ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը թևակոխել է վճռորոշ փուլ. Լիտվայի նախագահ
Լիտվական Delfi լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ընդգծել է, որ ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի համար վրա է հասել ճակատագրական պահը: Գրիբաուսկայտեն այսօր առավոտյան հանդիպել է Եվրախորհրդարանի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՄ-ի արտաքին քաղաքականության առավել այժմեական հարցերը, հիմնական ուշադրությունը հատկացվել է առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին:
Գրիբաուսկայտեն հայտարարել է. «ԵՄ-ի ու արևելյան գործըկերների միջև հարաբերություններում վրա է հասել վճռորոշ պահ: Մինչև վիլնյուսյան գագաթաժողով մնացել է ընդամենը երկու ամիս, դրա համար էլ շատ կարևոր է կատարել «տնային աշխատանքները»:
Դրանք պետք է կատարեն ինչպես ԵՄ-ը, այնպես էլ՝ գործընկեր-երկրները: Այդ գործընթացում զգալի դեր ունի նաև Եվրախորհրդարանը: Ներկայումս ԵՄ-ի միասնական դիրքորոշումը կարևոր է, ինչպես երբեք: ԵՄ-ը պետք է հստակ ուղերձ հղի այն մասին, որ «Արևելյան գործընկերության» երկրների հետ համագործակցությունը նշանակալից է ու անհրաժեշտ:
Վիլնյուսյան գագաթաժողովում կարևոր է սահմանել «Արևելյան գործընկերություն» ծրագրի ապագա նշաձողը, որպեսզի այն մնա գրավիչ»: