Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Էդուարդ Շարմազանովին. «Այդ թոշակառուի ելույթը youtube-ում 26.000 մարդ է դիտել»
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում` մենկանաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ, հայտարարել էր, թե իրարամերժ է համարում առաջին նախագահի գնահատականները, ապա նշել. «Քաղաքական թոշակառու է, ի՞չ ասեմ»:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ի պատասխան ՀՀԿ խոսնակի հայտարարությանը, շեշտեց. «Շոկի մեջ գտնվող իշխանությունը կարող է ամեն ինչ ասել՝ անգամ ոչ ինտելեկտուալ մտքեր, եթե փորձեմ ասելիքս փափուկ ձևակերպել: Այդ թոշակառուի ելույթը youtube-ում 26.000 մարդ է դիտել, 26.000 դիտում է ունեցել: Նման բան Հայաստանի ինտերնետի պատմության մեջ չի եղել:
Ես մաղթում եմ այդ ճամարտակողնին, որ իրենց ելույթները գոնե դրա կեսը լսեն համացանցում: Հեռուստատեսությունները հրաժարվում են տեսանյութը դիտել, բայց ինտերնետը ողողված է տեսանյութով: Սա նշանակում է, որ մարդիկ հետաքրքրությամբ նայել են: Ժողովրդի գնահատականն ինձ համար մեկ միլոն անգամ ավելի կարևոր է, քան Շարմազանովի կարծիքը: Է. Շարմազանովի կարծիքը, որպես ժողովրդի մի փոքր մասնիկ կարծիք, որը թեև անջատված է հիմա ժողովրդից, պատրաստ եմ հարգել»: