Բաժիններ՝

Խեղված ճակատագրեր. Մայրը հայտնվեց կալանավայրում, իսկ երեխաները՝ փողոցում

Սեպտեմբերի 1-ին փոքրիկ Սոնան ծնողների ձեռքից բռնած դպրոց չգնաց, այլ՝ կրկին տատի գրկի մեջ կծկված նստեց ճիշտ նույն փողոցի, նույն խանութի աստիճաններին, որտեղ հաճախ բաց երկնքի տակ գիշերներ է լուսացնում:

Սոնան տատի հետ Մաշտոց փողոցում մուրացկանություն է անում, ճիշտ նույն այն տատի, որի՝ Կիևյան կամրջից ինքնասպանության փորձը կանխել են տարածքով երթևեկող մեքենաների վարորդները: 70-ամյա տիկին Մանիկը հոգնել է այնքան, որ մահվան մասին է երազում: Իսկ տատիկի հետ փողոցներում ապրող, մուրացկանությամբ զբաղվող Սոնան դեռ նոր պիտի գիտակցի կյանքի արժեքը…

Soc-Luso (1)Պարզվում է` Սոնայի պես փողոցներում գիշերող երեք քույր ու երկու եղբայր էլ կան. տղաները քնում են ինտերնետ ակումբներում, իսկ քույրերը՝ դարձյալ փողոցներում, և թղթի վրա իրենց ձեռքով նկարած նկարները վաճառելով հացի գումար են վաստակում:
Երեխաների մայրը՝ Աննան (անունը փոխված է.- Լ.Ս.), 2001թ. ապօրինի ապրանքաշրջանառության հետ կապված մի պատմության թիրախում է հայտնվել, որի արդյունքում խարդախության հոդվածով դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման: Աննայի մորաքույրը տիկին Մանիկին առաջարկել է իր բնակարանը վաճառել և, բավական մեծ գումար պահանջելով, խոստացել է Աննային կալանքից ազատել:

Բնակարանը խաբեությամբ վաճառելով՝ այս ծեր կնոջը 5 երեխաների հետ փողոց են նետել: Իր տանը, ինչպես ինքն է ասում՝ «առոք-փառոք» ապրած տիկին Մանիկը երեք տարի առաջ 5 թոռնիկների հետ հայտնվել է փողոցում ու շուրջ 3 ամիս ապրել է Երևանյան լճի մոտ՝ բաց երկնքի տակ: Թե ինչերի միջով են անցել այս ծեր կինն ու անչափահաս երեխաները՝ դժվար է նկարագրել: Անձրևի, դաժան ցրտի պայմաններում ամիսներով փողոցում ապրած երեխաներից երկուսը թոքաբորբով տեղափոխվել են հիվանդանոց, որից հետո այնուամենայնիվ երեխաները հայտնվել են մանկատանը, իսկ տիկին Մանիկը շարունակել է ապրել փողոցներում:

Կարդացեք նաև

Տիկին Մանիկը թվարկում է պետական այն կառույցները, որոնց դռանն անչափահաս երեխաների հետ «չոքելով» ապաստան է խնդրել, բայց, որպես կանոն, «մարդկություն ունենալու» իր ամենօրյա խնդրանքները պաշտոնյաների կողմից արժանացել են անտարբերության: Ու ամեն անգամ պետական կառույցներին դիմելով՝ «թևաթափ» եղած վերադարձել է Մաշտոցի փողոց, որտեղի խանութներից մեկի աստիճաններին գիշերելու թույլտվություն ունեցել է: Ասում է՝ «Կառավարության դիմաց Սոնայիս հետ հացադուլի էի նստել: Չէին թողնում, վռնդում էին, բայց չէի գնում: Գիտե՞ս` քանի անգամ օրերով, սոված-ծարավ նստել եմ, ու էդ վայրենի ոստիկանները բռնի ուժով վռնդել են: Ասում էի՝ մի կացարան տվեք թոռնիկներիս հետ ապրեմ մինչև տեսնենք՝ ի՞նչ ա լինում: Մի օր Կառավարության շենքը հսկող ոստիկանները հարձակվեցին, բռնությամբ վայրենաբար դուրս շպրտեցին: Վեշերս ոտնատակ տվեցին, ավիրեցին, իսկ երեխուս նենց հրեցին, որ ընկավ, գլխի հարվածից աչքերի պրոբլեմ սկսվեց»:

Սոնան աչքերի շլություն ունի: Տեսողությունը նույնպես խաթարվել է: Մալայանի անվան Ակնաբուժության կենտրոնում վիրահատության համար մոտ 250.000 դրամ գումար են պահանջում, մինչդեռ փողոցներում ապրող Սոնան, ձեռքերը պարզած, անցորդներից 10 դրամանոցներ է խնդրում, որ հացի գումար վաստակի: Տիկին Մանիկն ինձ շատ բան չի պատմում, այլ ասում է՝ աղջկա հետ խոսեմ, ով շուրջ մեկ տարի է՝ ազատության մեջ է, բայց հինգ անչափահաս երեխաները շարունակում են դպրոց չգնալ և գիշերել փողոցներում, ինտերնետ ակումբների մուտքերի մոտ:

Աննան դժվարությամբ է համաձայնում ինձ հյուրընկալել, որովհետև մտավախություն ունի, որ ես էլ մյուսների պես ներխուժելու եմ իր անձնական կյանք, դատելու եմ ու ճիշտ ու սխալ եմ անելու: Մինչև հոկտեմբերի վերջ ծանոթներից մեկի տանը հանգրվանած 5 երեխաների մայրն ասում է, որ հեռուստատեսությամբ՝ թոք-շոուներից մեկին մասնակցելիս` ներկայացվել է իր պատմությունը: Եվրոպայում բնակվող ծանոթներից մեկը, տեսնելով Աննայի ու նրա երեխաների հետ կատարվածը, զանգահարել, առաջարկել է իր բնակարանում ժամանակավոր հանգրվանել: Մոտ 20 օր է՝ այդ տանն են գիշերում, բայց տան տերը մինչև հոկտեմբերի վերջ կվերադառնա, ու նրանք նորից կհայտնվեն փողոցում:

Աննան ասում է՝ «Եկել եք, որ խրա՞տ տաք, մեղադրե՞ք, դատե՞ք: Դրա պակասը չունեմ, ուր պտտվում եմ՝ դատում են»: «Չէ,- ասում եմ,- եկել եմ առաջարկելու, որ հինգ երեխաներին դպրոց ուղարկելու հարցերով միասին զբաղվենք»: Աննան ասում է՝ երեխաները հրաժարվում են դպրոց գնալ, և ինքն անզոր է նրանց ստիպել, քանի որ իր ու երեխաների միջև «պատերազմ» է սկսվում: «Գնում էին, բայց լուրջ խնդիրներ կան, չգիտեմ, խնդիրներն ավելի խորն են, քան պատկերացնում եք: Ամեն քայլափոխի երեխաներիս հիշեցնում են, որ դատված մայր ունեն: Երեխաներս խուսափում են մարդկանցից, ես էլ: Մենք մեկուսացած կյանքով ենք ապրում: Ես ուզում եմ մենակ մնալ, անկեղծ ասած՝ խոսելու ցանկություն չունեմ»,- ասում է նա: Հետո Աննան սկսում է լաց լինել ու իր երազանքի մասին է խոսում. «Ուզում եմ երեխաներիս համար առաջվա մայրը լինել»:

Soc-Luso (2)«Ես մամա ունեմ, որբ չեմ ու մանկատուն չեմ գնա»
Հյուրանոցային համալիրում մատուցողուհի աշխատող Աննան չի ցանկանում մեկնաբանել մոր և դստեր մուրացկանություն անելու փաստը: Չի ցանկանում մեկնաբանել նաև տղաների՝ ինտերնետ ակումբներում գիշերելու փաստը: «Երբ կալանավայրից դուրս եկա՝ գնալու տեղ չկար: Երեխաներիս հետ «Կոմայգու» կողքի տարածքի նստարանին էինք քնում՝ Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքում: Գոմիկները գալիս հայհոյանքներ էին տալիս, մեզ նեղացնում էին: Դեսպանատան անվտանգության աշխատակիցը խղճահարությունից չգիտեր ինչո՞վ օգնել: Խնդրում, ասում էի՝ մենակ մեզ պաշտպանեք դրանցից, որ չվնասեն: Նստարանին, դրսում, երեխաների հետգ Նորից նույն վիճակում կհայտնվենք, սարսափում եմ: Եվս մի քանի օրգ»,- պատմում է նա: Շաքարային դիաբետ հիվանդությամբ տառապող Աննան չգիտի` իր և երեխաների հետ ի՞նչ է լինելու: Տղաներից Էրիկը դպրոց չհաճախելու իր պատճառաբանությունն ունի.

«Ենթադրենք գնացինք, բայց հետո ո՞ւր ենք գալու, եթե ապրելու տեղ չունենք կամ որտե՞ղ, ծառի տա՞կ ենք դաս սովորելու: Եթե մենք հինգ երեխաներով գնանք դպրոց, ասեք խնդրեմ, դասից տուն վերադառնալիս որտե՞ղ ենք վերադառնալու, հավաքվելու, եթե փողոցներում ենք ապրում: Մենք մի քանի օր էլ էս տանը կմնանք ու նորից քաղաքի փողոցներով ենք ցրվելու»: Էրիկը վիրավորված է, որ բոլորը մանկատան ճանապարհն են ցույց տալիս, որովհետև այնտեղ մոր անազատության ժամանակ ապրել են, իսկ հիմագ «Մենք մամա ունենք, հասկանո՞ւմ եք, մենք որբ չենք ու ուզում ենք մեր մամայի հետ ապրենք: Մանկատանը էն երեխեքն են, ովքեր չունեն մամա, պապա, իսկ մենք մամա ունենք»,- ասում է նա:

Աննայի երեխաներից յուրաքանչյուրի աչքերում խեղված մի ճակատագիր է դաջված: 3 ամիս Երևանյան լճի տարածքում ապրած, այնուհետև՝ մուտքերում, օբյեկտների աստիճաններին գիշերած այս երեխաների հոգեբանությունը խաթարված, ջարդված է:

Ես չգիտեմ՝ ինչո՞ւ է հինգ երեխաների մայր Աննան շատ երկար ու արհեստական եղունգներ աճեցնում ու ոսկեգույն ներկում դրանք… Չգիտեմ նաև՝ ինչո՞ւ են փողոցում հայտնված հինգ երեխաներին նկատող մարդիկ Աննային տեսնելիս շրջվում թիկունքով: Չգիտեմ նաև ինչո՞ւ են մարդկանց տանում հեռուստաեթեր, խնդիրը լսում ու դատելով, ստորացնելով ճանապարհում… «Տարան տաղավար, նստացրին ու սկսեցինգ երկար եղունգներ ունեք, օծանելիք է բուրում, էնպես եք հագնվել, որ անապահովի տեսք չունեք»,- ասում է նա ու խնդրում է իրեն հանգիստ թողնել:

Հինգ երեխաների մայր Աննային դատել են դատավորները, հասարակությունը, սեփական երեխաները, ու բնավ չենք պատրաստվում մանրամասնել նրա աշխատանքի բնույթը, անձնական կյանքն ու կյանքի նկատմամբ նրա վերաբերմունքը: Այս կնոջ հինգ անչափահաս երեխաները փողոցում են, ծեր մայրը` նույնպես և ի տարբերություն այս երեխաների՝ մեր բախտը մի հարցում բերել է՝ մեր մայրերը կալանավայրում չեն հայտնվել, ու այդ հանգամանքը չի դարձել փողոցում հայտնվելու ճակատագրական քայլ: Փողոցներում գիշերող երեխաների մայրը մի բանի կարիք ունի, որ իրեն «ինչուների» փոխարեն հարցնեն՝ «ինչպե՞ս»:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս