Որտեղ կա Դաշնակցության կարիքը, ՀՅԴ-ն պատրաստ է, տալիս է
Հարցազրույց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ
– ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը համաձայնել է Գերմանիայում դեսպանի պաշտոն զբաղեցնելու առաջարկին: Նրա անձնական որոշումը որքանո՞վ կարող է ազդել ՀՅԴ-ի` Հայաստանի արտաքին քաղաքականության հարցում ունեցած դիրքորոշման վրա:
– Որոշումը ոչ մի ձևով չի կարող ազդել: Ես վստահ եմ, որ պարոն Հովհաննիսյանի անձնական դիրքորոշման վրա էլ չի կարող ազդել, որովհետև նա սկզբունքային մարդ է, որի նման քաղաքական գործիչները մեր իրականության մեջ շատ քիչ են: Ոչ պարոն Հովհաննիսյանը, ոչ Դաշնակցությունը իրենց դիրքորոշումն այդ հարցերում չեն փոխելու: Եթե առաջարկ է արվել, նշանակում է, որ գուցե իսկապես իշխանությո±ւնն էլ մտածում է արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու մասին: Սա կարող է լավ ազդակ լինել արտաքին քաղաքականության մեջ ազգային-պետական ուղեգծին վերադառնալու համար: Վստահ եմ, որ որևէ մեկը չի կասկածում ոչ պարոն Հովհաննիսյանի անկեղծությանը, ոչ էլ ՀՅԴ պատրաստակամությանը` օգնելու պետականությանը:
– Տեսակետներ կան, որ Վահան Հովհաննիսյանի որոշումն այնուամենայնիվ կարող է ազդել ՀՅԴ-ի մոտեցումների փոփոխության վրա: Հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն դադարի լինել ընդդիմություն:
– Ես պարզապես շատ կցանկանայի, որ նրանք, ովքեր թերահավատորեն են մոտենում այս որոշմանը, տարբերակեն պետություն և իշխանություն հասկացությունները: Երբ Դաշնակցությունը խոսում է պետության, պետականության, ժողովրդի հզորացման մասին, իշխանությունն այստեղ կապ չունի: Լինի արտաքին ճակատում, թե ռազմաճակատում, ՀՅԴ-ն իբրև համազգային ներկայացված ուժ, կանգնած է լինելու մեր պետականության կողքին: Միգուցե դժվար է այս տարբերակումը տեսնել, բայց ավելի խորը նայելով հարցին, հույս ունեմ տարբերակումը կտեսնեն: Երբ կանգնած ես պետականության, պետության կողքին, չի նշանակում, որ դու իշխանության կողքին ես: Մենք մեր կարգավիճակը քաղաքական դաշտում չենք փոխել, չենք փոխում և որևէ ձևով, եթե նշանակումը ստացվի, եթե գերմանական կողմը տա իր համաձայնությունը, մենք մնալու ենք որպես ընդդիմություն և ավելին` մեր առաջարկներն ու ծրագրերը միշտ փորձելու ենք մղել: Մենք մնալու ենք ընդդիմություն` անկախ նրանից, թե պարոն Հովհաննիսյանը կնշանակվի՞ դեսպան, թե՞ ոչ:
– Դաշնակցությունը կոալիցիայից դուրս եկավ, որովհետև համաձայն չէր նաև իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքականությանը: Այն, որ ողջունել եք Վահան Հովհաննիսյանի որոշումը, արդյոք չի՞ նշանակում, որ հաշտվում եք վարվող արտաքին քաղաքականության հետ:
– Նախ ասեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները վերջին շտրիխն էր կոալիցիայի հետ կապերը խզելում: Դա միակ պատճառը չէր: Ճիշտ ասացիք` նաև արտաքին քաղաքականության հետ կապված անհամաձայնությունն էր կուալիցիայից դուրս գալու պատճառը. կային բազմաթիվ պատճառներ, այդ թվում` ներքաղաքականության հետ կապված տարաձայնություններ: Որևէ մեկը, կարծում եմ, չի կասկածում, որ հայ-թուրքական արձանագրությունների մասով ՀՅԴ-ն անկեղծ էր ու կարողացավ արդյունքներ արձանագրել. այսօր այդ արձանագրությունները սառեցված են և փաստացի չգործող: Բայց մենք ձգտում ենք ավելիին հասնել, որ արձանագրությունն իր այս տեսքով կյանքի չկոչվի, իսկ եթե վավերացվի, ապա միայն վերապահումներով:
Այս փուլում, երբ նման իրավիճակ է, երբ Գերմանիան որպես պետություն ունի մեծ դերակատարում Եվրոպայում, աշխարհում, երբ թուրքական ներկայացվածությունը Գերմանիայում բավական ուժեղ է, և հաշվի առնելով ՀՅԴ կազմակերպվածությունը, Վահան Հովհաննիսյանի անձնական որակները, մենք` համաձայնելով այս մոտեցմանը, վստահ ենք, որ այն կօգնի հետագայում ավելի ուժեղ պայքար տանելու թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ: Սա նշանակում է նաև` որոշակի նշույլներ են արթնանում, որ իշխանությունը գիտակցել է ու կվերադառնա ազգային-պետական ուղեծրին: Կրկնում եմ, որևէ ձևով սա չի նշանակում, որ արտաքին քաղաքական բոլոր հարցերում մենք համաձայնելու ենք իշխանության հետ: Այնպիսի հարցեր, որոնք ողղված են ԼՂՀ ճանաչմանը, հայոց պետականության հզորացմանը, մենք պատրաստ ենք և օժանդակում ենք նրանց:
Վահան Հովհաննիսյանն, օրինակ, բազմաթիվ երկրների պատվիարակություններ բերել և տարել է Ղարաբաղ, որի արդյունքում մի շարք երկրներում նաև ճանաչվել է ԼՂՀ անկախությունը: Համաձայն ե՞ք, որ սա դասական համագործակցության օրինակ է: Հիմա ի՞նչ անենք, ասենք, որ ընդդիմություն ենք, հերն էլ անիծած պետության ու պետականությա՞ն: Ով-ով, բայց Դաշնակցությունն էդպիսին չէ, դաշնակցականը, առավել ևս` Վահան Հովհաննիսյանն այդպիսին չէ… Մեր պետության ու պետականության հզորացման հարցում մենք պատրաստ ենք համագործակցել: Մեկ-մեկ հարցնում են, թե Դաշնակցության ղեկավար մարմնի անդամները հանդիպո՞ւմ են արդյոք երկրի ղեկավարի հետ և այլն: Իհարկե, իհարկե հանդիպում են: Եթե երկրի, պետության անվտանգության մասին է խոսքը, եթե կարող ենք հանդիպել տարբեր երկրների նախագահների հետ, ապա ինչո՞ւ չպետք է հանդիպես քո երկրի նախագահի հետ:
– Պարոն Մինասյան, կարծիքներ կան նաև, որ պաշտոնի համար է…
– Մեկ-մեկ արձագանքներ եմ լսում, որոնք այնքան փոքր մտածողության արդյունք են, որևէ առնչություն չունեն պետականության հզորացման հետ: Դաշնակցությունը երբեք պաշտոնների համար չի ընկել որևէ մեկի գիրկը: Մոռացեք դա: 120 տարուց ավելի է` կուսակցությունը կա ու կա հենց իր սկզբունքայնության շնորհիվ: Ինչո՞ւ շատերը էլ չկան, շատ կուսակցություններ 10 տարվա մեջ 5 անգամ վերակազմավորվում են կամ պայթում են միջից, որովհետև սկզբունք չկա: Նրանց շատերի սկզբունքը մեկն է` հասնել իշխանության, աթոռների, վայելել դրանք և վերջ: Իսկ դաշնակցականն այդպիսին չէ: Վստահ եմ, որ անկախ նրանից, դեսպանի նշանակումը կլինի՞, թե՞ ոչ, Դաշնակցության համար սկզբունք է` որտեղ կա Դաշնակցության կարիքը, ՀՅԴ-ն պատրաստ է, տալիս է: Մենք իբրև կուսակցություն, պետականությանը տալիս ենք ավելին, փոխարենը կամ ոչինչ չենք վերցնում, կամ վերցնում ենք այնքան չնչին բան, որ որևէ այլ ուժ, եթե լիներ մեր տեղում, վաղուց հիմա մարած կլիներ:
– Ինչպե՞ս կարող է Վահան Հովհաննիսյանը միայնակ փոխել կամ ազդել ձեր նշած խնդիրների վրա:
– Եթե որևէ ճակատում ձեզ առաջարկում են հրամանատարություն, պետք է ասես ո±չ` ամբողջ բանակի հրամանատարությունը տվեք, որ կարողանամ դուրս գալ ճակա±տ: Թե± կվերցնեք այդ հրամանատարությունը ու կփորձեք կազմակերպել գոնե այդ պայքարը: Մենք ընտրում ենք երկրորդ տարբերակը: Եթե, Աստված մի արասցե, վաղը պատերազմ եղավ, Դաշնակցությունը անկախ նրանից` իշխանությանը ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ, լինելու է առաջին գծում: Այն, որ մեկ հրամանատարը չի կարող ամբողջ պատերազմը շահել, որքան էլ ճիշտ լինի, նույնքան էլ տրամաբանական է, որ քո պայքարով, քո ճակատին կարող ես հաղթանակ բերել, հաջողություն արձանագրել: Դաշնակցությունը քաղաքական դաշտում ընդդիմություն է, բայց ընդդիմություն է ոչ թե պետությանը, այլ` իշխանություններին:
«168 ԺԱՄ»