Պաշտպանության նախարարությունը ներկայացուցիչ կունենա ԵԱՀԿ-ում
ՀՀ կառավարությունը որոշել է «ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցչի հաստիք ստեղծել: Այս հարցը կառավարության առաջիկա նիստում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կներկայացնի իր գործընկերների դատին:
Այս որոշման նախագծում նշվում է, որ միջազգային անվտանգության ապահովման ոլորտում ՀՀ-ն, բացի այլ երկրների հետ երկկողմ ռազմական համագործակցությունից, ակտիվ համագործակցություն է ծավալում նաև մի շարք ունիվերսալ և տարածաշրջանային կազմակերպությունների հետ: Այդ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում Հայաստանն իր անմիջական մասնակցությունն է ունենում միջազգային անվտանգության ապահովման գործընթացում, ինչը բացառապես դրական է անդրադառնում Հայաստանի միջազգային վարկանիշի վրա: Սա նաև հնարավորություն կտա «լիարժեքորեն պաշտպանել ՀՀ դիրքորոշումը պաշտպանական ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ, առավել օպերատիվ արձագանքել բարձրացված խնդիրներին, մյուս կողմից էլ կապահովի աշխատանքների կազմակերպման բարձր արդյունավետության մակարդակ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փաստաթղթերի մշակման առավել արդյունավետ եղանակը ներկայացուցիչների անմիջական հանդիպումներն են ու քննարկումները»:
Ենթադրվում է, որ ԵԱՀԿ-ում ՀՀ ՊՆ ներկայացուցչի առկայությունը կբարձրացնի կազմակերպության հետ միջազգային ռազմական համագործակցության արդյունավետությունը: