Սեյրան Օհանյան. Բանակում արտակարգ պատահարների հիսուն տոկոսի համար ծառայողներն են պատասխանատու
2011 թվականը Զինված ուժերի համար հաջող է անցել, քանի որ պատահարներ քիչ են գրանցվել: ԵՊՀ-ում ուսանողների և դասախոսապրոֆեսորական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա փոխանցմամբ` 2012 թվականին պահպանվել են 2011 թ. արդյունքները, իսկ 2013 թվականին 30 տոկոսով նվազել են Զինված ուժերի պատահարները` նախորդ տարվա հետ համեմատ:
Սեյրան Օհանյանի խոսքով` բանակում արտակարգ պատահարները շարունակվում են մի քանի պատճառներով. «Նախ անհատը շատ դեպքերում չի պահպանում անվտանգության կանոնները, որոնք պետք է առաջին գծում պահպանեն՝ դուրս են գալիս բաց դաշտ ու հակառակորդը խոցում է իրականացնում: Հրամանատարները միշտ ասում են, որ պետք է ուշադիր լինել, բայց կորցնում են զգոնությունը, ինչի պատճառներից մեկը լարված ծառայությունն է: Տարբեր պարապմունքների ընթացքում ևս կանոնների խախտում կա, ինչը պատրաստվածության աստիճանից է կախված: Երկրոդը՝ միջանձնային հարաբերությունների խախտումն է: Կոնֆկլինտները, տղամարդկային այդ մեծ համակարգի մեջ անխուսափելի են: Մարդիկ առօրյա կյանքում էլ հասարակ մի բանից վիճում են միմյանց հետ, բայց կոնֆլիկտները պետք է հանգուցալուծվեն հրամանատարի վերահսկողության արդյունքում»:
Նախարարի խոսքով՝ բանակում նաև պատահական միջադեպեր են լինում. «Պատահարների հիսուն տոկոսի համար ծառայողներն են պատասխանատու: 25 տոկոսով լինում են պատահակություններ, որ ասում են՝ մարդու ճակատագիրն էր այդպիսին: Բայց առաջին հիսուն տոկոսի համար, քանի որ ռեժիմային կառույց ենք, հրամանատարությունը մասնաբաժին ունի: Երբ պատշաճ կերպով է իրականացվում այդ ամենը պատահականությունները նվազում են, գեթե հավասարեցվում են մինիմումի»: