Ինքնասպանությունները Հայաստանում
Ինքնասպանության թեման մեր երկրում չի ուսումնասիրվում՝ ոչ իշխանական, ոչ հասարակական, ոչ գիտական կառույցների կողմից: Մինչդեռ ինքնասպանության մասին լուրերը ԶԼՄ-ների ամենահիմնական թեմաներն են: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայստանում օրական երկու ինքնասպանություն և ինքնասպանության փորձ է արձանագրվում: Ինքնասպանության վիճակագրությունը մեր երկրում սկսեց հրապարակվել 1995-ից: Ամեն տարի ինքնասպանության տվյալները սպանությունների քանակական ցուցանիշի հետ տեղ էին գտնում երկրի սոցիալ-տնտեսական վիճակն արձանագրող տեղեկագրքերում:
Այդպես` մինչև 2005 թվականը: Հետագա տարիներին ինքնասպանությունների մասին տեղեկատվությունը տարեկան տեղեկագրքերում չի հրապարակվում: Հիմա այդ տվյալները կարելի է գտնել «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը հունվար-հունիս ամիսներին» և «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը հունվար-դեկտեմբեր ամիսներին» հաղորդագրություններում: Վերադառնանք նախկին տվյալներին. 1995թ. արձանագրվել էր 130 ինքնասպանություն: Դա էներգետիկ ճգնաժամի վերջին տարին էր: 1996-ից վերականգնվեց շուրջօրյա էներգամատակարարումը: Այդ տարի արձանագրվեց 87 ինքնասպանություն:
Իսկ հաջորդ տարվանից մինչև 2005թ. ինքնասպանությունների քանակը տարեկան տատանվում էր 57-77-ի միջև: Այդ տարիներին ինքնասպանությունների նվազագույն քանակը՝ 57 դեպք, հրապարակվել էր 2004 թվին, իսկ առավելագույնը 77 դեպք՝ 1997 թվին: 2005 թվից պաշտոնական տվյալների հրապարակումն ընդհատվեց: Ակնհայտ էր, որ այն հավաստի չէ: Վիճծառայությունը մի քանի տարի հետո տվյալների հետահայաց ճշգրտում մտցրեց: 2007թ. փոխվել էր ինքնասպանությունների հաշվարկի «մեթոդաբանությունը»: Հայտարարվեց, որ հիմք են ընդունվել ՀՀ Գլխավոր դատախազության տվյալները: Պատկերը շատ տխուր էր:
Փոխվել էին նախկին տարիներին հրապարակած թվերը: Պարզվեց, որ 2002 թվին նախկինում հայտարարված 74 ինքնասպանության փոխարեն եղել է 212 դեպք: 2003թ. հրապարակված 59-ի փոխարեն՝ 188 դեպք: 2004թ. 57-ի փոխարեն՝ 184, 2005թ. հրապարակված 66-ի փոխարեն ինքնասպանություն էր գործել 244 հայաստանցի: Անհասկանալի էր, թե ի՞նչ պատճառով է նախկինում մոտ 3 անգամ նվազեցվել ինքնասպանությունների քանակը: Նունքան անհասկանալի էր, թե իրականում ո՞ր թվերն են արժանահավատ:
Բայց այդ տարիներին ինքնասպանության թեման հասարակական քննարկումների թեմա դարձավ: Մտավորականները, հասարակական կազմակերպությունները, լրագրողները խոսում ու գրում էին այդ մասին: Ու հանկարծ (հանկարծ ու կրկին) ընդհատվեց ինքնասպանությունների քանակի մասին պաշտոնական տեղեկատվությունը: Այսօր մեր վիճակագրական ծառայության տվյալների բազայում հնարավոր չէ գտնել, թե քանի՞ ինքնասպանություն է արձանագրվել 2006 և 2007 թվականներին: Երբ վերականգնվեց ընդհատած վիճակագրությունը, պարզվեց, որ 2009թ. ինքնասպան է եղել 197 մարդ, 2010թ.՝ 225 մարդ, 2011թ.՝ 195 մարդ, 2012թ.՝ 214 մարդ: Վիճակագրության ծառայությունը լրացուցիչ տեղեկացրեց, որ այս տարիների տվյալների համար հիմք են ընդունվել ոչ թե ՀՀ Գլխավոր դատախազության, այլ ՀՀ Ոստիկանության տվյալները:
Բնականաբար, ոչ մի բացատրության չկար, թե ինչու էր հերթական անգամ փոխվել «մեթոդաբանությունը» և ինչու էին դատախազության տվյալներն անարժանահավատ գնահատվել: Մինչև 2009թ. տվյալները հրապարակելիս լրացուցիչ մեկ փաստ էլ էր նշվում՝ թե ինքնասպաններից քանիսն են կին, քանիսը` տղամարդ: Հրապարակված բոլոր տվյալների համաձայն` Հայաստանում ինքնասպանների 75-80 տոկոսը տղամարդիկ են: 2009 թվից հետո վիճակագրությունն ավելի մանրամասն է:
Այն ներկայացվում է և սեռային, և տարիքային կտրվածքով: Նշվում է մինչև 17 տարեկան, 18-29 տարեկան, 30-65 տարեկան և 65-ից բարձր տարիք ունեցողների կտրվածքով: Հայաստանում ինքնասպանների մոտ 55 տոկոսը 30-65 տարեկան են, իսկ 65-ի բարձր տարիք ունեցողները կազմում են 23-25 տոկոս: Սա առ ոչինչ է անում այն թյուր պատկերացումը, թե ինքնասպանությունը դեռահասներին բնորոշ երևույթ է: Պարզապես մնում է արձանագրել, որ այս թեման մասնագիտական ուսումնասիրության չի արժանանում ոչ մի ոլորտում: Տարածված կարծիքի համաձայն ինքնասպանությունների պատճառը ծանր սոցիալական վիճակն է: Ու վերջ: Մինչդեռ այն ժողովրդագրական կայուն ցուցանիշներ է արձանագրել: Արձանագրել ու պահպանում է:
Որպես կանոն՝ ինքնասպանության փորձերի մոտ մեկ երրորդը հանգեցնում է մահվան: Միջին տվյալներով, յուրաքանչյուր 3 օրվա ընթացքում երկու ինքնասպանություն է արձանագրվում: Կայունության ևս մեկ փաստ. անցած տարի ինքնասպանության 214 դեպք է արձանագրվել, իսկ այս տարվա առաջին վեց ամիսներին՝ 107: Ուղիղ կեսը` անհավանական ու անտանելի հավասարություն, որ ոչ մեկիս ուշադրությանը չի արժանանում:
«168 ԺԱՄ»