
ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է միջազգային 174 հարց

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ ՄԱԿ ԳԱ-ն (193 երկրից բաղկացած համաշխարհային կազմակերպության գլխավոր ֆորում) Նյու Յորքում հավաքվել է 68-րդ նստաշրջանի: Դրա օրակարգում ընդգրկված է միջազգային 174 հարց` սկսած միջազգային անվտանգությունից ու ահաբեկչության դեմ պայքարից և վերջացրած խաղաղապահ գործողությունների ֆինանսավորմամբ ու աշխարհի երկրների կայուն զարգացմամբ:
ՄԱԿ ԳԱ-ի նախագահ է դարձել կառույցում Անտիգուա և Բարբուդայի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Ուիլյամ Էշը, ով խոստացել է առաջնահերթ ուշադրություն հատկացնել աղքատության հաղթահարման և կայուն զարգացման խնդիրներին:
Գլխավոր թեմաներից մեկը դառնալու է Սիրիան, ուր 2011 թվականի մարտից չի դադարում իշխանությունների ու հակակառավարական խմբավորումների միջև զինված հակամարտությունը: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել սեպտեմբերի 28-ին հանդիպել Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ` կապված Սիրիայի հարցով Ժնևում միջազգային կոնֆերանս գումարելու ժամկետի հստակեցման հետ: