերդի օրենքներով: Այս հարցում մենք անհաշտ պայքար ենք մղելու և 2014 թվականի ուղերձիս մեջ նշելու եմ այս մասին»: Նա նշեց, որ ցանկանում է, որպեսզի փողոցային բարքերի դեմ պայքար մղվի ոչ միայն ԶՈՒ-ում, այլև՝ հասարակության մեջ:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս