Բաժիններ՝

Լեհաստանը շարունակելու է աջակցել Հայաստանի եվրոպական ձգտմանը. Ռադոսլավ Սիկորսկի

Լեհաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 17-ին ժամանել է Վարշավա և հանդիպել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ: Հանդիպման ժամանակ արտգործնախարարները քննարկել են երկկողմանի համագործակցությունը և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

Քննարկվել է նաև այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովից առաջ Հայաստանի դիրքորոշումը: Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ վստահ է, որ Լեհաստանը շարունակելու է աջակցել Հայաստանի եվրոպական ձգտմանը:

Միևնույն ժամանակ Լեհաստանի դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանից, Բելառուսից ու Ղազախստանից բաղկացած Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի կառավարության որոշումը բարդացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագիր նախաստորագրելը: Նա նաև ընդգծել է, որ Լեհաստանը չի աջակցում այդ փաթեթի միայն քաղաքական մասը ստորագրելու գաղափարին:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ իր երկիրը ցանկանում է հնարավորինս խորացնել ԵՄ-ի հետ իր համագործակցությունը, սակայն դա չի կարող ուղղված լինել Ռուսաստանի շահերի դեմ: Նա հավելել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են ռազմական դաշինքով և արտոնյալ տնտեսական համագործակցությամբ, ինչը մասնավորապես վերաբերում է էներգետիկ ոլորտին, ինչն էլ արդարացնում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը:

Հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել, որ Հայաստանը շարունակելու է ԵՄ-ի հետ իր համագործակցությունը, որքանով որ դա հնարավոր է և իրագործելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս