Վերջակետ բաց հանքին
«Դանդի փրիշս մեթալս Կապան» փակ ԲԸ-ն Կապանում բաց հանք չի բացելու: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Նրա խոսքով, վերջին օրերին հանդիպել է սեփականատերերի հետ:
«Ես որոշեցի այսօր հայտարություն անեմ, որ տարաձայնությունները վերանան: Նկատի առնելով վերջին 6 տարվա հորատման արդյունքները, նկատի առենլով, որ մենք զանազան մոտեցումներ ունենք, ես այսօր ուրախ եմ հայտարարել, որ «Դանդի փրիշս մեթալզ»-ը որոշել է հանքը շահագործել միայն ստորգետնյա պայմաններով: Շահումյանի տարածքում բաց հանք չպիտի լինի, մենք հետաքրքրված չենք Շահումյանի տարածքում բաց հանք ունենալ և հանքի օգտագործման միակ մեթոդը պետք է լինի ստորգետնյա պայմաններով»,- ասաց նա:
Այս հայտարարությունն արդեն թեժ քննարկվում է «Ֆեյսբուքում»: Օգտատեր Սասուն Մանուկյանը գրել է, որ երբ նախկին տնօրեն Ռոբերտ Ֆալլետան 2007թ. հայտարարեց բաց հանքի մասին, ոմանք շահեցին:
«Մի խումբ մարդկանց դա առիթ տվեց շուրջ 6 տարի գրանտների միջոցով, իբր թե պայքար մղել այս ծրագրի դեմ: Այսօր այս ամենի վերջի օրն է: Ի սկզբանե Հրաչը ասում էր, որ դա հնարավոր է քննարկվի միայն այն դեպքում, եթե բնակչությունը համաձայնվի: Ինչևէ, նախապես անեմ մի դիտարկում` որևէ, մեկը թող չփորձի այս որոշում կապել իր չակերտավոր գործունեության հետ: Դա եղել է բացառապես տնօրենի հաստատկամ որոշումը ու նա դա արել է հարցը տարբեր առիթներով կապանցիների հետ քննարկելուց հետո: Այնպես որ՝ այլ թեմա մտածեք, այսօր այս էջը փակվեց…»,- գրել է օգտատերը: