Լուսնոտություն: Անհավանական պատմություններ
Քնի մեջ, որքան էլ տարօրինակ է հնչում, կարելի է ոչ միայն քնել, այլև զբաղվել տարբեր գործերով: Մենք բոլորս գիտենք, որ երազը կյանքի կարևոր մաս կազմելով՝ ազդում է մեր հոգևոր և ֆիզիկական առողջության վրա: Երազն օգնում է պահպանել և վերականգնել մեր էներգիան ամեն օր: Բայց իրականում ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք քնում ենք: Մարմինը հանգստանում է, շատերս տեսնում ենք տարօրինակ երազներ, իսկ ոմանք էլ…լուսնոտություն են անում: Այդպիսի մարդկանց անվանում են լուսնոտներ:
Լուսնոտության դեպքում մարդը քայլում է երազներում: Բայց երբեմն այս ամենը միայն քայլելով չի սահմանափակվում: Լուսնոտների մասին շատ անհավանական պատմություններ են հայտնի, որոնք քայլում են երազում, տան մաքրությամբ են զբաղվում և այնպիսի անհավանական գործողություններ են անում, որ դրանք չէին անի արթուն վիճակում: Հետազոտությունների համաձայն՝ մարդկանց 1-15%-ը հակված է լուսնոտության: Լուսնոտությունը ի հայտ է գալիս խորը քնի փուլի ընթացքում: Տարբերվում են քնի 5 փուլերը, այդ թվում՝ արագ քնի փուլը: Քնի երկրորդ փուլի ժամանակ մենք անցկացնում ենք քնած հատվածի 50%-ը, 20%-ը՝ արագ քնի փուլում, մնացած ժամանակը բաշխվում է քնի մնացած փուլերի վրա: Առաջին փուլը համարվում է ամենաթեթև քունը, երկրորդ փուլի ժամանակ մեր աչքերը դադարում են շարժվել և ուղեղի ալիքները դանդաղում են:
Քնի ո՞ր փուլում են մարդիկ լուսնոտ դառնում
Ենթադրվում է, որ մարդիկ սկսում են քայլել մնացած 2՝ երրորդ և չորրորդ փուլերի ժամանակ (բայց ոչ արագ քնի փուլի ընթացքում), որը կոչվում է նաև խոր քուն, երբ սկսում են ուղեղի ալիքներ ի հայտ գալ: Սովորաբար լուսնոտությունը ի հայտ է գալիս 5-15 րոպեի ընթացքում, չնայած կարող է շարունակվել 30 րոպեից ավել կամ տևել ընդամենը մի քանի վայրկյան: Եթե լուսնոտին չանհանգստացնենք, վերջ ի վերջո, նա նորից անկողին կվերադառնա:
Արդյոք վտանգավո՞ր է լուսնոտությունը
Սովորաբար լուսնոտությունը վտանգավոր չէ, քանի դեռ լուսնոտը զբաղված է պարզ խնդիրներով: Սակայն երբեմն նա կարող է վնաս հասցնել իրեն կամ ուրիշներին: Առավել ևս, եթե լուսնոտությունը հաճախակի է կրկնվում, ապա դա կարող է առողջական խնդիրներ առաջացնել: Եղել են դեպքեր, երբ լուսնոտները լքել են իրենց տունը և արել են իրենց ոչ բնորոշ արարքներ, այդ թվում՝ բռնաբարություններ և նույնիսկ սպանություններ:
Ինչպե՞ս կանխել
Դեռևս հին ժամանակներից խորհուրդ են տալիս լուսնոտության հակում ունեցող մարդկանց անկողնու առջև թաց շոր տեղադրել: Անկողնուց քայլ անելով խոնավ այդ կտորի վրա՝ անմիջապես արթնանում են:
Ռիսկային փաստեր
Հետազոտությունները ցույց են տվել, որ լուսնոտությամբ ավելի հաճախ տառապում են հիմնականում երեխաները. այն առավել բնորոշ է նաև տղամարդկանց, քան կանանց: Հայտնի է, որ լուսնոտությունը կարող է փոխանցվել սերնդեսերունդ, հատկապես մերձավոր ազգականներին: Բացի այդ, լուսնոտությունը հաճախ հանդիպում է միձվանի երկվորյակների մոտ: Նաև լուսնոտությանը կարող են նպաստել հևոցը, գլխուղեղի վնասվածքը, սրտի առիթմիան, քնի խանգարումը, տաքությունը, գիշերային շնչարգելիության նոպաները, գինեմոլությունը, սթրեսը և մի շարք դեղերի օգտագործումը: Չնայած այն բանին, որ լուսնոտը քնած է, նրա աչքերը բաց են, չկա դեմքի որևէ արտահայտություն: Ոմանք կարծում են, որ քնի մեջ «զբոսնելը» վտանգավոր է, քանի որ կարող են սրտի նոպա, ուղեղի կաթված կամ շոկ, ունենալ: Նախընտրելի օգնությունը, որ մենք կարող ենք անել՝ լուսնոտին զգուշորեն ուղեկցենք դեպի անկողին: Երբ նա արթնանա՝ հավանաբար չի հիշի, թե ի՞նչ է իր հետ տեղի ունեցել:
Անհավանական պատմություններ
Դուք երբևէ լսե՞լ եք «zzz-մեյլինգ»-ի մասին: Այդ բառով սկսեցին անվանել լուսնոտության տեսակներից մեկին, այն բանից հետո, երբ բժշկին հայտնեցին քնի մեջ ինտերնետի օգտագործման առաջին դեպքի մասին: 44-ամյա մի կին քնի մեջ միացրել է համակարգիչը, մտել է իր էլեկտրոնային հասցեն և իր համակարգչային ընկերներին խմելու և ձկնկիթ ուտելու հրավեր-նամակներ է ուղարկել:
Հյուսիսային Ուելսում ապրող Լի Խեդվինը ցերեկը աշխատում է որպես բուժեղբայր, իսկ գիշերը «վերածվում է» զարմանալի նկարչի: Գիշերները նա նկարներ է նկարում, իսկ առավոտյան ոչինչ չի հիշում այդ մասին: Բժիշկ Լին ասում է, որ դա շատ տարօրինակ զգացողություն է. առավոտյան արթնանալ՝ շուրջբոլորը նկարներով, և չհիշել, թե ինչպե՞ս ես դու դրանք նկարել:
55-ամյա Ռոբերտ Վուդը նախկինում գլխավոր խոհարար էր: Նա հայտնի է նրանով, որ խոսում է քնած ժամանակ: Նա ասում է, թե այդ պահին կրակի վրա ինչ կերակուր է պատրաստում, հետո վառում է լույսը, շատ բարձր ձայնով միացնում է հեռուստացույցը:
Ռեբեկա Արմսթրոնգն իր ամուսնուն՝ Իենին գիշերը ժամը 2-ին բռնացրել է մերկացած վիճակում գազոնը մշակելիս: Ռեբեկան պարզապես անջատել է գազոնի մեքենան, իսկ երբ առավոտյան այդ «արկածների» մասին պատմել է Իենին, նա դրան չի հավատացել: Ամենաանհավանական և շոկային պատմությունը եղել է Կեննետա Պարկսի հետ պատահած դեպքը: 23 տարեկան հասակում՝ 1987թ. մայիսի 23-ին քնած ժամանակ վերցրել է մեքենան, 23 կմ վարելով հասել է կնոջ ծնողների տուն, սպանել է զոքանչին և փորձել խեղդել աներոջը:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ