Գենդերն այլևս ձեռքբերովի չի լինի

Սեպտեմբերի 9-ին սկսվելու է ԱԺ հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Մենք առանձնացրել ենք մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կարող են բավական հետաքրքիր քննարկումների առիթ դառնալ, որոշակի շունչ մտցնելով խորհրդարանական տաղտկալի առօրյայի մեջ:

Ամռան ընթացքում հասարակական լայն քննարկման առարկա դարձավ (կամ դարձվեց) «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» օրենքը: Այդ օրենքն ընդունվել էր 2013թ. մայիսի 20-ին, որից որոշ ժամանակ անց հասարակական տարբեր կազմակերպություններ, խմբեր և անհատներ հայտարարեցին, որ օրենքի 3-րդ հոդվածը հակասում է մեր ազգային արժեհամակարգին, այն դավադրություն է մեր ազգային ինքնության դեմ և պետք է շուտափույթ փոփոխության ենթարկվի:

Օրենքի 3-րդ հոդվածը վերաբերում է օրենքում օգտագործվող հասկացություններին, իսկ դրա առաջին կետում ասվում է. «Գենդեր. գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք. կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում. ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը»:

ԲՀԿ խմբակցության անդամները և հատկապես խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարում էին, որ օրենքի վերոնշյալ հոդվածի շարադրանքը մտցվել է երրորդ ընթերցման ժամանակ, և իրենք անուշադիր են եղել միայն այն պատճառով, որ երրորդ ընթերցման ժամանակ լինում են միայն խմբագրական փոփոխություններ, բայց ոչ նման սկզբունքային ձևակերպման ավելացում: Օգոստոսի 2-ին Նաիրա Զոհրաբյանը և Էլինար Վարդանյանը ԱԺ են ներկայացրել օրենքի փոփոխության առաջարկ, որով վերոնշյալ հոդվածը վերաձևակերպված է այսպես. «Գենդեր. գենդերային` կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում. ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունը և առողջապահությունը»:

Ինչպես տեսնում եք, գործող օրենքից հանվում է այն դրույթը, ըստ որի, սեռը ձեռքբերովի սոցիալապես ամրագրված վարք է: Եվ ահա ընդամենը երեք օր առաջ, սեպտեմբերի 5-ին, այս օրենքում փոփոխություն կատարելու առաջարկ է ներկայացրել կառավարությունը: Կառավարությունն առաջարկում է ոչ թե խմբագրել օրենքի 3-րդ հոդվածը, այլ ընդհանրապես ուժը կորցրած ճանաչել 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 11-րդ և 12-րդ ենթակետերը: Օրենքի փոփոխության հիմնավորումների մասում ասվում է, որ այն նպատակ ունի օրենքով ամրագրված ձևակերպումները «զերծ պահել հասարակական տարաբնույթ մեկնաբանություններից և տարընթերցումներից»:

Միևնույն ժամանակ հերքելով ԲՀԿ-ական պատգամավորների այն պնդումները, որ հիշյալ հոդվածը օրենքի մեջ է մտցվել միայն երրորդ ընթերցման ժամանակ, նշվում է. «Օրենքի հանրային և խորհրդարանական քննարկումների, ինչպես նաև օրենքի նախագծի նախնական տարբերակում (2010թ. մայիսի 13-ից մինչև օրս այն տեղակայված է նախարարության www.mss.am ինտերնետային կայքում) առկա են եղել գործող օրենքում օգտագործվող բոլոր հասկացությունները»: Մինդեռ Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած առաջարկի հիմնավորման մեջ կա տրամագծորեն հակառակ պնդում. «Նախագծի հանրային և խորհրդարանական քննարկումների, ինչպես նաև նախագծի նախնական տարբերակում նման ձևակերպում օգտագործված չի եղել»:

Կառավարությունը ԲՀԿ-ականներին և այս օրենքին կողմ քվեարկած, բայց դրա դեմ հանդես եկող մյուս պատգամավորներին մեղադրում է ստախոսության մեջ: Բայց ավելի կարևոր է, որ իր առաջարկով, կառավարությունը ցանկանում է ԲՀԿ-ի ձեռքից խլել նախաձեռնությունը, ներկայացնելով, որ եթե հասարակությունը դեմ է այդ ձևակերպմանը, ապա կառավարությունը պատրաստ է փոխել տարընթերցումների տեղիք տվող հոդվածը: Կարելի է չկասկածել, որ խորհրդարանը կքննարկի և կընդունի կառավարության ներկայացրած տարբերակը, որից հետո ԲՀԿ առաջարկը ուղղակի ժամանակավրեպ կլինի:
Կառավարությունը ներկայացրել է ևս մի հետաքրքիր նախագիծ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Ազգային անվտանգության ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետում: Կառավարությունն առաջարկում է, որ հետախուզական և հակահետախուզական ստորաբաժանումների` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի զինծառայողների ծառայության ժամկետը հնարավոր լինի երկարացնել 10 տարով: Գործող օրենքով 10 տարով կարող էր երկարացվել միայն ԱԱ մարմինների ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի ծառայության ժամկետը:

Ավագ սպայակազմի ծառայության ժամկետը գործող օրենքով առավելագույնը 55 տարեկանն է: Հիմա այն դառնում է 65-ը: Այս փոփոխության անհրաժեշտությունը կառավարությունը բացատրում է «ԱԱ մարմինների հետախուզական և հակահետախուզական ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող և բարձր որակավորում ունեցող ավագ սպայական կազմի ծառայողներին ավելի երկար ծառայելու հնարավորություն տալու հանգամանքով»: Արդյոք սա վկայությունն է այն բանի, որ ԱԱ մարմինները համալրած երիտասարդները չունեն բարձր որակավորում. և իրենց ծառայության ժամկետն ավարտած սպաներին զորացրելու դեպքում, չկան նրանց փոխարինողներ:

Այս նստաշրջանում հերթական անգամ բուռն քննարկումների տեղիք կտա նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հարցը: Եթե նախկինում նման առաջարկությամբ հանդես էր գալիս ՀՅԴ խմբակցությունը, հետո` ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, ապա այժմ ԲՀԿ-ականներն են առաջարկում նվազագույն աշխատավարձը սահմանել 75 հազար դրամ: Կառավարությունը, որ նոր է բարձրացրել նվազագույն աշխատավարձը, ասելու է, որ նման հնարավորություն չկա, իսկ ԲՀԿ-ականները կառավարությանը մեղադրելու են քաղաքացիների նվազագույն սոցալական խնդիրերը լուծելու անընդունակության մեջ:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս