Բաժիններ՝

Ե՞րբ են վերսկսվելու բնակարանաշինության աշխատանքները Շիրակի մարզում

Բաց նամակ ՀՀ իշխանություններին

Սեպտեմբերի 4-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ներկայացրեց Շիրակի մարզում և մարզկենտրոնում առկա բնակարանային շինության և անօթևանների հետ կապված հիմնախնդիրների վերաբերյալ ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանին,  վարչապետ Տիգրան Սարգսյանին և  քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին ուղղված բաց նամակը: Նամակում «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ն, արձանագրելով, որ ՀՀ բարձրագույն իշխանությունները քաջատեղյակ են իրավիճակի հետ կապված փաստերին, նշում է, որ դեռ անցյալ տարի Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների համար 1756 բնակարաններով շահագործված  Մուշ 2/2 նորակառույց թաղամասն ամբողջովին բնակեցված չէ, և ներկայումս աղետի գոտում բնակարանաշինությունն ամբողջովին սառեցված է:

Մուշ 2/2 թաղամասի նորակառույցների մեծ մասը գազիֆիկացված չէ, իսկ բնակիչների մի մասին էլ ինչ-ինչ պատճառներով չի թույլատրվում օգտվել ջեռուցման սարքերից: Նամակում նշվում է նաև, որ նորակառույցների բնակիչներին մինչ օրս հնարավորություն չի տրվել սեփականաշնորհել ստացած նոր բնակարանները:

Անցյալ տարի իշխանությունները, ինչպես Գյումրիի, այնպես էլ Ախուրյանի և մարզի այլ գյուղական համայնքների` երկրաշարժի հետևանքով անօթևանների հերթացուցակում հաշվառված, վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում  և շենք-շինություններում մի կերպ ապրող բազմաթիվ ընտանիքներին խոստացել էին շարունակել բնակարանային շինությունը և 2012-2013 թվականներին շահագործման հանձնել Գյումրիում` 400- 450, Ախուրյանում`130-140, Շիրակի մարզի այլ գյուղական համայնքներում էլ` տասնյակ բնակարաններ: Սակայն մոտ մի տարի է, ինչ մարզում շինարարական աշխատանքները դադարեցված են և անհայտ է, թե ե՞րբ են այդ աշխատանքները վերսկսվելու:

Կարդացեք նաև

«Շիրակ Կենտրոնը» ցանկանում է իշխանություններից իմանալ, թե ե՞րբ են վերսկսվելու շինարարական աշխատանքները և վերջապես ե՞րբ են Մուշ 2/2 նորակառույց թաղամասում շտկվելու շինարարական թերությունները: Մամուլի ասուլիսի ժամանակ քննարկվեց նաև «Գլենդել Հիլզի» կողմից շինարարական աշխատանքների դադարեցման հարցը: Դադարեցման հնարավոր վարկածներից մեկն էլ այն էր, որ գումարներն ուղղակի ծախսվել են ոչ նպատակային, և ներկայումս ֆինանսական խնդրի պատճառով շինարարական աշխատանքները չեն վերսկսվում. ««Գլենդել Հիլզը» սպառել է իր նկատմամբ եղած վստահությունը»,- նշեց Վ. Թումասյանը: Քննարկվեց նաև մարզում անօթևանների խնդրի լուծման համար բոլոր հնարավոր միջոցներով՝ հեռուստամարաթոնների, և այլ միջոցառումների միջոցով գումարներ հավաքագրելու հարցը, որոնցից ստացված գումարները կուղղվեն Շիրակի մարզ և Գյումրի:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս