
Գործընկերոջից` հարևան

«Բացառված է անդամակցությունը Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին, երբ Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա նկատել է, թե Եվրոպան ՀՀ-ին շանս է տվել համագործակցել իր հետ դիտորդի կարգավիճակով, ինչը, ըստ Ա. Արզումանյանի, համագործակցության հստակ ձևաչափ է, որով կարելի է առաջնորդվել: Այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն ՀՀ-ի համար կարող է նոր փաստաթուղթ մշակել, նա պատասխանել է.
«ՀՀ-ն Վիլնյուսում որևէ բան չի ստորագրելու: Եթե որոշում կայացվեց շարունակել, պետք է նոր ձևաչափ մշակվի Հայաստանի համար` նոր Ասոցացման պայմանագիր, որտեղ տնտեսական բաղադրիչի խորությունը կորոշվի. դա կլինի ազատ գոտի, տարիֆային, թե մեկ այլ… պետք է նոր բանակցությունների փուլ սկսել»: Իսկ հարցին, թե Եվրոպան պատրա՞ստ է զրոյից սկսել բանակցել Հայաստանի հետ, նա պատասխանել է. «Եվրոպան չի ցանկանում ամբողջությամբ խզել իր հարաբերությունները հարևանների հետ: Մենք պարզապես գործընկերոջ կարգավիճակից կվերածվենք հարևանի»: