Հայաստանի դոլարային պարտատոմսերը կարող են անվանվել «Քարդաշյան»
Business Insider-ի փոխանցմամբ` գլոբալիզացիան եկավ կապիտալի շուկաների ավելի փոխկապակցված համակարգով, ինչը ճանապարհ հարթեց պետական պարտատոմսերի համար: Վերջիններս ԱՄՆ-ից դուրս հայտնվեցին հիշարժան անուններով: Կորեան առաջարկում է «կիմչի» պարտատոմսեր, Թուրքիան` «փախլավա» պարտատոմսեր, Ճապոնիան` «սամուրայ» պարտատոմսեր, Մոնղոլիան`«Չինգիզ», իսկ Ավստրալիան` «կենգուրու» պարտատոմսեր:
Ուշագրավ է Հայաստանի տարբերակը: Հայաստանը նոր է ավարտել իր արժեթղթերի ներկայացումը` հասնելով ուշադրության իր դոլարային պարտատոմսերի նորամուտի նկատմամբ, որոնք շուկայում հայտնվելու են այս կամ հաջորդ շաբաթ: Հայաստանի դոլարային նոր պարտատոմսերը կարող են անվանվել «Քարդաշյան» պարտատոմսեր: Դրանց համար այս ամսվա սկզբին նման անուն է հնարել Standard Bank-ի վերլուծաբան Թիմ Էշը:
Հայաստանը հայտնի է ծիրանով, և եթե պարտատոմսերն անվանվեին «ծիրան», ապա դա կլիներ բարեհունչ, սակայն քիչ հավանականություն կլիներ, որ դրանք մեծ հետաքրքրություն կառաջացնեին աշխարհում, ինչը չի կարելի ասել այն պարագայում, եթե դրանք անվանվեն «Քարդաշյան»: