Դավաճանություն «հանուն Հայրենիքի»

Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի շրջադարձային քայլ լինելուց, Հայաստանի ինքնիշխանության կորստի և մի շարք այլ իրողությունների արձանագրումից բացի՝ բացահայտվեց նաև մեր պետական կառավարման, քաղաքական համակարգի դեգրադացվածությունը: Այն, իհարկե, երբեք էլ աչքի չէր ընկնում բարձր որակներով, բայց գոնե մինչև սեպտեմբերի 3-ը իշխանության մեջ կարելի էր թեկուզ խիստ վերապահումներով առանձնացնել գործիչների, որոնք որոշակի գաղափարներ ու համոզմունքներ ունեին:

Սեպտեմբերի 3-ը և դրան հաջորդած իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ նման բան գոյություն չունի, որ Հայաստանի իշխանական համակարգը կազմված է առավելապես` պատեհապաշտներից, անսկզբունքային, ապագաղափարական դեմքերից, որոնց համար ցանկացած գաղափարի արժեքը զրոյանում է այնտեղ, երբ առաջանում է սեփական պաշտոնի հարցը:

Սեպտեմբերի 3-ից հետո ոչ միայն որևէ հրաժարական չհետևեց, այլև բոլոր նրանք, ովքեր մինչ այդ իրենց չխնայելով ապացուցում էին Հայաստանի եվրաինտեգրման անփոխարինելիությունը, այսօր լծված են Մաքսային միությանն անդամակցությունը գովաբանելու գործին: Սկսած բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև տարբեր գերատեսչություններում աշխատող մասնագիտական խմբերի անդամներ, ովքեր 4 տարի շարունակ աշխատում էին Ասոցացման համաձայնագրի վրա, իսկ հիմա նույնն անում են՝ Հայաստանը Մաքսային միության անդամ դարձնելու համար: Այսինքն՝ Հայաստանը կառավարում են մարդիկ, ովքեր ինչ-ինչ հանգամանքերի ազդեցության տակ (տվյալ դեպքում դա կարևոր չէ) կարող են մի գիշերվա մեջ փոխել իրենց համոզմունքները, դավաճանել այն գաղափարներին, որոնց հավատում էին:

Սեպտեմբերի 3-ից հետո որևէ պաշտոնյայի հրաժարականի բացակայությունը (ոչ թե պաշտոնանկությունը, այլ հրաժարականը) ցույց տվեց, որ Հայաստանը հիմնականում ղեկավարում են մարդիկ, ովքեր ունեն միայն մեկ գաղափար, համոզմունք, որը կոչվում է պաշտոն, որը պահպանելու համար Հայաստանում պահանջվում է ամեն ինչի դավաճանելու կարողություն:

Մեկ էլ բավարար չափով ցինիզմ՝ դավաճանությունը «հանուն Հայրենիքի» ներկայացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս