ԳՄ նախագահը պետք է մաքրի ավգյան ախոռները, ազատվի գրական թափոններ արտադրողներից. Սամվել Մկրտչյան
Tert.am-ը զրուցել է գրող, թարգմանիչ և հրատարակիչ Սամվել Մկրտչյանի հետ՝ Գրողների միության նախագահի ընտրությունների արդյունքում նոր նախագահի գործունեությունից, սպասումներից, գրական կյանքը կազմակերպելու ունակություններից:
–Պարոն Մկրտչյան, թեև Գրողների միության արտահերթ համագումարի օրը, որը պետք է նախագահ ընտրի, հայտնի չէ, սակայն արդեն իսկ կա ԳՄ նախագահի ՝ ընտրությունից ընտրություն ավանդական իրադրությունը. նշվում են անուններ, թեժ կրքեր են ծավալվում: Ի տարբերություն հետընտրական տարիների, երբ ԳՄ-ն, որպես կանոն, իր մասին լսեցնել չի տալիս: Ինչ հատկանիշներ կուզենայիք, որ ունենա ԳՄ նոր նախագահը:
– Կցանկանայի , որ Գրողների միության նախագահը փորձեր ինչ-որ բան փոխել: Փոխել այն, ինչ կա հիմա ու ոչ միայն հիմա, այլ տարիներ շարունակ: Գրողների միությունը գոնե ինձ համար այսօր ավելորդ կառույց է, ու ոչ թե Գրողների միություն, որը պետք է ծառայի գրողներին ու հատկապես գրականությանը, և առաջին հերթին` գրքերի տպագրությանը: Նման Գրողների միություն ունենալու համար Գրողների միության նախագահը պետք է անի ֆունդամենտալ փոփոխություններ: Բայց, անկեղծ ասած, չեմ էլ պատկերացնում, թե տարիներ շարունակ կուտակված հարցերն ինչպե՞ս է լուծելու:
Տարիներ շարունակ մարդիկ են ընդունվել Գրողների միության շարքեր, ովքեր մի հատ պատմվածք չեն գրել: Ես օրինակ՝ գիտեմ մարդ, որ ընդհանրապես կիսագրագետ է: Պատկերացրե՛ք ՝ Կոմպոզիտորների միությունում լսողություն չունեցող կամ նոտաները լավ չիմացող անդամ լինի:
Գրողների միության նախագահը պետք է մաքրի Գրողների միությունը, որն այսօր մոտավորապես ավգյան ախոռի պես մի բան է: Պետք է մնան շնորհալիները, միայն էն մարդիկ, ովքեր ծառայում են գրականությանը:
Կարծում եմ՝ կարգին, նորմալ մարդ պետք է լինի, որը այնպես անի, որ Գրողների միությունը՝ որպես անկախ կառույց, ծառայի գրականությանը և ոչ թե արտահայտի իշխանությունների ու Սերժ Սարգսյանի տեսանկյունը:
Բայց իմ պատկերացրած մարդիկ, որոնք կարող էին ինչ-որ փոփոխություններ անել՝ մեկը Լևոն Խեչոյանն է, մյուսը՝ Հակոբ Մովսեսը, ցավոք, տարբեր պատճառներով հրաժարվեցին: Իսկ նրանք, ում անունները մնում են, նրանց, անկեղծ ասած, չեմ հավատում: Ու եթե իմ նախընտրած մարդիկ չմասնակցեն ընտրությանը, Գրողների միության ճակատագիրը ինձ չի էլ հուզի. եթե ԳՄ նախագահի ընտրությունը, ինչպես մեր երկրում ամեն բան համաձայնեցվում է Բաղրամյան 26-ի հետ, ես էդպիսի Գրողների միության անդամ լինել չեմ ուզում:
–Ի՞նչ պետք է անի Գրողների միության նախագահը, ինչպե՞ս մաքրի այդ ավգյան ախոռները, վերցնի ու հեռացնի՞ ԳՄ-ից: Ում-ում, բայց Ձեզ պետք է, որ հայտնի լինի, որ մեր գրողներից շատ շատերն իրենց պատկերացնում են …
– Հա, գիտեմ՝ բոլորը իրենց հանճար են կարծում: Ճիշտն ասած, էդպիսի հատուկ մեթոդ չգիտեմ, բայց ինչ-որ անկախ հանձնաժողո՞վ անունը դնենք, թե աուդիտ, դրա նման մի բան պետք լինի, որ զտի։ Գրողների միությունում այսօր գրական թափոններ արտադրողների մի խումբ կա և կան նաև մարդիկ, որոնց կեսի ստեղծած գրականությունը հաստատ գրական որևէ չափանիշի չի դիմանում: Ասեմ, որ այսօր ամեն մեկը կարող է մի հատ գիրք գրել ու հետո որպես երկրորդ քայլ երկու գրող պեղել, որպեսզի իրեն ԳՄ անդամ դառնալու երաշխավորագիր տրվի:
Դեմ չեմ, թող բոլորիս, այդ թվում՝ իմ գրական ավանդը նորից դնեն վերանայեն: Բայց պե՛տք է ազատվել էս գրական «բալաստից»:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: