Բաժիններ՝

Գայ գյուղի ճանապարհները վերջին անգամ նորոգվել են 50 տարի առաջ

Թե երբ Արմավիրի մարզի Գայ համայնքի ճանապարհները կասֆալտապատվեն` դժվար է ասել: Կառավարությունը միջհամայնքային ճանապարհների համար գումար չի տրամադրում, իսկ համայնքին տրամադրվող բյուջեն չի բավականացնում նման ծավալուն շինարարություն իրականացնելու համար:

Բացի դրանից՝ դեռ Գայից Մասիս քաղաք տանող ճանապարհը պետք է ասֆալտապատվի, սակայն ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունից հստակ ժամանակ չեն նշում, թե 450 մետր միջպետական ճանապարհահատվածը ե՞րբ կնորոգվի:

Գայ համայնքի գյուղապետ Սեյրան Մարկոսյանը գյուղի ճանապարհների հարցով այլևս  չի դիմում ո՛չ մարզպետարանին, ոչ էլ կառավարությանը: Ասում է՝ չի դիմում, որովհետև պատասխանը լսել է բազմիցս, այն է՝ փող չկա, որ գյուղի ճանապարհները նորոգենք:

Գայ գյուղի ճանապարհները վերջին անգամ ասֆալտապատվել են խորհրդային տարիներին` 40-50 տարի առաջ: Հիմա այն դժվար է ճանապարհ անվանել: «Լադոկներ», կարկատան ասֆալտ, քարքարոտ, քերած ճանապարհներ, սարսափելի հողոտ ու փոշոտ փողոցներ, տեղ-տեղ շեբեն… Անձրևից հետո համայնքի փողոցները ցեխոտվում են, ու կեղտից փրկվելու լավագույն տարբերակը ռետինե երկարաճիտ կոշիկներ հագնելն է, բայց ռետինե կոշիկներով դժվար է գնալ աշխատանքի, հյուր կամ դպրոց:

Կարդացեք նաև

«Դե, դրանք ի՞նչ ճանապարհ, ո՛չ ճանապարհի տեսք ունեն, ո՛չ ունեցել են, մինչև գյուղ ենք հասնում` մեքենաները ջարդուխուրդ են լինում: Համարյա ամեն օր գյուղացիները գալիս, բողոքում են ճանապարհներից, բայց ես բացատրում եմ, որ մեր բյուջեն չի բավականացնի անգամ մի քանի փողոց ասֆալտապատելու համար»,- ասում է գյուղապետը` ավելացնելով, որ պետք է մի քանի տարի բյուջեով իրենց հատկացվող գումարին ձեռք չտան, որպեսզի ճանապարհներն ասֆալտապատեն:

Հարցին, թե արդյոք սխալ չէ՞ կառավարության որոշումը, որ միջհամայնքային ճանապարհների ասֆալտապատումը թողնում են համայնքի վրա, սակայն անհրաժեշտ գումար չի տրամադրվում, գյուղապետը պատասխանեց. «Դե, դուք ինձանից լավ գիտեք: Բա իհարկե, չենք կարողանում մեր միջոցներով ճանապարհներն ասֆալտապատել, կառավարությունից էլ փող չկա: Կներեք, ինձ մոտ մարդիկ եկան, ես էլ չեմ կարող խոսել, հաջողություն»,- ասաց գյուղապետն ու հեռախոսն անջատեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս