Բաժիններ՝

Ծաղկալանջում գրանցվել է ջրից թունավորում. 10 հոգի դեռ հիվանդանոցում է

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում արդեն չորս օր է՝ արտակարգ դրություն է: Գյուղի ավելի քան երկու տասնյակ բնակիչներ աղբյուրի ջրից թունավորվել են և գտնվում են Էջմիածնի ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Շատերը ստացել են առաջին բուժօգնություն և մնացած բուժումները տանն են ստանում: Հիվանդանոցում առավել ծանր դեպքերն են՝ շուրջ 10 հոգի, սակայն նրանց վիճակը բժիշկները նորմալ են գնահատում: 168.am-ի հետ զրույցում բժիշկներն ասացին, որ իրավիճակը նորմալ է, շատերի ջերմությունն իջել է, և անհանգստանալու կարիք չկա:

Զանգվածային թունավորումներն սկսվել են 4 օր առաջ: Նախաշանները բոլորի դեպքում նույնն են եղել՝  բարձր ջերմություն, թուլություն, սրտխառնոց և լուծ:

Տիկին Գայանեի երկու թոռնիկներն այժմ հիվանդանոցում պառկած են: «Բժիշկ կանչեցինք, որովհետև երեխեքի հետ նախկինում նման բան չէր եղել: Ջերմությունը չափեցինք 39 աստիճան էր, թուլացել-ընկել էին, փորները ցավում էին ու անընդհատ հետ էին տալիս: Բժիշկները եկան ասացին, որ թունավորում է: Մտածեցինք՝ ձմերուկ- եմիշից է: Հետո արդեն պարզվեց՝ ջրից է, ջուրն է թունավորված»,- ասում է տիկին Գայանեն:

«Որ ստուգումներ կատարեցին, ասացին՝ ջուր չխմենք, վտանգավոր է»,- ասում է տիկին Մարիան` ավելացնելով, որ այժմ ջուրը եռացնում են, հետո սառեցնում ու վախենալով խմում: Գյուղի բնակիչները հավաստիացնում են, որ ջրի խողովակների հետ կապված խնդիրը նոր չէ:

Որ խողովակները փտած են` տեղյակ են եղել թե՛ գյուղապետարանում, թե՛ ջրմուղում: Գյուղացիները մի քանի անգամ զգուշացրել են, սակայն՝ ապարդյուն: Ջրմուղից այդպես էլ չեն արձագանքել: Մի քանի ամիս առաջ գյուղում վթար է տեղի ունեցել: Արդեն փտած խողովակները չեն դիմացել ու պայթել են: Ջրմուղից կրկին անձագանք չի եղել: Գյուղացիները սեփական ուժերով փաթաթել են խողովակները, որպեսզի կարողանան ջուր ստանալ: Գյուղի մի քանի հատվածներում խմելու ջրի և կոյուղու խողովակներն իրար կպած են, վթարից հետո երկու խողովակները միմյանց են խառնվել ու չի բացառվում, որ ծորակից բնակիչները կոյուղու ջուր են խմել:

«Ծորակի ջորից կարմիր որդեր էին գալիս: Մենք նման բան դեռ չէինք տեսել»,- պատմում են գյուղացիները: Մի մասն էլ հավաստիացնում է, որ խողովակի բաց տարածքում կատու է սատկել և ջրի թունավորումը նաև դրանով է պայմանավորված:

Գյուղում հայտարարված արտակարգ դրությունը դեռ ուժի մեջ է. հակահամաճարակաբանության տեսչության ներկայացուցիչներն արդեն ստուգումներ են իրականացրել և հաստատել, որ թունավորումների պատճառը ջուրն է: Մինչ այդ, ձեռքերը ծալած ջրմուղի աշխատակիցներն արդեն իրար են խառնվել: Ծաղկալանջում զարմացել են, երբ տեսել են, որ ջրմուղն աշխատակիցներ էլ ունի և նրանք գործ են անում: Ծաղկալանջի բնակիչ Սարգիսն ասում է, որ խոստացել են սեղմ ժամկետներում խողովակները փոխել, սակայն դեռ չորս օր է՝ որևէ տեղաշարժ չկա: «Երկրորդ օրը եկան, ստուգեցին, ինչ-որ չափումներ արեցին, մի քանի բան գրեցին, հաջորդ օրն էլ եկան-ասացին՝ կփոխենք: Բայց դեռ ձեն-ձուն չկա»,- ասում է  նա:

Մենք փորձեցինք կապ հաստատել գյուղին սպասարկող ջրմուղի ներկայացուցիչների հետ, սակայն գրասենյակի հեռախոսը ոչ ոք չէր վերցնում:

ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս