
Միջերկրական ծովի հատակով կարող է Իսրայելից գազատար անցկացվել դեպի Թուրքիա

Minval.az-ի փոխանցմամբ` ադրբեջանական SOCAR-ի դուստր ընկերություն Turcas-ն առաջարկել է Միջերկրական ծովի հատակով գազատար անցկացնել Իսրայելից դեպի Թուրքիա: Նախագիծը գնահատվում է 2.5 միլիարդ դոլար: Գազատարի երկարությունը կազմելու է 470 կիլոմետր, այն Իսրայելից կձգվի դեպի Թուրքիայի Մերսին նավահանգիստ:
Նախագծի իրագործման դեպքում պլանավորված է տարեկան այդ գազատարով մատակարարել 16 միլիարդ խորանարդ մետր գազ: Իսրայելական կողմը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Վերջին տարիներին Իսրայելը գազային խոշոր հանքավայրեր է հայտնաբերել Միջերկրական ծովում: Մասնավորապես, 2009 թվականին հայտնաբերվել է «Թամար» հանքավայրը, իսկ 2010 թվականին` «Լևաֆիան» հանքավայրը: Այս հանքավայրերի գազայն պաշարներն Իսրայելի գազային պահանջները կբավարարեն առնվազն 25 տարվա ընթացքում: