Լիտվան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Լիտվայի կրթության և գիտության նախարար Դաինիուս Պավալկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների կրթության պատասխանատուները բաց և անկեղծ զրույց են ունեցել ինչպես ոլորտում առկա ձեռքբերումների, այնպես էլ խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:
Նախարար Արմեն Աշոտյանը Դաինիուս Պավալկիսին շնորհակալություն է հայտնել` Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում, որպես ԵՄ նախագահող երկիր, կրթության նախարարների երևանյան հանդիպմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և Լիտվայում ընթացող կրթական բարեփոխումները համապարփակ ներկայացնելու համար:
Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համագործակությունն առավել արդյունավետ է ընթանում, մասնավորապես, միջբուհական համագործակցության ոլորտում: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանին հետաքրքրում է Լիտվայի` հետխորհրդային համակարգից դեպի եվրոպականի անցման փորձը, որը, ըստ նախարարի, բավական տպավորիչ է: Արմեն Աշոտյանն իր խոսքում կարևորել է երկու երկրների միջև ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնումն ու շարժունության ակտիվացումը:
Նախարար Դաինիուս Պավալկիսն իր հերթին ներկայացրել է Լիտվայի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես, բուհերի ինքնավարության, եվրոպական կրթական միասնական տարածքի ինտեգրման, բուհական ընդունելության քննությունների, ինչպես նաև բուհերի ենթակառուցվածքների և ուսանողական հանրակացարանների արդիականացմանն ուղղված փորձը:
Անդրադառնալով օտարերկրյա ուսանողների խնդրին` երկու երկրների նախարարները նշել են, որ դրանց թիվը Հայաստանում և Լիտվայում գրեթե նույնն է` 5-7 տոկոս` ընդգծելով, որ երկու երկրների կառավարությունները որպես առաջնահերթություն են դիտարկում օտարերկրյա ուսանողների ներգրավումը:
Հանդիպման ավարտին նախարարները նշել են, որ պատմականորեն իրար նման երկու պետությունների կրթական հիմնախնդիրները հիմնականում նույնն են` ինչպես ԵՄ տարածքում, այնպես էլ դրանից դուրս, որոնք պահանջում են համատեղ լուծումներ գտնելու ջանքեր