Ռուբեն Գևորգյան. Պատերազմից կենդանի վերադարձած տղերքի վրայից դեռ վառոդի հոտ է գալիս

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հայտարարությունը՝ ԱԺ հայտարարությունների ժամանակ.

«Մեծարգո` ԱԺ նախագահ, սիրելի պատգամավորներ.

Ամենուրեք և ամեն ժամ խոսում ենք հայրենապաշտ և գաղափարապաշտ սերունդ ունենալու մասին, բայց արդյոք ազատամարտիկներին հուզող հարցերի նկատմամբ պետության այսօրվա  անտարբերությունը երիտասարդ սերունդի մեջ չի սերմանելու մի այնպիսի հիվանդ հոգեբանություն, որը մեր ազգի  ճակատագիրը կդնի հարցականի տակ:

Ինչ խոսք, որ մեր ազգը հայրենիքի համար միշտ էլ կամովի մեռնելու պատրաստակամություն  ունեցող ազգ է, որոնք ամենաբարձր տեսակն են ներկայացնում և  հատուկ որակ են կազմում մեր հասարակության մեջ:

Բայց փաստը մնում է փաստ, որ ինչ-ինչ պատճառներով կառավարության կողմից անտեսվում են երբեք պահանջատիրոջ դիրքերից հանդես չեկող, բայց երկրի առաջնային տերեր հանդիսացող՝ պատերազմից վիրավոր և կենդանի վերադարձած այդ տեսակի համեստ ու արժանապատվության դաշտում ամփոփվող սոցիալական պահանջները:

Այսօր հարիր չէ հաղթանակած երկրին և պետությանը, որ ընդդեմ թշնամու, զենքը  ձեռքն առած տղերքի նույն ձեռքերում՝ սոցիալական ինչ-ինչ պայմաններից դրդված հայտնվել են բողոքարկող ցուցանակներ: Եվ այն տղերքի ձեռքերում, որոնց համար երբեք ընտանեկան հոգսն ու սոցիալական ծանր վիճակն առաջնային չի եղել, այլ երկրի դաժան ու ծանր օրերին էլ անգամ՝ իրենց կյանքի գնով պայքարել են հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության ու Արցախի ազատագրմանը:

Վերջապես  դաշտերը դեռ կարմիր են մեր զոհված եղբայրների արյունով: Պատերազմից կենդանի վերադարձած  տղերքի վրայից դեռ վառոդի հոտ է գալիս,  և նրանց կողմից բարձրացվող հարցերի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը՝ կառավարության կողմից  կդիտվի  առհամարանք այդ հերոսական տղաների նկատմամբ:

Որպես Արցախյան պատերազմի մասնակցի և ընդհանուր առմամբ որպես հայ մարդու կասեի՝ ինչքան էլ, որ այսօրվա կառավարության անդամներից շատերը հավելված են մեր հերոսական տղերքի արյամբ կռած անկախ պետականությանը, համենայնդեպս պարտավոր են լուծում տալ ազատամարիտիկների կողմից բարձրացվող բոլոր հարցերին:

Ի վերջո ներկայիս ժամանակն ու պատմությունը ունի ՀՀ սահմանների պաշտպանության և Արցախյան պատերազմում զոհված և կենդանի մնացած մեր եղբայրների պայքարի կնիքը:

Երկրի կառավարության ուշադրության անհրաժեշտությունը ազատամարտիկներին հուզող հարցերի նկատմամբ միայն  ազատամարտիկների համար չէ, այլ երկրի, քանի որ, հնարավորին բոլոր դրական քայլերը այդ դաշտում  եկող սերունդներին ուղղորդելու է դեպի հայրենիքի և նրան բանաձևող արժեքների գաղափարին»:

 

Տեսանյութեր

Լրահոս