
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը պատրաստ է օգնել երկրի կառավարությանը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը պատրաստ է տնտեսական հարցերում և մասնավորապես շինարարական ոլորտում օգնել երկրի կառավարությանը: Այս մասին այսօր հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարներից, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին:
Նա ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության պահակազորի ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել երկրի նախարարների, այդ թվում նաև նավթարդյունաբերության, ճանապարհաշինության ու քաղաքային զարգացման նախարարների հետ: Ջաֆարին հավելել է, որ իրենց կողմից վերահսկվող «Խաթամ ալ-Անբիա» ընկերությունն արդեն իսկ երկրում իրականացրել է մի շարք նախագծեր և պատրաստ է հետագայում անել ավելին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սեպտեմբերի 16-ին Իսլամական հեղափոխության պահակազորին կոչ է արել իր վրա վերցնել 3-4 ազգային մեգանախագծերի իրագործումը: Ռոուհանին գտնում է, որ այդ մեգանախագծերի իրագործումը կարող է իրականացնել Իսլամական հեղափոխության պահակազորը, մինչդեռ մասնավոր սեկտորը ֆինանսական պատճառներով չի կարող դա անել: